Երկու ամիս է՝ մամուլում պարբերաբար լուրեր են շրջանառվում ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված համաներման վերաբերյալ: Մինչ օրս ենթադրվում է, որ համապատասխան նախագիծը խորհրդարան կուղարկվի նոյեմբերի սկզբին: Հիշեցնենք, որ նոյեմբերի 26-ին նախատեսված է ՀՀԿ համագումարը, եւ իշխանությունները ծրագրում են համաներումն ընդունել մինչ այդ:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ համաներման ձգձգումը պայմանավորված է այն հանգամանքով, որ իշխանությունները դեռ չեն հստակեցրել, թե ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբավորման անդամների դեպքում համաներումն ինչ ազդեցություն կունենա: Բացառված չէ, որ համաներմամբ խմբավորման անդամների մի մասը եւս ազատ արձակվի: Ու երբ այս խնդրի հետ կապված քաղաքական որոշումը կայացվի, հնարավոր կլինի համաներման նախագիծը վերջնական տեսքով նախագահականից ուղարկել խորհրդարան: