Հավանություն է տրվել վարկային համաձայնագրի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Հայաստան-Վրաստան սահմանային տարածաշրջանային ճանապարհի (Մ6 Վանաձոր-Բագրատաշեն) բարելավման ծրագիր» վարկային համաձայնագրի նախագծին: Համաձայնագրով նախատեսվում է ՀՀ-ին տրամադրել վարկ` 50 մլն ԱՄՆ դոլարին համարժեք եվրոյի չափով: Ծրագրի նպատակն է վերակառուցել և բարելավել մոտ 51.5 կմ ընդհանուր երկարությամբ Հայաստանի հյուսիսում՝ Վանաձորից Ալավերդիով դեպի Վրաստանի սահման՝ Բագրատաշեն, գնացող երկշարք M6 մայրուղին: Ծրագիրը կնպաստի սոցիալական ծառայությունների, գյուղատնտեսության, տուրիզմի և զբաղվածության հասանելիության բարելավմանը՝ նվազեցնելով տնտեսական և սոցիալական տարածաշրջանային անհամապատասխանությունները:

Գործադիրը փոփոխություն է կատարել 2008թ. ապրիլի 4-ի՝ «Այն պետությունների ցանկը հաստատելու մասին, որոնց քաղաքացիները ՀՀ մուտքի վիզա ստանալու համար կարող են դիմել միայն օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններ և հյուպատոսական հիմնարկներ և միայն հրավերի հիման վրա» որոշման մեջ՝ համապատասխան կետից հանելով «Չինաստանի» բառը:

Նման փոփոխության անհրաժեշտությունը պայմանավորված է 2015թ.-ից ի վեր ՀՀ այցելող ՉԺՀ քաղաքացիների թվի կտրուկ աճով. 2015թ. նախորդ տարվա համեմատությամբ գրանցվել է շուրջ 70 տոկոս, իսկ 2016թ. 5 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ՝ 80 տոկոս աճ: Հիմնավորման համաձայն, ՉԺՀ քաղաքացիներին ՀՀ մուտքի արտոնագրի տրամադրման մերժման դեպքերը գրեթե բացակայում են: Ներկայումս ՉԺՀ քաղաքացիներին ՀՀ մուտքի արտոնագրի տրամադրման միակ բարդությունը կապված է երկրի աշխարհագրական չափերի հետ, ինչը դժվարություն է ստեղծում մայրաքաղաքից հեռու բնակվող ՉԺՀ քաղաքացիների համար:

Նշված խնդրի արդյունավետ լուծման տարբերակ կարող է հանդիսանալ ՉԺՀ քաղաքացիներին E-VISA համակարգից օգտվելու հնարավորության ընձեռումը, ինչը կնպաստի, մասնավորապես, ՀՀ այցելող ՉԺՀ քաղաքացիների թվի աճին:




Լրահոս