«Հարց բարձրացվել է, որ Ադրբեջանը դիմում է գործողությունների». ինչ հարցեր են քննարկվել Արցախի անվտանգության խորհրդի նիստում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն հայտնել էինք, որ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն այսօր Անվտանգության խորհրդի նիստ էր հրավիրել, որի ժամանակ քննարկվել են բանակաշինությանը վերաբերող մի շարք հարցեր: Այնուամենայնիվ, ArmLur.am-ը փորձեց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանից պարզել, թե որքանով այդ նիստը կապ ունի Ադրբեջանում սկսված զորավարժությունների և ադրբեջանական բանակի նախահարձակ գործողությունների հետ:

– Պարո‘ն Բաբայան, Անվտանգության խորհրդի նիստ հրավիրելը որքանո՞վ կապ ունի Ադրբեջանում անցկացվող զորավարժությունների և ադրբեջանական բանակի գործողությունների հետ:

– Առանձնակի կապ չունի, ուղղակի ծրագրավորված, նախատեսված նիստ էր: Ինչպես գիտեք, անվտանգության խորհրդի  նիստերը միշտ լինում են ծրագրավորված, հարցերը, որոնք պետք է ներառված լինեն այդ օրակարգի մեջ, ներառվում են նախօրոք: Առանձնակի որևէ կապ այդ իրադարձությունների հետ չունի:

– Ասացիք, որ այդ նիստը կապ չունի նշված հարցերի հետ, բայց, այնուամենայնիվ, ի՞նչ հանձնարարականներ են հնչել:

– Գլխավորը բանակաշինությանն էր վերաբերվում այդ նիստը: Իհարկե, այդ հարցերը, որոնք քննարկվել են, տարբեր են, բայց ես չեմ կարող փակագծեր բացել: Իհարկե հարց բարձրացվել է, որ Ադրբեջանը դիմում է նման գործողությունների, բայց դրան չէր նվիրված:

– Իսկ այդ զորավարժությունները, ըստ Ձեզ, ի՞նչ նպատակ են հետապնդում:

– Իրադարձություններն առանձնակի նպատակ չունեն: Դա Ադրբեջանի  էությունն է, մի պետություն, որն ահաբեկչական է իր էությամբ, ֆաշիստական է, պետք է այդպիսի քաղաքականություն վարի: Իհարկե, կան որոշ հանգամանքներ, որոնք նպաստում են ագրեսիային, առաջին հերթին դա այդ երկրի ներքին իրավիճակն է, սոցիալ-տնտեսական ցուցանիշների անկումը, բնակչության կենսամակարդակի անկումը, ինչպես նաև Ղարաբաղյան հակամարտությունն ուժային տարբերակով լուծելու անհնարինությունը և դա ևս մեկ անգամ ապացուցվեց ապրիլյան պատերազմով: Ալիևյան կլանը, փաստորեն, հավերաժացնում է իր իշխանությունն Ադրբեջանում` հիմնադրելով խանություն:

զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը




Լրահոս