«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը չեղարկել է իր նախորդի, կուսակցի՝ Արամայիս Գրիգորյանի պաշտոնավարման օրոք կայացված 610 մլն դրամի չափով վարչական տույժ կիրառելու որոշումը: Այսպես՝ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից օգոստոսի 5-ին «Հայր եւ որդի Բունիաթյաններ» ընկերության նկատմամբ կայացվել է շրջակա միջավայրին հասցված վնասի հատուցման որոշում, ինչին ընկերության հիմնադիրը համաձայն չի եղել:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում հիմնադիր Արմեն Բունիաթյանը հայտնեց, որ եթե չվիճարկեր եւ վճարեր սահմանված տույժը, ընկերությունը ուղղակի կսնանկանար: Թե ինչու է Արամայիս Գրիգորյանն արհեստական խոչընդոտներ ստեղծել գործարարի համար, հուսանք` մի օր կիմանանք»: