ԱՐԴՅՈ՞Ք ԱՅՍ ԱՆԳԱՄ ԿԼՈՒԾՎԻ ԽՆԴԻՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած կառավարության նիստի ժամանակ, անդրադառնալով գյուղական բնակավայրերում տրանսպորտի աշխատանքի կազմակերպման խնդիրներին, ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը եւ ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությանը հանձնարարեց մարզպետների հետ համատեղ ուսումնասիրել բարձրացված հարցը՝ չսահմանափակվելով միայն Երեւանի մերձակա գյուղերում տրանսպորտի սպասարկման խնդրով: Հանձնարարականը կատարողները մասնավորապես պետք է ներկայացնեն այն բնակավայրերի ցանկը, որտեղ տրանսպորտային սպասարկում ընդհանրապես չի իրականացվում՝ նշելով դրա պատճառները, ինչպես նաեւ ներկայացնելով վերոնշյալ խնդիրների վերջնական կարգավորման հստակ առաջարկություններ:

Անցել է մոտ երեք շաբաթ: «Ժողովուրդ»-ը փորձեց գնալ հանձնարարականի հետքերով եւ պարզել, թե մինչ օրս ինչպիսի ուսումնասիրություններ են կատարվել, եւ ի՞նչ արդյունքի են հանգել: ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության տրանսպորտի վարչության պետի տեղակալ Դավիթ Մելքոնյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ իրենք արդեն կառավարությանն են ներկայացրել երկու առաջարկ: Առաջինը` ընդհանրապես վերացնել երթուղի սպասարկելու համար պահանջվող տուրքը (նախկինում կոչվում էր լիցենզիայի տուրք, անցած տարվա հունվարից այն փոխվեց, դարձավ երթուղին սպասարկելու համար տուրք), որը տարեկան կազմում է շուրջ 100 հազար դրամ: Մելքոնյանի խոսքով` դա մեկ մեքենայով փոխադրումներ իրականացնողներին կազատի մեծ բեռից եւ միեւնույն ժամանակ փոխադրումների բնագավառում հավասար դաշտ կապահովի. «Այսինքն՝ այսպես էր, եթե ես մեկ հատ ներմարզային երթուղի էի սպասարկում մեկ մեքենայով, պարտավոր էի 100 հազար դրամ տարեկան գումար վճարել, բայց կար նաեւ այնպիսի մեկը, որը սպասարկում էր թե՛ միջմարզային, թե՛ ներմարզային երթուղին, նա էլ էր 100 հազար դրամ տուրք վճարում, դա արդեն տնտեսապես ոչ ճիշտ քաղաքականություն էր, դրա համար մենք առաջարկեցինք, որ այդ տուրքը ընդհանրապես հանվի»,- պարզաբանեց Մելքոնյանը եւ վստահեցրեց, որ այդ քայլը կխրախուսի մեկ մեքենայով փոխադրումներ իրականացնողներին:
Երկրորդ առաջարկը վերաբերում է պահուստային տրանսպորտային միջոց ունենալուն: Այն փոխադրողները, որոնք մեկ մեքենայով ներմարզային փոխադրումներ են իրականացնելու, նրանց համար պահուստային տրանսպորտային միջոցի պարտադիր պահանջը առաջարկվում է հանել` նկատի ունենալով օրենքի սահմանումը, որ եթե տրանսպորտային միջոցը խափանված է, ապա ամեն դեպքում պետք է փոխադրումը իրականացվի, չվացուցակի խախտում չպետք է թույլ տրվի: Եթե անգամ ճանապարհին է խափանվում, փոխադրողը պարտավորություն ունի մեկ ուրիշ տրանսպորտային միջոցով այդ ուղեւորների տեղափոխումը մինչեւ վերջնակետ ապահովել. «Շատ ժամանակ այդ պահուստային տրանսպորտային միջոցը բավականին մեծ խոչընդոտ էր առաջացնում, ուղղակի ֆորմալ բնույթ էր կրում, այդ մեքենաները փաստացի չկային, չէին լինում հիմնականում, դրա համար մենք փոխադրողին ազատում ենք այդ լրացուցիչ ծանրաբեռնվածությունից: Փոխադրողը կա՛մ պետք է ձեռք բերեր լրացուցիչ մեքենա, կա՛մ պետք է գնար, վարձակալեր»,- նկատում է Մելքոնյանը՝ չմասնավորեցնելով, սական թե ինչպես է լուծվելու խափանման դեպքում ուղեւորափոխադրումն ապահովելու խնդիրը:
Քննարկումների արդյունքում որոշ համայնքների համար էլ պայմանավորվածություն է ձեռք բերվել խոշոր փոխադրողների հետ, որոնք իրականացնում են նաեւ միջմարզային կամ միջքաղաքային փոխադրումներ: Նրանց ուղեգծում կային համայնքներ, որոնք, սակայն, չէին սպասարկվում, նախնական պայմանավորվածության համաձայն՝ արդեն սպասարկվելու են: «Եւ, իհարկե, կան որոշակի համայնքներ որտեղ որ ունենք ճանապարհի խնդիր, այսինքն՝ ճանապարհի ծածկույթը այնպիսի վատ վիճակում է, որ այդտեղ փոխադրում կազմակերպելը գրեթե հնարավոր չէ»,- ասում է Դավիթ Մելքոնյանը: Մեր հարցին` մի՞թե ճանապարհների բարեկարգման աշխատանքներով էլ չպետք է զբաղվի իրենց գերատեսչությունը, նա պարզաբանում է.«Կան ճանապարհներ, որոնք մեր իրավասության տակ են, կան այնպիսիք, որ համայնքների կամ մարզպետարանների իրավասության մեջ են մտնում, դրա համար դեռ ճանապարհների մասին չեմ ցանկանա որեւիցե հստակ բան ասել: Բոլոր խնդիրները մեր մոտ արձանագրում ենք ըստ հանձնարարականի՝ ինչո՞ւ, որտե՞ղ, ի՞նչ միջոցառումներ պետք է իրականացվեն: Այնտեղ, որտեղ մենք անզոր ենք, այսինքն՝ չկա, օրինակ, ճանապարհ, դա հստակ պետք է նշվի եւ ներկայացվի կառավարությանը»:
Կան նաեւ այնպիսի համայնքներ, որտեղ բնակիչների թվաքանակն այնքան քիչ է, որ ուղեւորափոխադրումը գրեթե հնարավոր չէ կազմակերպել: Մելքոնյանի ներկայացմամբ՝ որոշ տեղերում մարզպետարանները փորձել են այդ համայնքներին սպասարկել, բայց արդյունք չեն ունեցել, որովհետեւ մեկ կամ երկու ուղեւոր է եղել:
Իսկ եթե հնարավոր է այդքանն անել, ինչո՞ւ մինչ օրս չի իրականացվել: Դավիթ Մելքոնյանը հարցին այսպես է պատասխանում. «Գիտեք, քանի որ ներմարզային փոխադրումները օրենքով սահմանված է, որ պետք է իրականացնեն համապատասխան մարզպետարանները, այսինքն՝ գյուղից դեպի մարզկենտրոն եւ հակառակ ուղղությամբ փոխադրումների կազմակերպման պատասխանատվությունը մասնավորապես դրված էր մարզպետների վրա, դա օրենքի պահանջ էր: Իհարկե, մենք պարբերաբար փորձել ենք աջակցել, այն համայնքները, որոնք, օրինակ, միջմարզային երթուղիների ուղեգծում են գտնվում, փորձել ենք ներառել մեր երթուղիներում, բայց որ մենք վերցնեինք եւ հանրապետության մարզերի փոխադրումները կազմակերպեինք, դա մեր իրավասություններից դուրս էր»:
Նշենք, որ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության համար հանձնարարականի կատարման վերջնաժամկետ է սահմանված նոյեմբերի 21-ը:

ՎԱՀԱԳՆ ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

 
ԱԼՅՈՒՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐՎՈՒՄ է

«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ սննդի եւ ալյուրի արտադրությամբ զբաղվող «Ատ գրեյն» ընկերությունը գտնվում է լուծարման գործընթացում: ՀՀ պետական ռեգիստրի տվյալներով՝ նշված ընկերությունը հիմնադրվել է 2009 թվականին Տիգրան Զաքարյանի եւ Արտյոմ Մակարյանի կողմից: Այն գործել է Լոռու մարզի Սպիտակ քաղաքում եւ զբաղվել սննդի արդյունաբերությամբ եւ ալյուրի արտադրությամբ: «Ատ գրեյն»-ը հիմնականում զբաղվել է ցորենի ու գարու ներկրմամբ:

«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի այս տարվա հոկտեմբերի 26-ի որոշմամբ «ԱՏ Գրեյն» ՍՊԸ-ն գտնվում է լուծարման գործընթացում: Հիշեցնենք, որ Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի հունիսի 6-ի վճռով «Ատ Գրեյն» ՍՊԸ-ն ճանաչվել էր սնանկ: Իսկ ընկերության պարտատերերն են՝ «Ամերիաբանկ» ԲԲԸ-ն, որին «Ատ գրեյն»-ը պարտք է 92 հազար 609 դոլար, ՀՀ պետբյուջեն՝ 500 հազար դրամ, «ՌԱՍՏՐ գործարան» ԲԲԸ-ն՝ 150 հազար դոլար եւ «Գազպրոմ Արմենիան» ՓԲԸ-ն՝ 2 մլն 554 հազար 154 դրամ: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ընկերության ֆինանսական խնդիրները սկսվել են 2014 թվականից, երբ Լոռու մարզում օպերատիվ հետախուզության վարչության Վանաձորի բաժինը բացահայտել էր ստվերում աշխատող մի քանի ընկերության գործունեություն: Ըստ այդմ, ապրանքը մատակարարից մինչեւ վաճառող եւ վերջնական գնորդ հասել էր առանց անհրաժեշտ փաստաթղթերի: «Ատ գրեյն» ընկերության դեպքում նույնպես այս իրավիճակն էր ստեղծվել. ընկերությանը պատկանող մեքենայում հայտնաբերվել էր 250 պարկ ցորենի թեփ, որը առաքվում էր Լոռու մարզի Ամրակից գյուղում գործող Ա/Ձ Աշոտ Մեսրոպյանին: Առաքողի խոսքերով` տեղափոխվող ապրանքի արժեքը կազմում էր 299 հազար 376 դրամ, եւ հենց այդ գումարի ՀԴՄ կտրոնն էլ դուրս էր գրվել: Սակայն պարզվել էր, որ ավտոմեքենան իրականում բեռնված է եղել 486 հազար դրամի ցորենի թեփով:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 
ԻՆՉՈՒ ՉԵՆ ԿԱՌՈՒՑՈՒՄ
Մեկ տարի առաջ՝ 2015թ. հոկտեմբերի 30-ին, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը Դիլիջանում կատարեց եկեղեցու հողօրհնեքի արարողություն, որով տրվեց եկեղեցու կառուցման ծրագրի մեկնարկը: Այդ միջոցառման ժամանակ հայտարարվեց, որ եկեղեցին կառուցվելու է Սուրբ Էջմիածնի, Դիլիջանի քաղաքապետարանի, Հայաստանի զարգացման հիմնադրամի համատեղ ջանքերով, Ռուբեն Վարդանյանի եւ Գագիկ Ադիբեկյանի բարերարությամբ: Անցել է մեկ տարի, սակայն Դիլիջանի եկեղեցու շինարարությունն այդպես էլ չի սկսվել: Դիլիջանի քահանա Տեր Շավարշ Սիմոնյանի վկայությամբ՝ դրա պատճառն այն է, որ եկեղեցու նախագծում փոփոխություններ պետք է կատարվեն: 16.200 բնակիչ ունեցող Դիլիջանում եկեղեցի չկա, արդեն 6 տարի Տեր Շավարշ քահանան հոգեւոր արարողություններ է կատարում «Թուֆենկյան» թանգարանային համալիրի մաս կազմող սենյակներից մեկում: Դրա համար Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմը «Թուֆենկյան» ընկերությանը ամսական վճարում է 90 հազար դրամ վարձ: Տավուշի թեմի հոգեւորականները չեն սիրում այդ մասին խոսել՝ մտավախություն ունենալով, որ խնդիրը բարձրաձայնելու դեպքում «Թուֆենկյան» ընկերությունը կարող է խզել վարձակալության պայմանագիըը: Ի դեպ, նշենք, որ ինքը՝ «Թուֆենկյան» ընկերությունը եւս բարեխիղճ կառուցապատող չէ: Դեռեւս 2007թ. Ջեյմս Թուֆենկյանը Դիլիջան քաղաքի կենտրոնում սկսել էր հյուրանոցի շինարարություն: 2009 թվականից, սակայն, կառույցի շինարարությունը դադարեցված է: Շինության հիմքից դուրս ցցված ամրանները դիլիջանյան խոնավությունից վաղուց ժանգոտել են: Հյուրանոցի հենապատը, որը կից է ճանապարհին, Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոցին, մասամբ քանդվել է: Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանն ասաց, որ ինքը զանգահարել է «Թուֆենկյան» ընկերության Հայաստանի ներկայացուցչին, առաջարկել, որ Դիլիջանի քաղաքապետարանը եւ «Թուֆենկյան» ընկերությունը համատեղ ֆինանսական ծախսերով նորոգեն հյուրանոցի հենապատը, վերջինս համաձայնել է, սակայն այդ նպատակով ոչինչ չի արել: Դիլիջան քաղաքի բնակիչները դժգոհ են, որ «Թուֆենկյան» ընկերությունը հյուրանոցի շինարարությունն այդպես էլ չի վերսկսում եւ քաղաքի կենտրոնում այդ տգեղ կիսակառույցը փչացնում է տուրիստական համբավ ունեցող Դիլիջանի արտաքին տեսքը:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս