«ՓՈՐՁՈՒՄ ԵՄ ԻՆՔՍ ԻՆՁ ԼՈՒՐՋ ՉՎԵՐԱԲԵՐՎԵԼ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը շարունակում է ընթերցողներին ներկայացնել բլից հարցազրույցների շարք հայ հայտնիների հետ: Ամեն անգամ մեր թիրախում հայտնվում են հանրության կողմից արդեն ճանաչված անձինք, որոնց մասին, թվում է, մարդիկ գիտեն ամեն ինչ: Սակայն կտրուկ, անսպասելի հարցերի ու դիպուկ, համարձակ պատասխանների շնորհիվ մեր հյուրերը բացահայտվում են նորովի: Մենք անդրադառնում ենք ինչպես գործնական, այնպես էլ անձնական թեմաների` հաճախ կատարելով փոքրիկ «գաղտնազերծումներ»: Հարցվողները երբեմն խոսում են նաեւ իրենց կյանքի՝ արդեն մոռացված, բայց ուշագրավ դրվագների մասին: Այս անգամ «Ժողովուրդ»-ը զրուցել է հաղորդավար, դերասան Մհեր Խաչատրյանի հետ, որը ճանաչում ձեռք բերեց հատկապես «Դոմինո» հումորային նախագծում Դոկտորի կերպարում նկարահանվելուց հետո: Իսկ մինչ այդ հեռուստադիտողներն արդեն հասցրել էին տեսնել նրան որպես «Արմքոմեդի» հաղորդման թղթակից-լրագրող: Մհերը հայտնի է նաեւ «Երեկոյան Երեւան» հաղորդումից:

-Մհե՛ր, մանկությունից եկած երազանք ունե՞ք:
-Այո՛, աշխարհով մեկ շրջագայելը: Այդ երազանքը, իհարկե, մի փոքր մասով է իրականացել, եթե հաշվի առնենք այն, թե քանի երկիր կա աշխարհում: Ես հասցրել եմ լինել Գերմանիայում, Չեխիայում, Ռուսաստանում, Վրաստանում, Իրանում:
-Մարդկանց հետ ծանոթանալիս՝ Ձեզ առաջինը հետաքրքրում է…
-Տվյալ անձը հումորի զգացում ունի, թե ոչ:
-Մի քանի բառով բնութագրե՛ք ինքներդ Ձեզ:
-Կբնութագրեմ մեկ բառով` նիհար:
-Ամենաանսպասելի առաջարկը, որ երբեւէ ստացել եք:
-Դա վերաբերում է «Դոմինո» սիթքոմում նկարահանվելուն:
-Փորձում եք շուտ մոռանալ…
-Այն պահերը, որոնք ինձ ընկճել են: Ձգտում եմ արագ հաղթահարել դրանք:
-Դեպք, որի մասին հիշելիս մինչեւ հիմա չեք կարողանում զսպել ծիծաղը:
-Կա նման դեպք, բայց պատմելու ենթակա չէ:
-Ձեր քայլերը, երբ Ձեզ ծաղրում են:
-Այդ պարագայում կարեւոր է, թե ով է ծաղրողը: Եթե նա այնպիսի մեկն է, որն արժանի է վատ պատասխանի, ապա վերջինս կստանա այդ պատասխանը, բայց հիմնականում փորձում եմ ինքս ինձ լուրջ չվերաբերվել. դա օգնում է մի շարք խնդիրներ թեթեւ տանել:
-Սիրելի աքսեսուար, որը միշտ Ձեզ հետ է:
-Կաշվից թեւնոցներ եմ շատ սիրում, հաճախ կրում եմ:
-Մեքենայի Ձեր սիրելի մակնիշը:
-Մեքենաներից առանձնապես գլուխ չեմ հանում, բայց եթե ընտրության առաջ կանգնած լինեմ, երեւի թե կգերադասեմ ջիպանման մեքենա, քանի որ Հայաստանում դրանով է հնարավոր երկար պտտվել, շրջագայել:
-Ձեր քայլերը, երբ հարաբերություններում հայտնաբերում եք ֆալշը:
-Նման բան դեռեւս չի եղել, բայց եթե լինի, կդադարեցնեմ շփումս:
-Ինչ էլ պատահի, Դուք անուղղելի…
-Անուղղելի երաժշտասեր եմ: Ցանկացած տրամադրությանս համար համապատասխան երաժշտություն անպայման գտնում եմ:
-Եթե 10 պատվիրաններին ավելացնելու լինեիք 11-րդը, ո՞րը դա կլիներ:
-Երեւի հենց այն, ինչ նոր ասացի. «Ինքդ քեզ շատ լուրջ մի՛ վերաբերվիր»:
-Կինը միշտ պետք է հիշի, որ…
-Դա շատ պարզ է, պետք է հիշի. որ ինքը կին է:
-Հայկական ավանդույթ, որը Ձեր սրտով է:
-Շատ կան այդպիսիք, օրինակ` ընտանիքի շուրջ համախմբվելու, ընտանիքը պահելու, կարեւորելու մեր ավանդույթը, կուլտուրան:
-Ամենաանարդար բանը, որ Ձեր մասին երբեւէ լսել եք:
-Այն, թե իբր միշտ տխուր եմ: Ասեմ, որ ես միշտ տխուր չեմ, ուղղակի դեմքիս արտահայտությունիցս ելնելով` շատերը նման եզրակացություն են անում:
-Մի բան, որով զբաղվում եք (զբաղվել եք), բայց այդ մասին քչերը գիտեն:
-Ժամանակին այկիդոյով եմ զբաղվել (ճապոնական մարտարվեստ), իսկ այժմ, օրինակ, գրական փորձեր եմ անում: Այդ մասին շատ չեմ բարձրաձայնում, քանի որ դա համարում եմ հոբբիի պես բան:
-Էկրանը կթողնեք այն ժամանակ, երբ…
-Երբ զգամ, որ էլ անելիք չունեմ:
-Կյանքի դասերից ամենալավը ո՞րն եք սերտել:
-Որ հարկավոր է շատ աշխատել ինքդ քեզ վրա, թե չէ կլճանաս:

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

 
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՐԿՐՈՐԴՆ Է
Նոյեմբերի 20-ին Մալթայի մայրաքաղաք Վալետայում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ 2016» երգի միջազգային մրցույթի ընթացքում Հայաստանը հանդես կգա երկրորդ համարի ներքո: Այս մասին տեղեկացնում է junioreurovision.tv-ն: Հիշեցնենք, որ Հայաստանն այս տարի կներկայացնեն Մերի Վարդանյանն ու Անահիտ Ադամյանը` «Տարբեր» անունը կրող դուետով (հեղինակներ` Նիկ Եգիբյան եւ Ավետ Բարսեղյան): Մեր պատվիրակներն արդեն մեկնել են Մալթա:

 

 

ՆՈՐ ԱԼԲՈՄ ԿԹՈՂԱՐԿԻ
Deep Purple բրիտանական ռոք խմբի նոր ձայնասկավառակը կթողարկվի 2017 թվականի փետրվարին: Ինչպես հայտնում է՝ ՏԱՍՍ-ը, այս մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է խմբի վոկալիստ Իեն Գիլանը: Նրա խոսքով` ալբոմը կդառնա նախորդ սկավառակի շարունակությունը. «Մենք նորովի բացահայտեցինք ազատության գաղափարը: Բոլորը գոհ մնացին այդ սկավառակից, եւ հաջորդը, հնարավոր է, գերազանցի դրան»,-ասել է երաժիշտը:
Նշենք, որ Գիլանը մեկնել է Ռուսաստան եւ պատրաստվում է հանդես գալ համերգներով՝ նոյեմբերի 15¬ին` Մոսկվայում եւ նոյեմբերի 17-ին՝ Սանկտ Պետերբուրգում: Խումբն իր պատմության ընթացքում թողարկել է 19 ստուդիական ալբոմ: Իսկ վերջին ալբոմը՝ “Now What?!”-ը, Deep Purple-ի երկրպագուների դատին էր հանձնվել 2013 թվականի գարնանը:

 

 

ՄՈՒՆԿԻ ԿՏԱՎԸ` 54 ՄԻԼԻՈՆՈՎ
Sotheby’s աճուրդի տունը 54.5 մլն դոլարով վաճառել է նորվեգացի հայտնի նկարիչ Էդվարդ Մունկի «Աղջիկները կամրջի վրա» կտավը: cbc.ca-ի փոխանցմամբ` աճուրդը կայացել է Նյու Յորքում: Նշվում է, որ Sotheby’s-ի փորձագետները կտավը գնահատել էին 50 մլն դոլար: Այնտեղ պատկերված են աղջիկներ՝ կանգնած գյուղակի գետի վրա գցված կամրջին:
Ի դեպ, նկարը ստեղծվել է 1902-ին, Օսգորստրանդում, որտեղ Մունկը սիրում էր անցկացնել իր ամառային օրերը: Ուշագրավ է, որ կտավն առաջին անգամ աճուրդում վաճառվել է 1997-ին` ընդամենը 7.7 մլն դոլարով, այնուհետեւ՝ 2008-ին` 30.8 մլն-ով:
Մունկի ամենաթանկ կտավը համարվում է հայտնի «Ճիչը» (1893 թ.), որը 2012-ին վաճառվել է 119.9 մլն դոլարով:
Հավելենք, որ Sotheby՚s¬ի արդի արվեստի աճուրդում վաճառվել է նաեւ Պաբլո Պիկասոյի «Նկարիչը եւ բնորդը» գործը (1960թ.)` 12,9 մլն դոլարով:




Լրահոս