Նոյեմբերի 28-ին գումարվելու է ՀՀ ԱԺ արտահերթ նիստ, որի օրակարգում ի թիվս այլ հարցերի, քննարկվելու է «ԱԺ կանոնակարգ»-ի մասին օրենքում փոփոխություններ կատարելու հարցը: Օրենքում մի շարք փոփոխություններ են նախատեսված իրականացնել:
Օրինակ, նախատեսվում է երկարաձգել պատգամավորների հայտարարության համար նախատեսված ժամը: Հայտարարությունները նախատեսվում է սկսել յուրաքանչյուր երեքշաբթի օրվա վերջին հիմնական նիստում (ներկայումս՝ դրանք սկսվում են յուրաքանչյուր երեքշաբթի օրը՝ ժամը 17-ից): Առաջարկվում է հայտարարությունների համար նախատեսված նիստն ավարտել հերթագրված բոլոր պատգամավորների հանդես գալուց հետո՝ առանց ժամկետային սահմանափակման, եւ ըստ այդմ՝ հանել հայտարարությունների հաջորդականությանը վերաբերվող դրույթները:
Խմբակցություններին առնչվող կարգավորումները ենթարկվել են էական փոփոխությունների, որոնցից են այն` սահմանվել է, որ խմբակցությունում ընդգրկվում են միեւնույն կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակով մանդատ ստացած պատգամավորները և ըստ այդմ՝ այլ խմբակցությունների, ինչպես նաեւ պատգամավորական խմբերի ստեղծում չի նախատեսվում:
Համաձայն նոր կանոնակարգի՝ ԱԺ քառօրյա նիստերը կգումարվեն երեքշաբթիից ուրբաթ ժամը 10։00-18։00։ Երկուշաբթի օրերին կգումարվի ԱԺ խորհրդի նիստ, որի ժամանակ կորոշվի քառօրյայում քննարկվելիք հարցերի հաջորդականությունը։
Քառօրյա նիստերի հաջորդ շաբաթը կգումարվեն խմբակցությունների նիստեր, որոնց ընթացքում որոշումներ կկայացվեն քառօրյայում հնչած նախագծերի վերաբերյալ, բացի այդ՝ խմբակցությունները իրավունք կունենան նիստերի ժամանակ քննարկել տարբեր պաշտոններում թեկնածուներ առաջարկելու հարցը, որի իրավունքը խմբակցություններին տալիս է նոր սահմանադրությունը։ Խմբակցության նիստերին հաջորդող շաբաթ կգումարվեն մշտական հանձնաժողովի նիստեր, որից հետո նորից կմեկնարկեն քառօրյա նիստերը։ Սահմանվում է նաև, որ ԱԺ նախագահներից մեկը լինելու է ընդդիմադիր դաշտից: