Հայաստանում վերջին 7 տարվա ամենացածր տնտեսական աճն է գրանցվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ այս տարվա հունվար-հոկտեմբեր ժամանակահատվածի արդյունքներով տնտեսական ակտիվության ցուցանիշը վերջին 7 տարվա մեջ ամենացածրն է եղել՝ 0.4 տոկոս:
Մինչ այս տնտեսական աճի ամենացածր ցուցանիշը արձանագրվել էր 2009-ի աշնանը: Մասնավորապես այդ տարի նույն 10 ամիսների արդյունքներով արձանագրվել էր 17.5 տոկոսի անկում: Իսկ հաջորդ` 2010 թվականին արդեն հունվար-հոկտեմբեր ժամանակահատվածում 2,4 տոկոսի տնտեսական աճ էր արձանագրվել: 2011 թվականի տնտեսական աճի ցուցանիշը նույնպես կազմել էր 2.4 տոկոս, 2012-ին տնտեսական աճի ցուցանիշը եղել էր 7,2 տոկոս, 2013-ին` 3,4, 2014-ին` 4,2, իսկ արդեն 2015-ին` ընդամենը 3,5 տոկոս:

Հաջորդ աննախադեպ անկումը, որն այս տասը ամիսների արդյունքներով արձանագրվել է գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալների նվազումն է. այն կազմել է 7.3 տոկոս: Սա նշանակում է, որ այս տարվա 10 ամիսներին Հայաստանում ավելի քիչ գյուղմթերք է աճեցվել, քան անցած տարվա նույն ժամանակահատվածում: Եթե նույնիսկ պաշտոնական վիճակագրությամբ են գյուղմթերքի արտադրության ծավալները նվազել, ապա դա նշանակում է, որ Հայաստանի տնտեսությանն առաջիկայում աղետ է սպասում:
Արդյունաբերական արտադրանքի ծավալները 10 ամիսների կտրվածքով աճել են 6.5 տոկոսով: Սակայն, եթե արդյունաբերության տվյալներից հանվեն հանքարդյունաբերության, կամ ավելի կոնկրետ՝ պղնձի խտանյութի արդյունահանման ծավալները, որոնք մոտ 31.8 տոկոսով աճել են, ապա արդյունաբերությունում եւս շատ տխուր պատկեր կստացվի:

Ինչ վերաբերում է տնտեսության մեկ այլ կարեւոր ճյուղին՝ շինարարությանը, ապա այստեղ ծավալները գնալով ավելի են նվազում: Այս տարվա 10 ամիսների արդյունքներով շինարարության ծավալներն անցած տարվա համեմատ նվազել են 9.8 տոկոսով: Մինչդեռ 2015 թվականի տասն ամիսներին շինարարության ծավալները, հակառակը, ավելացել էին, թեեւ աննշան՝ 0.1 տոկոսով:
Առեւտրի շրջանառությունն այս տարվա հունվար-հոկտեմբերին շարունակել է անցած տարվա համեմատ անկում արձանագրել: Այս տարվա հունվար-հոկտեմբերին առեւտրի շրջանառությունը անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 0.1 տոկոսով նվազել է: Այսինքն՝ ստացվում է, որ Հայաստանի բնակչությունն այս տարվա տասը ամիսների արդյունքներով անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մոտ 63 մլրդ դրամով աղքատացել է:
Ուշագրավ է նաեւ այն փաստը, որ տասը ամիսների արդյունքներով՝ էլեկտրական էներգիայի արտադրության ծավալներն անցած տարվա համեմատ նվազել են 6.3 տոկոսով: Հենվելով պաշտոնական տվյալների վրա՝ հերթական անգամ կարող ենք փաստել, որ Հայաստանում գնալով ավելի քիչ էլեկտրական էներգիա է սպառվում: Հասկանալի է, չէ, որ եթե արդյունաբերությունն աճում է, այդ ոլորտի կողմից էլէներգիայի սպառումն ավելանում է, եթե բնակչությունը հարստանում է ու տեխնիկայի քանակն ավելանում է, ապա կրկին էլէներգիայի սպառումն ավելանում է: Իսկ երբ էլէներգիայի սպառումն անկում է ապրում, դա ուղղակի խոսում է այն մասին, որ երկրի տնտեսությունը եւս անկում է ապրում, անկախ նրանից, թե պաշտոնական վիճակագիրները որքան են ջանում գոնե չնչին աճ «նկարելու» համար:

Ի դեպ, այս տարվա 10 ամիսներին, անցած տարվա համեմատ, արտահանման ծավալներն աճել են, այս անգամ այդ ցուցանիշը կազմել է 19,8 տոկոս: Հիշեցնենք, որ արտահանման ծավալների՝ այս տարի արձանագրված աճը պայմանավորված է անցած տարվա անկմամբ: Անցած տարվա սկզբից հատկապես դեպի Ռուսաստան արտահանման ծավալները կտրուկ նվազել էին, սակայն տարվա վերջից սկսած այդ ցուցանիշը վերականգնվեց, ինչով պայմանավորված էլ այս տարի արտահանման երկնիշ աճ է արձանագրվում: Իսկ ներմուծման ծավալները, հակառակը, վերոնշյալ ժամանակահատվածում 0.3 տոկոսով նվազել են:

Նկատենք, որ այս տարվա տասը ամիսների վիճակագրական արդյունքները գործնականում արտացոլում են ոչ միայն նախորդ՝ Հովիկ Աբրահամյանի, այլեւ ներկայիս վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարության գործունեությունը: Հիշեցնենք, որ Հովիկ Աբրահամյանը վարչապետ նշանակվելուց հետո ԱԺ-ին ներկայացրած ծրագրով խոստանում էր ապահովել տարեկան 5 տոկոս տնտեսական աճ: Մի բան, որ տեղի չունեցավ: Կարեն Կարապետյանի կառավարությունը թեեւ այդքան հստակ չէ իր խոստումներում, սակայն այս կառավարության երկամսյա աշխատանքի արդյունքները եւս առայժմ տեսանելի չեն:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս