ՇԻՐԽԱՆՅԱՆԻ ՄԱՀԸ ԿՄՆԱ ՆՐԱՆՑ ԽՂՃԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչ ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի հարազատները ամիսներ շարունակ բարձրաձայնում են, որ առողջ վիճակով, «իր ոտքով Երեւան-Կենտրոն» ՔԿՀ մտնելուց հետո Շիրխանյանն առողջական լուրջ խնդիրներ է ձեռք բերել, եւ 50 մետր տեղաշարժվելու համար նրան կողմնակի օգնություն է անհրաժեշտ, ՀՀ արդարադատության նախարարությունը երեկ վերջապես բարեհաճեց այդ առիթով հայտարարությամբ հանդես գալ. «Արդարադատության նախարարությունը նոյեմբերի 18-ին կատարել է բժշկական հավելյալ հետազոտություն. հրավիրվել է բժշկական կոնսիլիում… Ըստ կոնսիլիումի արդյունքների` Վահան Շիրխանյանը ստացիոնար բուժման կարիք չունի»: Ավելին` ԱՆ-ն լրացուցիչ հետազոտությունների համար անհապաղ դիմել է ՀՀ առողջապահության նախարարությանը, որտեղից երեկվա դրությամբ պատասխան չէր ստացվել: «Ձայն բարբառոյ յանապատի» վիճակ է նաեւ քրեակատարողական վարչության պետ Արթուր Օսիկյանի մոտ: Նրանց չի հետաքրքրում, թե ինչպես են վերաբերվում կալանավայրում ՀՀ քաղաքացու, նախկին փոխվարչապետի հետ:
Երեկ «Ժողովուրդ»-ը կրկին զրուցեց իշխանությունը զավթելու մեղադրանքով կալանավորված Վ. Շիրխանյանի կնոջ` Բուրաստան Շիրխանյանի հետ, ով վերջերս է տեսակցել ամուսնուն: Նա հայտնեց, որ ամուսնու վիճակն օր օրի ավելի ծայրահեղ է դառնում: ՔԿՀ-ում թոքի կաթված ստանալուց եւ ոտքի թրոմբի վիրահատության ենթարկվելուց հետո նրան համապատասխան բուժօգնություն չի ցուցաբերվում: Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանն էլ երեկ հայտարարեց, որ հնարավոր է՝ իր պաշտպանյալը չապրի, Շիրխանյանի կյանքը վտանգված է:
Գուցե, եթե նոյեմբերի 10-ին նախատեսված ասուլիսը կայանար, եւ լրագրողներն իրենց աչքով տեսնեին ու արձանագրեին Շիրխանյանի առողջական ծայրահեղ ծանր վիճակը, պետական «պատժիչ» գերատեսչություններն ավելի զուսպ գտնվեին իրականությունից հեռու հայտարարություններ անելուց առաջ:
Հ.Գ. «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշել է առաջնահերթության կարգով քննել Վահան Շիրխանյանի կողմից առողջական խնդիրների վերաբերյալ սեպտեմբերին ներկայացված գանգատը: Հետաքրքիր է` ինչպես են արդարանալու ՀՀ պետական կառույցները, երբ ՄԻԵԴ-ն ընդդեմ կառավարության հերթական վճիռը կայացնի:

 

 
Նոյեմբերի 15-ին «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական հարցում էր ուղարկել Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղար Վ. Հակոբյանին՝ խնդրելով հայտնել՝ արդյոք Սերժ Սարգսյանը առարկություններ ունի նոյեմբերի 14-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից հավանության արժանացած ՌԴ կառավարության առաջարկին, ըստ որի` Հայաստանի հետ միացյալ զորախումբ պետք է ստեղծվի: Նոյեմբերի 18-ին աշխատանքային օրվա ավարտից հետո Ս. Սարգսյանի մամուլի խոսնակը ի վերջո պատասխան գրություն է ուղարկել՝ հետեւյալը հայտնելով.«Հայաստանի եւ Ռուսաստանի զինված ուժերի միավորված խմբավորման մասին համաձայնագրի առնչությամբ իր դիրքորոշումը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հնչեցրել է ս.թ. նոյեմբերի 17-ին «Ռոսիա սեգոդնյա» միջազգային լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովի հետ հարցազրույցի սկզբնամասում»: Հիշեցնենք, որ այդ հարցազրույցում Ս. Սարգսյանն ասել էր. «Եթե լինենք հստակ, ապա դա նորություն չէ, այլ արդեն գոյություն ունեցող դաշնակցական հարաբերությունների շարունակություն: Համատեղ ուժերի խմբավորումը ստեղծվել է դեռեւս 1990-ական թթ.»:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի հավաստի աղբյուրները հայտնում են, որ ապօրինի զենք- զինամթերք պահելու մեղադրանքով կալանավորված «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սէֆիլյանի գործով 6 ամիս շարունակ հետախուզվողներից մեկը հայտնաբերվել է: Խոսքը Երեւանի բնակիչ, 48-ամյա Արթուր Մովսիսյանի մասին է: Իրավապահ մարմիններին մոտ կանգնած մեր աղբյուրների փոխանցմամբ` այժմ սկսվել է նրան արտերկրից Հայաստան տեղափոխելու գործընթացը: Հիշեցնենք` ավելի վաղ «Ժողովուրդ»-ը հայտնել էր, որ Արթուր Մովսիսյանը Ժիրայր Սէֆիլյանի մասին ինչ-որ բաներ է պատմել իրավապահներին, թե ինչ, առայժմ պարզել չհաջողվեց: Իսկ թե ինչու ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը չի հաջողվում հայտնաբերել հետախուզվող Գարեգին Չուգասզյանին, դժվար է ասել:

 

 

 
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն` այս տարվա հունվար-հոկտեմբեր ժամանակահատվածի արդյունքներով՝ տնտեսական ակտիվության ցուցանիշը մեր երկրում վերջին 7 տարվա մեջ ամենացածրն է եղել՝ 0.4 տոկոս: Մասնավորապես աննախադեպ անկում է գրանցվել գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալներում` 7,3 տոկոս, ինչը նշանակում է, որ Հայաստանի տնտեսությանն առաջիկայում աղետ է սպասում: Նկատենք, որ այս արդյունքներն արտացոլվում են ոչ միայն նախորդ՝ Հովիկ Աբրահամյանի, այլեւ ներկայիս վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարության գործունեության ժամանակ: Հիշենք` Հ. Աբրահամյանը վարչապետ նշանակվելուց հետո խոստացավ ապահովել տարեկան 5 տոկոս տնտեսական աճ: Իսկ Կարեն Կարապետյանի կառավարության հետ կապված դրական սպասումները, որոնք կարող էին աշխուժություն մտցնել ՀՀ-ի տնտեսության մեջ, դեռեւս չեն նշմարվում:

 

 

 
ՈՒՇԱԳՐԱՎ
ԵԱՀԿ Մինսկի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հեռանում է ինչպես այդ պաշտոնից, այնպես էլ առհասարակ դիվանագիտական աշխատանքից: Շուրջ 30 տարի ԱՄՆ պետդեպարտամենտում ծառայած փորձառու դիվանագետը, ով, ի դեպ, Մինսկի խմբում երբեւէ եղած ամենաակտիվ համանախագահներից է, այս անսպասելի նորությունը հայտնել է Թվիթերի իր միկրոբլոգում կատարած գրառման միջոցով:
Անշուշտ ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահի փոփոխությունը սովորական պրակտիկա է եւ տեղի է ունենում 2-3 տարին մեկ անգամ, եւ այս առումով, թերեւս, Ուորլիքի հեռանալու մեջ որեւէ զարմանալի բան չպետք է փնտրել: Առավել եւս, որ նրա պաշտոնավարման 3 տարին լրացել էր անցած օգոստոսին: Սակայն, այնուամենայնիվ, ամերիկացի դիվանագետի այս որոշումը ուշագրավ է 2 հիմնական պատճառով: Նախ՝ Ուորլիքը այս որոշումը կայացրեց Դոնալդ Թրամփի հաղթանակից եւ ԱՄՆ նոր վարչակազմի ձեւավորման, այդ թվում եւ պետքարտուղարի թեկնածության շուրջ հստակեցումից անմիջապես հետո: Ուղղակիորեն կապել այս երկու իրադարձություններն, անշուշտ, կարող է եւ սխալ լինել, սակայն ամեն դեպքում անտեսելը եւս ճիշտ չէ: Եվ այս դեպքում սա կարող է նշանակել, որ արդեն կարճ առաջիկայում մենք ականատես կլինենք ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում որոշակի նոր շեշտադրումների եւ նոր աշխատաոճի:
Ի դեպ, նկատենք, որ նախօրեին Ի. Ալիեւը հեռախոսազրույց էր ունեցել ԱՄՆ նորընտիր նախագահի հետ, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել էր նաեւ ԼՂ հիմնախնդիրը: Եվ որքան էլ ասվի, որ ԱՄՆ-ն այն երկիրը չէ, որտեղ անձերը «քաղաքական եղանակ» փոխեն, այդուհանդերձ, նկատենք, որ կամային նախագահները շատ որոշակի դերակատարություն ունեցել են ԱՄՆ կայացրած արտաքին քաղաքական որոշումներում: Եվ այս առումով պետք չէ բացառել, որ Դոնալդ Թրամփի եւ նրա ընտանիքի առնչությունները ադրբեջանական իշխանական էլիտայի հետ կարող են իրենց ազդեցությունն ունենալ ԼՂ խնդրի կարգավորման վրա:
Ուորլիքի հրաժարականի հետ կապված երկրորդ կարեւոր պահը հայտարարությունն էր այն մասին, որ այսուհետ նա գործընկեր է դառնալու ռուսական խոշորագույն իրավաբանական ընկերությունում, որը գրասենյակներ ունի տասնյակ երկրներում, այդ թվում՝ ԱՄՆ-ում եւ Մեծ Բրիտանիայում: Համաձայնեք, որ բավականին անսպասելի անցում է ԱՄՆ պետդեպից՝ ռուսական ընկերություն: Արդյոք այս անցումը ունի քաղաքական մոտիվացիա, թե, ինչպես Ամերիկայում են ասում, սա «զուտ բիզնես է», ցույց կտա ժամանակը: Իսկ առայժմ կարող ենք արձանագրել, որ ներկայումս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից երկուսում նոր ներկայացուցիչներ են: Ի դեպ, մի քանի ամսից, ԱՄՆ-ից բացի, նաեւ Ֆրանսիայում կլինի նոր նախագահ /Օլանդի վերընտրությունը քիչ հավանական է գնահատվում/, եւ սա էլ, բնականաբար, իր հերթին նոր մարտահրավերներ է առաջ բերելու հայկական կողմի համար:




Լրահոս