«Գազպրոմ-Արմենիա» ընկերությունը՝ անդրադառնալով մամուլում տարածված տեղեկությանը, թե «Գազպրոմ Արմենիայի» առաջիկա 3 տարիների ներդրումային ծրագրից ակնհայտ է դառնում, որ 2018 թվականին գազի սակագինը կրկին բարձրացնելու կարիք կառաջանա, քանի որ 2018թ. համար նախատեսվում է 18 միլիարդ դրամի ներդրում անել (2017-ին նախատեսված է 13.6 միլիարդ դրամի ), ինչը պետք է ներառվի սակագնի մեջ, հայտարարություն է տարածել։
«Գազպրոմ-Արմենիա» ընկերությունը մասնավորապես նշել է.
«2018-ից գազի սակագինը չի բարձրանա, քանի որ արդեն իջեցված սակագնի հայտով` հաշվի են առնվալ նաեւ այդ բոլոր ներդրումները:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի 2017-2019 թթ. ներդրումային ծրագիրը սահմանված կարգով ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ներկայացվել էր դեռեւս 2016թ. հոկտեմբերի 15-ին: Հանձնաժողովի հետ նախնական քննարկումների արդյունքում ծրագիրը փոփոխությունների չի ենթարկվել: Ներդրումային ծրագրի նպատակն է՝ գազափոխադրման եւ գազաբաշխման համակարգերում ապահովել անխափան, հուսալի եւ անվտանգ գազամատակարարում անհրաժեշտ միջոցառումների իրականացմանն ուղղված կապիտալ ներդրումների միջոցով: Բնական գազի սակագների վերանայման հայտով «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն ՀԾԿՀ-ին դիմել էր նոյեմբերի 1-ին, ընդ որում ընկերությունը հաշվի է առել նաեւ Հանձնաժողովի համաձայնեցմանը ներկայացված 2017-2019 թթ. ներդրումային ծրագրով նախատեսվող ներդրումները»: