Արծվիկ Մինասյանը մասնակցել է «Օրհուսի կոնվենցիայի հիմնադրույթների արտացոլումն ազգային օրենսդրությունում» խորագրով աշխատաժողովին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 2-ին ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը մասնակցել է «Օրհուսի կոնվենցիայի հիմնադրույթների արտացոլումն ազգային օրենսդրությունում, շրջակա միջավայրի հարցերով արդարադատության մատչելիություն» խորագրով աշխատաժողովին: Միջոցառումը նախաձեռնել են ՀՀ բնապահպանության նախարարությունը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակն ու «Տնտեսական վերլուծությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը:
Ողջունելով աշխատաժողովի մասնակիցներին՝ ՀՀ բնապահպանության նախարարն իր խոսքում կարևորել է միջազգային բնապահպանական կոնվենցիայի հիմնական սկզբունքներին ազգային օրենսդրության համապատասխանեցումը, ինչն էլ մեծապես կնպաստի բնապահպանության ոլորտի լիարժեք և արդյունավետ իրավական կարգավորմանը:

2001 թվականից, անդամակցելով ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի Օրհուսի կոնվենցիային,Հայաստանը մեծ աշխատանքներ է իրականացրել ստանձնած պարտավորությունների կատարման ուղղությամբ: Այս առումով նախարարը կարևորել է բնապահպանական տեղեկատվական 15 Օրհուս կենտրոնների աշխատանքը:

«Օրհուս կենտրոնների գործունեության շնորհիվ ձևավորվել է փոխըմբռնման և համագործակցության նոր մոդել, որը հնարավորություն է տալիս պետական, տեղական ինքնակառավարման մարմիններին և բնապահպանական հասարակական կազմակերպություններին համատեղ ընդունել երկրի առջև ծառացած էկոլոգիական մարտահրավերները և ճիշտ լուծումներ գտնել»,-նշել է Արծվիկ Մինասյանը:

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Արգո Ավակովն իր ելույթում կարևորել է բնապահպանական խնդիրների լուծման գործընթացում պետության և քաղաքացիական հասարակության փոխգործակցության արդյունավետության բարձրացումը:




Լրահոս