«Նոյեմբերի ավերակները» ժողովածուով բանաստեղծ Հովիկ Հովեյանը բոլորեց իր 60-ամյա հոբելյանը:
Դեկտեմբերի 1-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ բանաստեղծ Հովիկ Հովեյանի 60-ամյակին նվիրված հոբելենական երեկո և հեղինակի նորերս հրատարակված «РУИНЫ НОЯБРЯ»/«Նոյեմբերի ավերակները»/ ռուսերեն ժողովածուի շնորհանդեսը:
Երեկույթի սկզբում ցուցադրվեց տեսանյութ Հովիկ Հովեյանի անձնական արխիվից, որտեղ բանաստեղծն ինքը պատմում է Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցու բակում անցկացրած կյանքի ամենանվիրական հատվածի՝ մանկության մասին, դեպի Սասուն ձգվող իր արմատների, հոր՝ գրող Վաչագան Հովհաննիսյանի և այն մեծանուն արվեստագետների ու մտավորականների մասին, ովքեր անջնջելի հետք են թողել բանաստեղծի կյանքում: Տեսանյութի երկրորդ մասում ներկայացված էին կարծիքներ Հովիկ Հովեյանի մասին՝ տարիների հեռվից մեզ հասնող խոսքեր. Գևորգ Էմին, Մարո Մարգարյան…
ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը ընթերցեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը և նշեց, որ մշակույթի նախարարության կողմից անակնկալ ունեն հոբելյարին՝ Ազգային մշակութային ժառանգության պահպանման և հանրահռչակման գործում ունեցած նշանակալի ավանդի համար բանաստեղծ, թարգմանիչ, Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնի տնօրեն Հովիկ Հովեյանը պարգևատրվեց ՀՀ մշակույթի նախարարության Գրիգոր Նարեկացի հուշամեդալով:
Հեղինակի և նրա անցած ուղղու մասին խոսեցին գրողներ, գրականագետներ, երաժիշտներ, մշակույթի այլ գործիչներ:
Ներկայացվեց Հ. Հովեյանի բանաստեղծությունների նորերս հրատարակված՝ «РУИНЫ НОЯБРЯ»/«Նոյեմբերի ավերակները»/ ռուսերեն ժողովածուն:
Ռուսերենով թարգմանվել և ժողովածուում են զետեղվել բանաստեղծություններ Հովեյանի՝ «Վրիպած ջրհեղեղ», «Անժամանակություն» գրքերից և անտիպ ստեղծագործություններ:
Հոբելենական երեկոյի ընթացքում հնչեցին Հովիկ Հովեյանի բանստեղծություններից՝ ՀՀ վաստակավոր արտիստ Սիլվա Յուզբաշյանի կատարմամբ:
Երաժշտական կատարումներով հանդես եկան.
· «Հովեր» պետական կամերային երգչախումբը
· «Արամ Խաչատրյան» պետական լարային քառյակը
· «Գևորգ Դաբաղյան և ընկերներ » դուդուկահարների անսամբլը
Հանդիսույթը վարեց ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Ութմազյանը: