ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում 29-ամյա Վահե Գևորգյանի սպանության դեպքի առթիվ քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում նոր փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ առերևույթ հանցագործություն կատարած անձի վերաբերյալ։
2016թ. սեպտեմեբերի 2-ին կրծքավանդակի շրջանում ստացած վնասվածքով «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել 1987թ. ծնված Վահե Գևորգյանը, ով, առանց գիտակցության գալու, մահացել է:
Դիակի զննությամբ՝ կրծքավանդակի առաջային մակերեսի անոթային գծի 11-12 միջկողային մակարդակի և առաջային պատի միջին գծից աջ, մոտ 2-3 սմ, 7-ից 8 միջկողային մակարդակի հատվածներում հայտնաբերվել են անհարթ եզրերով արնահոսող վերքեր, իսկ աջ ձեռքի արմնկային, աջ դաստակի, աջ ձեռքի ցուցամատի, դեմքի և ձախ ծնկի հատվածներում՝ քերծվածքներ:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, Վահե Գևորգյանը ճանաչվել է տուժող:
Ձեռնարկված անհետաձգելի քննչական և օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում պարզվել է երիտասարդին կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքի վայրը, վիճաբանության շարժառիթը, առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը։
Դեպքի բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ իրականացված բազմաթիվ քննչական գործողությունների արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ միջադեպին անմիջական մասնակցություն է ունեցել 1971թ. ծնված Ն.Ղազարյանը (մականունը՝ «Յոնջլախցի Նորո»)։ Վերջինիս մասնակցությամբ կատարվել են անհրաժեշտ քննչական գործողություններ, ներկայացվել ճանաչման, կատարվել առերես հարցաքննություն։
Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Ն.Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել՝ Վ.Գևորգյանի սպանության և ապօրինի զենք ու ռազմամթերք ձեռք բերելու, պահելու համար։ Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ։
Նախաքննությունը շարունակվում է:
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին