Խելացի կինը գերսեքսուալ է. Ռոզի (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը շարունակում է ներկայացնել բլից հարցազրույցների շարք հայ հայտնիների հետ: Հակիրճ հարցուպատասխանի նպատակը զրուցակցին նոր լույսի ներքո բացահայտելն է: Այս անգամ մեր դիտակետում հայտնվել է «Փեսացուն կրկեսից», «Սահմանին», «Վերջին աղոթք» ֆիլմերից, «Հրեշտակների դպրոց», «Տիգրանի մոլորակը», «Ամնեզիա» եւ այլ հեռուստասերիալներից հայտնի դերասանուհի Ռոզի Ավետիսովան:

-Ռոզի՛, Ձեզ համար ամենաթանկ ռեսուրսը ո՞րն է:

-Ժամանակը:

-Եթե տնտեսել գումար, ապա ի՞նչ նպատակով:

-Ճամփորդության:

-Ուրախության դրսեւորում, որ ոչնչի հետ չեք փոխի:

-Ինքս ինձ գոհացնելը: Ասեմ, որ դա հազվադեպ է պատահում:

-Երբեք չեք համաձայնի վտանգի տակ դնել Ձեր…

-Խիղճը:

-Սիրելի հեքիաթը:

-Հանս Քրիստիան Անդերսենի «Ջրահարսը»:

-Եթե զվարճանալ, ապա ի՞նչ ֆորմատով:

-Ակումբային, փաբային կյանքով: Սիրում եմ լինել աղմկոտ վայրերում, ունենալ գինովցած լինելու հնարավորություն:

-Ո՞ր դեպքում եք պատրաստ խորհուրդ տալ դիմացինին:

-Երբ գիտեմ, որ նա կլսի ինձ:

-Կենցաղում տանել չեք կարողանում…

-Կենցաղը դժվար տանելի երեւույթ է, բայց խելոքները կարողանում են հետաքրքիր դարձնել նույնիսկ դա:

-Ձեր առաջին սիրո խոստովանությունը:

-Երեւի թե այդ ժամանակ պատանի եմ եղել: Աղոտ ինչ-որ բաներ հիշում եմ (ծիծաղում է): Հիշում եմ, օրինակ, թե ում էի սիրահարված, կարծեմ` դասարանցիս էր: Այդ զգացողությունների մեջ ինչ-որ շատ սիրուն ու մաքուր բան կա:

-Կարող եք դաժան լինել այն դեպքում, երբ…

-Երբ շահագործվում եմ: Խոսքը վերաբերում է թե՛ մասնագիտական հարցերին, թե՛, առհասարակ, մարդկային փոխհարաբերություններին:

-Հակառակ սեռը Ձեր մեջ մշտապես գնահատում է…

-Դժվար է խոսել հակառակ սեռի անունից, բայց կարծում եմ` անկանխատեսելի լինելը: Դա վտանգավոր է, բայց հետաքրքիր:

-Որակ, որը վանում է Ձեզ:

-Քաղքենիությունը, մեծամտությունը:

-Ե՞րբ եք զգացել նախանձ կոլեգաների կողմից:

-Շատ եմ զգացել, առանց դրա չի լինում, դա էլ է մարդկային որակ, որը շատ բնորոշ է մեր մասնագիտության տեր մարդկանց: Իմ հանդեպ նախանձը ես անմիջապես եմ զգում, առանց որեւէ խոսքի: Եղել է, որ այդ զգացումի պատճառով մտերիմների եմ կորցրել, այսինքն` հրաժարվել եմ նրանց հետ շփումից:

-Ձեր քայլերը, եթե հայտնվեիք քաղաքական դաշտում:

-Ես կնեղացնեի շրջանակս եւ կզբաղվեի զուտ մշակութային հարցերով: Կարճ ժամանակում կվերադարձնեի ցենզուրա հասկացությունը. դրա միջոցով շատ գործեր պարզապես կմաղվեին, եւ մեր արտադրանքը կունենար որակ: Եվ հետո` ամեն բան կանեի, որ մշակույթի ոլորտում մեծ գումարներ ներդրվեին, ու դրանք արդյունավետ ծախսվեին:

-Ի՞նչ քայլեր եք ձեռնարկում, երբ խախտում են Ձեր քաղաքացիական իրավունքները:

-Հայաստանում այնպիսի համակարգ է գործում, որի պայմաններում շատ իրավունքներ կարող են խախտվել, եւ ամեն անգամ չէ, որ ստացվում է խախտողին պատասխանատվության ենթարկել: Ուստի հաճախ բավարարվում ենք էմոցիոնալ պոռթկումներով:

-Աշխարհիկ մի երեւույթ, որի հետ երբեք չեք համակերպվի:

-Գլոբալ առումով` երեխաների մահը: Ճիշտ է` մահը տարիք չի հարցնում, բայց փոքրիկների դեպքում ուրիշ է: Իսկ եթե Ձեր հարցին պատասխանեմ` նկատի ունենալով հայ իրականության շրջանակը, չեմ համակերպվում մարդկանց` ուրիշների կյանքով ապրելու միտումի հետ:

«Սեր» բառի «հոմանիշը» (հարաբերական իմաստով)` ըստ Ձեզ:

-Շատ կան: Ես կառանձնացնեի հոգատարություն, ինչ-որ բան կիսելու ունակություն: Մարդիկ հաճախ ասում են, թե սիրում են, բայց այն, ինչ իրենց համար թանկ է, չեն կարողանում կիսել դիմացինի հետ:

-Ո՞ր կինն է գրավիչ:

-Ամենագրավիչը խելացին է: Խելացի կինը գերսեքսուալ է:

-Ամանորը առաջինը ասոցացվում է…

-Մանկության հետ:

-Շարունակե՛ք միտքս. «Պետք է վախենալ ոչ թե մահից, այլ…»

-Այլ չապրելուց:

Աննա Բաբաջանյան




Լրահոս