Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին ու Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմետնիյազ Բադիի Մաշալովին:
Վարչապետը, ողջունելով հյուրերին, նշել է, որ Իրանի և Թուրքմենստանի հետ Հայաստանի քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակը հնարավորություն է տալիս առավել սերտացնել երկկողմ տնտեսական կապերը, ինչպես նաև ծավալել եռակողմ ձևաչափով տնտեսական գործակցություն: «Մենք շահագրգռված ենք զարգացնելու Հայաստան-Իրան-Թուրքմենստան եռակողմ տնտեսական փոխգործակցությունը: Հնարավորություն ունենք ավելացնելու մեր երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալի աճը, և 2017 թ. աշխատանքային առաջին օրվա այս հանդիպումը վկայում է մեր համագործակցությանը տրվող կարևորության մասին», – նշել է կառավարության ղեկավարը:
Իրանի ու Թուրքմենստանի դեսպանները շնորհավորել են ՀՀ վարչապետին և հայ ժողովրդին Նոր տարվա առթիվ՝ նշելով, որ իրենց երկրների կառավարությունները կարևորում են Հայաստանի հետ հարաբերությունների ընդլայնումը և պատրաստ են քննարկել այդ ուղղությամբ հետագա քայլերը:
Հանդիպմանը քննարկվել են, մասնավորապես, էներգետիկայի ոլորտում եռակողմ գործակցության զարգացման հնարավորություններն ու հեռանկարները: Արծարծվել են էներգառեսուրսների մատակարարմանը և համատեղ նախագծերին վերաբերող հարցեր: Մտքերի փոխանակության արդյունքում կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել՝ համատեղ աշխատանքային խումբ ձևավորելու և կոնկրետ ծրագրերն առարկայական քննարկելու վերաբերյալ: Շնորհակալություն հայտնելով դեսպաններին իրենց դիրքորոշումների համար՝ Կարեն Կարապետյանը նաև կարևորել է միջկառավարական հանձնաժողովների ակտիվ աշխատանքը, որոնք արդյունավետ հարթակ են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերն ու նախաձեռնությունները կյանքի կոչելու համար:
Վարչապետ Կարեն Կարապետյանը ցավակցել է ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպանին` Իրանի նախկին նախագահ Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանիի մահվան կապակցությամբ: