Սերժ Սարգսյանը երեկ հանդիպել է ապրիլյան քառօրյա պատերազմին մասնակցած զինծառայողների հետ, որոնք վերջերս են զորացրվել: «Ես կարծում եմ, որ այսօր մենք պետք է ունենանք անկաշկանդ խոսակցություն, անկաշկանդ քննարկում, հասկանանք, տեսնենք, թե ո՞րն է մեր բանակի առավելությունը, որո՞նք են մեր զինվորական ծառայության դրական կողմերը, եւ ինչի ենք հասել: Բայց խոսենք նաեւ այն խնդիրների մասին, որոնք պետք է ապագայում լուծվեն՝ ավելի մարտունակ դարձնելով մեր բանակը, որովհետեւ մենք պարտադրված ենք ունենալ մարտունակ բանակ:
Բոլոր ժողովուրդներին էլ պետք են բանակներ, բայց կան դեպքեր, երբ այդ պետքը դառնում է անհրաժեշտություն՝ կենսական անհրաժեշտություն: Մեզ համար մարտունակ բանակը կենսական անհրաժեշտություն է»,-ասել է Սերժ Սարգսյանը: Իսկ հանդիպման ավարտին էլ հանձնարարականներ է տվել պաշտպանության նախարարությանը` ծառայության անվտանգության առավել բարձրացման, նոր սպառազինության ձեռքբերմանը զուգընթաց համապատասխան մասնագետների շարունակական ուսուցմանն ու պատրաստման, ուսումնական կենտրոններում ըստ անհրաժեշտության նոր ծրագրերի ներդրման եւ այլ ուղղությամբ:
Այն, որ զինված ուժերում լուրջ խնդիրներ կան, եւ դրանք պահանջում են շուտափույթ լուծումներ, միանշանակ է: Բայց Ս. Սարգսյանի հայտարարություններից հետո, բնականաբար, հարց է ծագում. ի՞նչն էր խանգարել նրան նման հանդիպում կազմակերպել ավելի վաղ եւ ավելի վաղ խոսել բանակում առկա խնդիրների մասին, ավելի վաղ ձեռնամուխ լինել դրանց լուծմանը:
Կամ մի՞թե ապրիլյան պատերազմին հաջորդած այս մեկ տարվա ընթացքում իշխանությունները չեն փորձել քննարկել բանակում առկա խնդիրները, չեն փորձել լուծում տալ պրոբլեմներին եւ միայն հիմա են որոշել խոսել այդ մասին:
Ակնահայտ է, որ երեկվա հանդիպումը վկայում է այլ իրողության մասին. ՀՀԿ-ն, ըստ էության, սկսել է խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը եւ սկսել է հենց այն ոլորտից, որն ամենախոցելին է իշխանության համար:
ՀՀԿ-ի բացարձակ իշխանության ընթացքում 94-ի հրադադարի հաստատումից հետո առաջին անգամ Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում սկսեց ԼՂՀ-ի ուղղությամբ, ինչի արդյունքում ունեցանք տարածքային կորուստներ` 800 հազար քմ. չափով:
Էլ չենք ասում այս ընթացքում նաեւ Հայաստանի տարածք Ադրբեջանի դիվերսիոն ներթափանցման փորձերի, հրադադարի ռեժիմի` արդեն պարբերական դարձած խախտումների մասին: Ու բնական է, որ այս հանգամանքն ընդդիմադիր ուժերի կողմից լայնորեն օգտագործվելու է առաջիկա խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ` ընդդեմ ՀՀԿ-ի եւ այդ ժամանակ պաշտոն զբաղեցրած անձանց: Առավել եւս, երբ խորհրդարանական ընտրությունները նշանակված են ապրիլի 2-ին` քառօրյա պատերազմի առաջին տարելիցի օրը:
Ի վերջո, վերջին 15-20 տարիների ընթացքում, երբ իշխանություններին մեղադրում էին կոռուպցիոն սկանդալների, պետությունն անխնա թալանելու եւ նման այլ հանցանքների մեջ, նրանք փորձում էին արդարանալ, թե «փոխարենը հող ենք պահում, Ղարաբաղ ենք պահում»: Այնինչ՝ ապրիլյան պատերազմն ի ցույց դրեց մեկ տխուր իրողություն. այս տարիներն իշխանությունները ծառայեցրել են սեփական հարստացման համար եւ այդպես էլ բավարար քայլեր չեն արել բանակի ու Ղարաբաղի ուժեղացման համար:
Ասվածի ապացույցն ավելի քան հարյուր զոհերն ու կորցված տարածքներն են: Եւ հիմա ընտրությունների նախաշեմին ՀՀԿ-ն փորձում է նման հանդիպումներով «սրբագրել» կատարվածը՝ միաժամանակ փորձելով հանդես գալ հայրենիքի, զինվորի մասին մտահոգ ղեկավարի դերում՝ ընդ որում, ձեռքի հետ ապահովելով նաեւ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի քարոզարշավը:
Հ.Գ. Ինչ վերաբերում է բանակն ավելի մարտունակ դարձնելուն, ապա այդ խնդիրը քաղաքական լուծում է պահանջում: Ի վերջո, մի երկրում, որտեղ արտագաղթի հետեւանքով շարունակաբար նվազում է բնակչությունը, դժվար է պատկերացնել ավելի մարտունակ բանակ: Էլ չենք խոսում ԶՈՒ-ում եւ, ընդհանրապես, երկրում կոռուպցիայի մասին, եւ մարտունակ բանակ ունենալու համար հարկավոր է վերացնել նման բացասական երեւույթները, որպեսզի բանակի համար նախատեսված միջոցները ծախսվեն բանակի կարիքները հոգալու վրա: Սրանք, թերեւս, այն առաջնային քայլերն են, որոնց իրականացումից հետո արդեն արժի խոսել մյուս խնդիրների մասին:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ