Հունվարի 23-ին Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանն աշխատանքային այց է կատարել Լեհաստանի Օպոլսկե վոևոդության վարչական կենտրոն Օպոլե քաղաք:
Այցի ընթացքում դեսպան Ղազարյանը հանդիպումներ է ունեցել Օպոլսկեի վոևոդ Ադրիան Չուբակի, Օպոլեի քաղաքային խորհրդի նախագահ Մարչին Օցիեպայի, Օպոլեի քաղաքապետի տեղակալ Մաչեյ Վույեչի և այլ պաշտոնատար անձանց հետ: Հանդիպումներին քննարկվել են Հայաստանի և Լեհաստանի միջև ապակենտրոնացված համագործակցության, հայ-լեհական առևտրատնտեսական, կրթական և մշակութային ոլորտներում հնարավոր համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր:
Դեսպան Ղազարյանը ներկայացրել է Հայաստանում ներդրումների իրականցման նոր հնարավորությունները և դրանց գրավչությունը` առաջարկելով Օպոլեի տարածաշրջանի ընկերություններին ներդրումներ կատարել և այդ կերպ ընդլայնել երկկողմ գործարար կապերը:
Այցի ընթացքում դեսպան Ղազարյանը հանդիպում է ունեցել նաև Օպոլեի համալսարանի պրոռեկտոր, պրոֆեսոր Յանուշ Սլոդչիկի հետ` քննարկելով Օպոլեի համալսարանի հայաստանյան գործընկերների հետ համագործակցության հեռանկարները: Այնուհետև, շրջայց է կատարել համալսարանի թանգարանում և իր տպավորություններով կիսվել պատվավոր հյուրերի գրառումների մատյանում:
Այցի ավարտին դեսպան Ղազարյանն Օպոլեի համալսարանում հանդես է եկել դասախոսությամբ, որի ընթացքում անդրադարձ է կատարել Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական գերակայություններին, տարածաշրջանային խնդիրներին, հայ-լեհական հարաբերություններին, ինչպես նաև Լեհաստանի հայ համայնքին և դրա ավելի քան 650-ամյա պատմությանը: Դասախոսությանը մասնակցել են Օպոլեի քաղաքային խորհրդի նախագահ Մարչին Օցիեպան, համալսարանի ուսանողներ և դասախոսներ: Դասախոսության ավարտին դեսպան Ղազարյանը պատասխանել է ներկաների հարցերին: