Ինչպե՞ս է Քրիստինե Պեպելյանը «երգեցրել» ոստիկանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը շարունակում է ներկայացնել «Միլիոնից մեկը» խորագրով շարքը, որի շրջանակում անդրադարձ ենք կատարում հայ հանրության կողմից ճանաչում վայելող անձանց, պարզում, թե ինչպես են նրանք դարձել հայտնի, մինչ այդ ինչ դժվարություններ են ստիպված եղել հաղթահարել, եւ ինչ խոչընդոտներ ու նոր հնարավորություններ է իր հետ բերել հանրային անձ լինելու հանգամանքը: Այս անգամ մեր զրուցակիցը երգչուհի Քրիստինե Պեպելյանն է:

Հայտնի լինելը փորձություն է

Հայ հանրության լայն զանգվածները ինձ սկսեցին ճանաչել «Հրաժեշտ» երգիս թողարկումից հետո. այն, իսկապես, ինձ համար դարձավ այցեքարտ, առաջին «ստարտ»: 1999-2000-ական թվականներն էին: Դա շատ կարեւոր ու նոր շրջան էր իմ կյանքում: Մի շարք զգացողություններ պարզապես անծանոթ էին ինձ: Ճանաչված լինելուն մարդ միանգամից չի հարմարվում. դա նրան միանգամից չի էլ տրվում: Հայտնի լինելը փորձության պես մի բան է, ինչպես նաեւ` շատ փող, պաշտոն ունենալը: Դրանք մարդուն դնում են այնպիսի իրավիճակների մեջ, որոնք նա կա՛մ հաղթահարում է, կա՛մ ոչ: Դրա համար շատ կարեւոր է, որ այդ ճանապարհին քո կողքին լինեն մարդիկ, որոնք միշտ սթափ կպահեն քեզ, որպեսզի այդ ճանաչվածությանը չտրվես, չթռչես օդերով: Ուրախ եմ, որ ինձ մոտ ստացվել է գետնին կանգնած մնալ, մնալ մարդկանց հետ այն նույն հարթության վրա, որտեղ միշտ եղել եմ:

«Չեմ կարծում, որ տաղանդավոր եմ. միգուցե շնորհալի եմ»

Չեմ կարծում, որ տաղանդավոր եմ. տաղանդավորը Արամ Խաչատրյանն էր, Առնո Բաբաջանյանը: Ես երաժշտական եմ, միգուցե` շնորհալի: Կարծում եմ` ինձ ճանաչում բերեց իմ տեսակը, աշխարհից չկտրվելը: Մի գործոն չի, որ մարդուն դարձնում է հանրային, այլ մի քանի գործոնների հանրագումարի արդյունքը:

«Լավ մարդու համար բաց դռներ միշտ էլ կլինեն»

Հայտնի լինելու դժվարություններն ավելի շատ են, քան մարդիկ կարող են պատկերացնել: Առաջինը, թերեւս, քո խոսքի ու գործի նկատմամբ պատասխանատվության զգացումն է, որ ուղեկցում է քեզ: Չէ՞ որ շատերի համար դու կարող ես լինել օրինակ: Ճանաչված լինելս երբեք չեմ օգտագործել ինչ-որ դռներ բացելու համար: Ինձ համար ավելի բարձր արժեքներ կան, քան այն դռները, որոնք պետք է բացվեն: Կարեւորը մարդկանց վերաբերմունքն է, նրանց ասած ամենահասարակ, լավ խոսքը: Այն, որ մայրս կարող է ասել, թե ինչ լավ է, որ ինձ նման զավակ ունի, դա ամենամեծ հաճոյախոսությունն է, որ երբեւէ կարող եմ լսել: Թե չէ դռները այսօր բացվում են, վաղը կարող են փակվել: Իսկ լավ մարդու համար բաց դռներ միշտ էլ կլինեն, անկախ այն բանից` ճանաչված է նա, թե ոչ:

Թե ինչպես «երգեցրեց» ոստիկանին

Բնական է, որ հայտնի անձանց կյանքում շատ են պատահում ուշագրավ, հետաքրքիր դեպքեր: Օրինակ` վերջերս ղեկին էի, ինձ կանգնեցրեց մի ոստիկան, հենց ինձ տեսավ, ասաց. «Վա՜յ, Քրիստինե ջան, Դո՞ւք եք: Շատ ուրախ եմ, որ Ձեզ տեսնում եմ»: Ես գիտեի, որ խախտում էի արել, եւ նա ինձ տեղին էր կանգնեցրել: Հարցրի. «Հիմա պետք է ակտ գրե՞ք»: Ոստիկանը ժպտաց, ասաց. «Չէ, չէ, չէ»: Ես էլ կատակով ասացի. «Տեսնո՞ւմ եք` երգիս կեսը երգեցիք»: Շատ հումորով մարդ էր, անմիջապես հասկացավ` ինչ եմ ասում ու լիաթոք ծիծաղեցինք: Ասաց. «Միայն այն բանի համար, որ միասին «երգեցինք», գնացեք…»: Այսպիսի իրավիճակներ կան, որ չես կարող չգնահատել…

Հրաժարվելն անշնորհակալություն կլիներ

Եթե երկրորդ հնարավորություն տրվեր, միանշանակ, կընտրեի նույն ճակատագիրը, որովհետեւ հրաժարվելն այն սիրուց, որ ունեմ, անշնորհակալություն կլիներ:

Աննա Բաբաջանյան




Լրահոս