Նախկին ԲՀԿ-ականը՝ ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակում. ով է ճամբարափոխ եղած Արագած Ախոյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրվելու որոշման մասին այսօր հայտարարեց Արագած Ախոյանը, ով ներկայումս հանդիսանում է ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ով, սակայն 2015 թվականի փետրվարյան հայտնի իրադարձություններից հետո դուրս էր եկել ԲՀԿ-ից:

Արագած Ախոյանը պատգամավորական գործունեությունը սկսել է 2010թ-ին, և շարունակել գործունեությունը 2012 թ-ի ԱԺ ընտրություններից հետո: Մինչ այդ նա զբաղվել է շինարարական գործունեությամբ: Նա 2001-2002թթ. աշխատել է  «Սպիտակ տնակ» շինարարական ՍՊԸ-ում՝ որպես հիմնադիր տնօրեն, 2003-2004թթ. եղել է «Իտարկո Քոնսթրաքշըն» ՓԲԸ հիմնադիր տնօրեն, 2004-2010թթ.`  «Հայկ Արշին» ՍՊԸ հիմնադիր տնօրեն, այնուհետև` նախագահ:

Արագած Ախոյանը հայտնի գործարար է, գեղարվեստի նմուշների սիրահար: Նա հայտնի շինարարական «Սպիտակ կամար», «Սպիտակ տնակ» եւ «Հայկարշին» ընկերությունների հիմնադիրն է: Նա այս ընկերություններից շահաբաժիններ ունի: Մասնավորապես, ըստ լրատվամիջոցների տեղեկությունների «Հայկարշին» եւ «Միրոյան Տուֆ» ընկերություններում  պատգամավորն ունի 100 տոկոս բաժնեմաս:  Ըստ արդարադատության նախարարության էլեկտրոնային ռեգիստրի կայքի, Արագած Ախոյանը համահիմնադիրն է նաեւ «Արգոբա» ՓԲԸ-ի, «Խաչարամ կոնսերվատորիա» ՍՊԸ-ի, «Էլենիկ» եւ «Իտարկո քոնսթրաքշն» ՍՊԸ-ների: «Ժողովուրդ»-ը բազմիցս է անդրադարձել պատգամավորներին պատկանող ընկերությունների դեմ ներկայացված դատական հայցերին և, առհասարակ, նրանց դատարանի միջոցով սնանկ ճանաչելու գործընթացին: Արագած Ախոյանը ևս այն պատգամավորների թվին է պատկանում, ում ընկերությունները մշտապես դատական հայցերի կենտրոնում են եղել:

Ինչպես արդեն նշեցինք, Արագած Ախոյանը ԲՀԿ-ից դուրս եկավ փետրվարյան հայտնի իրադարձություններից հետո, երբ Գագիկ Ծառուկյանին ուղղակի դուրս հրավիրեցին քաղաքականությունից: Ախոյանն էլ այդպես վարվեց՝  իր ունեցվածքը պահպանելու համար և հիմա, չնայած ԲՀԿ նախկին առաջնորդը վերադարձել է, սակայն նախկին ԲՀԿ-ականն այնտեղ վերադառնալու ցանկություն չունի: Այս անգամ նա իր շանսերը կփորձի ՀՀԿ-ի հետ՝  ռեյտինգային համակարգով:

Հավելենք, որ Ախոյանը ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու է Արագածոտնի մարզում, որտեղ , ըստ տարբեր տեղեկությունների, առաջադրվելու ցանկություններ ունեն նաև նախկին ԲՀԿ-ական Բազմաասեր Առաքելյանը, գործարար Խաչիկ Մանուկյանը, ՀՀԿ-ական պատգամավոր Մնացական Մնացականյանը և այլք:




Լրահոս