Բելառուսի Գերագույն դատարանը մերժել է Լապշինի բողոքարկումը. նա կարտահանձնվի Ադրբեջանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բելառուսի Գերագույն դատարանը մերժել է Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինի բողոքը՝ կապված Բելառուսի Գլխավոր դատախազության որոշման հետ, որով Լապշինը պետք է արտահանձնվի Ադրբեջան: Այս մասին տեղեկացնում է բելառուսական Sputnik-­ը:

Բելառուսի Գերագույն դատարանը բլոգերի բողոքարկումը քննել է կես ժամից ավելի քիչ ժամանակահատվածում: Լապշինի փաստաբան Նատալյա Շեկինան տեղեկացրել է, որ իր պաշտպանյալը դատարանի դահլիճում չի եղել: Նա հայտնել է, որ Լապշինի կինը դիմել է Մինսկի ներքին գործերի գլխավոր վարչության քաղաքացիության և միգրացիայի բաժին` պահանջելով տրամադրել հավելյալ պաշտպանություն: Բացի այդ, նա բողոք է ներկայացրել ՄԱԿ-­ի մարդու իրավունքների կոմիտե, որն արդեն բողոքն ընդունել է քննարկման:

Բելառուսի Գերագույն դատարանի կողմից Լապշինին Բաքու արտահանձնելու մասին որոշումն օրինական համարելու դեպքում այն ուժի մեջ կմտնի հրապարակման պահից սկսած: Ադրբեջանում ՌԴ և Իսրայելի քաղաքացի բլոգերին սպառնում է քրեական հետապնդում 281.2 (երկրի դեմ ուղղված հրապարակային կոչեր) և 318 (Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի անօրինական հատում) հոդվածներով: Երկու հոդվածներով Լապշինին սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում:




Լրահոս