ՍԱՊԾ ՊՈԱԿ-ում խոշոր չափերով յուրացման դեպքի առթիվ քրգործ է հարուցվել. գլխավոր դատախազություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ուսումնասիրվել են ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից ներկայացված փաստաթղթերը, որի արդյունքում պարզվել է, որ «Հանրապետական անասնաբուժասանիտարական եւ բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի հրամանով ստեղծված հանձնաժողովի կողմից 2014թ.-ին կատարված գույքագրմամբ նույն ՊՈԱԿ-ին պատկանող, Գյումրու տարածքային կենտրոնում արձանագրվել է ընդհանուր առմամբ՝ 5.074.372 ՀՀ դրամի նյութական մնացորդների պակաս:

Արձանագրված պակասորդի վերաբերյալ գույքագրման հանձնաժողովի նախագահի կողմից զեկուցագիր է ներկայացվել ՊՈԱԿ-ի տնօրենին, սակայն պակասորդի հանգամանքները պարզելու, պատճառված վնասը վերականգնելու ուղղությամբ ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձանց կողմից որեւէ միջոց չի ձեռնարկվել:

Նկատի ունենալով, որ արձանագրված խախտումներն առերեւույթ պարունակում են հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:




Լրահոս