ՀԱՐՑ. Անշարժ գույքի գործարքների պարտադիր նոտարական վավերացման պահանջը վաղուց վերացել է: Խնդրում եմ ասեք՝ ներկայումս ի՞նչ գործընթաց է ենթադրում վերջինս:
Եպրաքսիա Մելքոնյան (49 տարեկան, հաշվապահ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ե. Մելքոնյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ 2012 թվականի հունվարի 1-ից անշարժ գույքի գործարքները հնարավոր է կնքել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի սպասարկման գրասենյակներում՝ առանց նոտարական գրասենյակ այցելելու:
Այդ նպատակով անշարժ գույքի նկատմամբ որեւէ գործարք կնքելու մտադրություն ունեցող անձինք պետք է նախ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված օրինակելի պայմանագրերից ընտրեն իրենց գործարքին համապատասխանող պայմանագրի տեսակը, լրացնեն օրինակելի պայմանագրի մեջ լրացման ենթակա տվյալները եւ անձամբ ներկայանան կադաստրի պետական կոմիտեի որեւէ սպասարկման գրասենյակ, որտեղ համապատասխան պաշտոնատար անձի ներկայությամբ պետք է ստորագրեն կազմված պայմանագիրը:
ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնում ենք, որ գործարքներից, այդ թվում՝ առքուվաճառքի պայմանագրերից ծագող իրավունքների պետական գրանցման դիմում կարող է ներկայացնել այդ գործարքի կողմերից յուրաքանչյուրը: