Ղազախստանի հավաքականին տեղափոխող ինքնաթիռը Երևան է վերադարձել թռիչքից մեկուկես ժամ անց. նոր մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ղազախստանի ֆուտբոլի ազգային հավաքականին տեղափոխող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել «Զվարթնոց» օդանավակայանում, ինչի առնչությամբ ՀՀ քաղաքացիական ավիացիան հաղորդագրություն է տարածել։

«Ղազախստանի ֆուտբոլի ազգային հավաքականի՝ «Զվարթնոց» օդանավակայանում հարկադիր վայրէջքի հետ կապված տեղեկատվության վերաբերյալ ՀՀ քաղաքացիական ավիացիայից հայտնում ենք, որ հավաքականի հետադարձ թռիչքը նախատեսվում էր մարտի 27-ին՝ ժամը 00:30-ին, սակայն այն իրականացվել է ժամը 1:13-ին՝ ռուսական Severstal ավիաընկերության կողմից:

Թռիչքի ընթացքում պարզվել է, որ օդանավն ունի շասիի անսարքություն, այդ իսկ պատճառով, անվտանգությունից ելնելով և հետագա խնդիրներից խուսափելու նպատակով, օդանավը վերադարձել է և ժամը 2:46-ին վայրէջք է կատարել «Զվարթնոց» օդանավակայանում»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ Ղազախստանի ֆուտբոլի հավաքականի չվերթը նախատեսվում է այսօր՝ ժամը 16:00-ին:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղար Հայկ Կարապետյանն ավելի վաղ Tert.am-ի հետ զրույցում հայտնել էր, որ Ղազախստանի հավաքականի ֆուտբոլիստները վերադարձել են հյուրանոց և սպասում են, որ ինքնաթիռի խնդիրը կարգավորվի։




Լրահոս