Մարտի 25-ին տեղի ունեցավ ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի եւ 50 մշակութային ՀԿ-ների ներկայացուցիչների հանդիպումը: Վերջիններս նախարարին ուղղեցին իրենց ոլորտի խնդիրների շուրջ տարաբնույթ հարցեր, իսկ Ա. Ամիրյանն էլ փորձեց պատասխանել դրանց եւ հանդես եկավ առաջարկներով: «Ժողովուրդ»-ը ֆիքսել է մի քանի ենթաոլորտներին առնչվող խնդիրներ, որոնք նախարարի պարզաբանումների հետ ներկայացնում ենք ստորեւ:
Հուշարձանների պահպանության ոչ գոհացուցիչ վիճակ
ԻԿՕՄՕՍ կազմակերպության հայաստանյան գրասենյակի նախագահ Գագիկ Գյուրջյանը մշակույթի նախարարից հետաքրքրվեց` ինչ քայլեր է ձեռնարկում պետությունը պատմամշակութային հուշարձանների պահպանման ուղղությամբ. «Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ հուշարձանների պահպանման, վերականգնման խնդիրները պատշաճ մակարդակով չեն լուծվում: Մեծ մասամբ դա կախված է կառավարման համակարգի անկատար լինելուց»,-նկատեց նա, ինչին ի պատասխան՝ Ա. Ամիրյանը նշեց. «Շուտով քննարկելու ենք նոր կառույցի ստեղծման հարցը, այն կառույցի, որը զբաղվելու է պատմամշակութային հուշարձանների նորոգման եւ պահպանման հարցերով: Տարեկան 250 միլիոն դրամ է տրամադրվում 24 հազար հուշարձանի պահպանման համար: Եթե այդ 250 միլիոն դրամը փորձենք հավասարաչափ բաշխել բոլոր հուշարձանների վրա, ոչինչ դուրս չի գա: Այդ պատճառով մենք փոխել ենք մեր մոտեցումները` գումարները կենտրոնացնելով թվով քիչ հուշարձանների վրա, որպեսզի տարվա ընթացքում աշխատանքի արդյունք ունենանք: Մասնավորապես 2017-ին ավարտին ենք հասցնում 7 հուշարձանի ամրակայման աշխատանքները»:
Նոր կառույց է ստեղծվում
ՀԿ-ների ներկայացուցիչների հետ քննարկման ժամանակ անդրադարձ կատարվեց նաեւ կինոոլորտին: Նախարարը հիշեցրեց, որ տարեկան 150 միլիոն դրամ տրամադրվում է «Կինոկենտրոնին», շուրջ 300 միլիոն դրամ` ֆիլմարտադրությանը. «Վերջին վեց ամիսների ընթացքում ինձ ստիպելով դիտել եմ 2015-ին եւ 2016-ին Հայաստանում արտադրված մի շարք ֆիլմեր եւ դեմքի տխուր արտահայտությամբ դուրս եմ եկել դահլիճից: Բայց պետք է դիտեի` հասկանալու համար` ինչի համար ենք գումարներ ծախսել: Եկանք այն եզրահանգման, որ ինչ արել ենք, թերեւս ճիշտ չենք արել: Որոշեցինք մեր որդեգրած քաղաքականության մեջ մոտեցումներ փոխել, ԱՄՆ-ից հրավիրեցինք հոլիվուդյան կինոարտադրության գիտակ, պրոդյուսեր Արսեն Բաղդասարյանին: Նա արդեն Հայաստանում է եւ զբաղված է մի կառույցի` կինոյի հանձնակատարի ինստիտուտի ստեղծմամբ, որը կորոշի` որ ֆիլմերին, ինչ պայմանների դեպքում պետք է պետությունը աջակցի, որքան գումար ենք արդյունքում շահելու, որքան տոմս է վաճառվելու, որքան մարդ է ֆիլմը նայելու: Մեր խնդիրն է հայ կինոն հանրահռչակել աշխարհում»,-մեկնաբանեց նա:
Պետության եւ մասնավորի համագործակցության առաջարկ
Հայաստանի ժողովրդական վարպետ, «Կենաց տուն» ՀԿ ղեկավար Լալա Մնեյանը հանդիպման ընթացքում հանդես եկավ պետության եւ մասնավոր հատվածի ուժերի միավորման առաջարկով. «Մեր ՀԿ-ն (եւ ոչ միայն) ունի ներուժ` կապված սահմանամերձ շրջաններում ժողովրդական արհեստի տարբեր ճյուղերի ուսուցման հետ: Այսինքն` մենք տեղում կսովորեցնենք տարբեր արհեստներ (թաղիքագործություն, խեցեգործություն կարպետագործություն եւ այլն), եւ եթե լինեն շահագրգիռ մարդիկ, կֆինանսավորեն փոքրիկ արտադրություն մարզերում»,- շեշտեց նա: Նախարարը համարեց, որ առաջարկը լավն է, եւ խոստացավ ընթացք տալ դրան:
Ֆինանսավորում մարզեր վերադարձողներին
Հանդիպման ընթացքում Արմեն Ամիրյանը, անդրադառնալով մարզերում մշակութային պասիվ կյանքին, հանդես եկավ հետեւյալ հայտարարությամբ. «Մշակութային բուհերի այն շրջանավարտները, որոնք պատրաստ են վերադառնալ հայրենի մարզ, գյուղ եւ ստեղծել մշակութային միավոր` պարախումբ, թատերախումբ եւ այլն, նախարարությունը պատրաստ է երկու տարի ֆինանսավորել: Բայց պետք է նախապես քննարկվի բիզնես պլանը: Նախագիծը պետք է երկու տարի անց ինքնաբավ լինի»,-ասաց նա: Նույնիսկ դահլիճում տեղի ունեցավ նախնական պայմանավորվածություն: Թատերական ինստիտուտի ուսանողներից մեկը, ով ծնունդով Չարենցավանից է, նշեց, որ իր քաղաքում թատրոն հիմնելու երազանք ունի, իսկ նախարարն էլ խոստացավ երկու տարվա ֆինանսավորում, եթե նա վերադառնա հայրենի քաղաք:
Պետությունը չի ֆինանսավորի, կաջակցի
Մշակութային ՀԿ-ների մի քանի ներկայացուցիչներ, որոնք զբաղվում են փառատոների կազմակերպմամբ, դիմեցին Ա. Ամիրյանին` ակնկալելով պետական աջակցություն: Նախարարը առաջարկեց հստակ ներկայացնել` ինչ նպատակով է անցկացվում տվյալ փառատոնը. «Եթե մենք ուզում ենք, որ տվյալ փառատոնը շարունակական լինի, պետք է հասկանանք, թե որն է լինելու դրա արդյունքը, մուլտիպլիկատիվ էֆեկտ ունենալու ենք, թե ոչ: Հարկավոր է ձերբազատվել այն գաղափարից, որ փառատոնը պետք է ամբողջությամբ պետությունը ֆինանսավորի: Պետությունը կարող է աջակցել, այլ ոչ թե անընդհատ ֆինանսավորել: Եթե փառատոնը շարունակական չի դառնում, չի կարողանում ինքնաբավ դառնալ, թերեւս սխալ է կազմակերպվում»,-ասաց նա:
Կույրերի եւ խուլերի համար պայմաններ չկան
Հանդիպման ընթացքում նախարարին հարցրին` նախատեսվում է արդյոք մեր թանգարաններում ստեղծել սրահներ` խուլերի եւ կույրերի համար: «Կույրերի համար նախատեսել ենք, օրինակ, նոր գրքերի հրատարակում (Հ. Թումանյանի հեքիաթները երեխաների համար): Բայց թանգարանների սրահների մասին, անկեղծ ասած, չէի մտածել, կարող ենք խոսել այդ մասին: Ավելի վաղ քննարկել ենք թանգարանների պայմանները հենաշարժողական խնդիրներ ունեցող մարդկանց հարմարեցնելու հարցը: Սա հսկայական ներդրումներ է պահանջում, որոնք, ցավոք, բյուջեով նախատեսված չեն: Բայց մենք փորձում ենք դիմել միջազգային տարբեր կազմակերպությունների եւ ստանալ դրամաշնորհներ, ինչու ոչ, նաեւ վարկային ռեսուրսներ»,-պատասխանեց Ա. Ամիրյանը:
Աննա Բաբաջանյան