Պատրաստ եմ եթերով բանավիճել տնտեսության հետ կապված հարցերի շուրջ. Հակոբ Հակոբյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեր զրուցակիցն է Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված ռեյտինգային թեկնածու, ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը:

-Պարո՛ն Հակոբյան, Դուք երրորդ անգամ եք հայտ ներկայացրել ԱԺ պատգամավոր դառնալու` այս անգամ ռեյտինգային կարգով: Ինչո՞ւ, ի՞նչ կիսատ գործեր ունեիք:

-Պետք է ասեմ, որ ժողովուրդը երկու անգամ իր վստահության քվեն տվել է ինձ, եւ ես փորձել եմ ժողովրդի վստահությունը արդարացնել իմ օրենսդրական գործունեությամբ: Լինելով ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ՝ փորձել եմ օրենսդրական գործունեությամբ նպաստել տնտեսության ոլորտում առկա հիմնախնդիրների լուծմանը: Չնայած իմ կողմից կատարված մեծածավալ աշխատանքին, այդուհանդերձ անավարտ գործեր եւս կան, որոնք եւս պետք է բարձրաձայնվեն, քննարկվեն ու կենսակոչվեն ի նպաստ մեր ժողովրդի: Ասեմ, որ ես երբեւէ ոսկե սարեր չեմ խոստացել իմ ընտրողներին, ընդամենը ասել եմ հետեւյալը` ինչպես աշխատել եմ այս տարիների ընթացքում, նույն աշխատաոճով էլ շարունակելու եմ: Եթե կգնահատեն ու իրենց քվեն կտան ինձ իբրեւ պատգամավոր, բնականաբար կփորձեմ հաջորդ հինգ տարիների ընթացքում իմ կիսատ թողած աշխատանքները ամբողջությամբ ավարտել:

-Կմասնավորեցնեի՞ք անավարտ գործերի մասով:

-Շատ անելիքներ կան ժողովրդի սոցիալական վիճակի բարելավման, ինչպես նաեւ տնտեսության ոլորտում բարեփոխումների հետ կապված:

-Պարո՛ն Հակոբյան, ՀՀԿ-ն, որի անդամ եք Դուք, ի դեմս նոր վարչապետի որդեգրել է տնտեսական քաղաքականության իրականացման նոր սկզբունքներ: Դրանք Ձեզ համար ընկալելի՞ են որպես գործարար ու այդ ոլորտի համար համապատասխան օրենսդրություն մշակող պատգամավոր:

-Կարծում եմ, որ նոր վարչապետը կառավարության աշխատանքներում փոփոխություններ արդեն կատարել է, եւ այդ գործընթացը շարունակվում է: Մենք էլ իբրեւ բիզնեսում փորձ ունեցողներ, պետք է աջակցենք կառավարությանը եւ այնպիսի օրենքների նախագծեր ներկայացնենք, որոնք կնպաստեն ե՛ւ տնտեսության, ե՛ւ բիզնեսի զարգացմանը: Գաղտնիք չէ, որ դեռեւս ունենք օրենքներ, որոնք թերի են, շատ հարցերում խանգարում են բիզնեսի զարգացմանը եւ լրամշակման կարիք ունեն:

-Կմասնավորեցնե՞ք, թե որ օրենքներն են դրանք:

-Օրինակ՝ ալկոհոլային խմիչք արտադրող ձեռնարկությունները իրենց ֆիրմային խանութներով իրավունք չունեն 10 տոկոսից ավել ապրանք իրացնել: Կարծում եմ՝ դա իրատեսական չէ, քանի որ, իմ կարծիքով, բոլորն էլ, առանց բացառության, ուրիշ կազմակերպությունների միջոցով դա իրականացնում են: Կարծում եմ, որ ցանկացած արտադրող ուրախ կլինի, եթե հնարավորություն ունենա ամբողջը իրացնել հաշիվ ապրանքագրով, ոչ թե դա կատարի հաշվիչ դրամարկղային միջոցով:

-Բազմաթիվ կուսակցություններ ու դաշինքներ այս օրերին խոսում են տնտեսության խնդիրների մասին՝ նշելով, որ շատ կարեւոր է շեշտադրում անել ոլորտի զարգացման վրա:

-Պետք է ասեմ, որ հիմա նախընտրական շրջան է, եւ ես հնարավորություն չեմ ունեցել ծանոթանալ կուսակցությունների ու դաշինքների հայտարարություններին, սակայն գաղտնիք չէ, որ նախընտրական քարոզարշավների ժամանակ այնպիսի խոստումներ են տալիս, որոնք իրատեսական չեն:

Իսկ եթե որեւէ կուսակցության ներկայացուցիչ կցանկանա թեկուզ եթերով բանավիճել տնտեսության հետ կապված հարցերի շուրջ, ես պատրաստ եմ յուրաքանչյուրի հետ քննարկել ցանկացած հարց եւ իմ իմացության սահմաններում ճիշտ ուղիներ մատնանշել: Չեմ ուզում անուններ նշել, բայց այսօր կուսակցություններից մեկ- երկուսը խոստանում են, որ ընտրվելուց հետո անմիջապես կվերադարձնեն խորհրդային տարիներին բանկերում մնացած ավանդները եւ որպես երաշխիք անձնագրերի պատճեններ են հավաքում՝ մոլորեցնելով մարդկանց: Դա իրականության հետ ընդհանրապես կապ չունի, կարծում եմ՝ անհարմար է նման ձեւով խաբել մեր ժողովրդին:

Ինձ բազմաթիվ հարցեր են ուղղվում ավանդների վերադարձի հետ կապված, ինչին ես պատասխանում եմ, որ ավանդները վերադարձվում են պետական բյուջեի միջոցներով, եւ գումար է հատկացվում բյուջեի նախագծի քննարկման ժամանակ` բյուջեի հնարավորության սահմաններում: Իհարկե, ցանկալի կլիներ շատ գումար ունենալ եւ ավանդների վերադարձը միանգամից կազմակերպել, բայց քանի որ մեր բյուջեն այդ հնարավորությունները չունի, կառավարությունը դա անում է հնարավարության շրջանակներում, իսկ դրանից ավել խոստումներ տալը ուղղակի աններելի է:

-Ձեզ բավարարո՞ւմ է կոռուպցիայի, մոնոպոլիաների ու ստվերի դեմ պայքարի իշխանության տեմպերը:

-Պետք է ասեմ, որ այո, նկատելի աշխատանք է կատարվել: Ես չեմ ուզում գնահատականներ տալ, բայց որպես բիզնեսին մոտ կանգնած մարդ տեսնում եմ, թե հարկային համակարգում ինչ փոփոխություններ են կատարվում: Դա այն սկիզբն է, որը ազդարարել է վարչապետ Կարեն Կարապետյանի ղեկավարած կառավարությունը:

Լիլիթ Ավետիսյան




Լրահոս