Որքան ձայն հավաքեց փոքրիկ Լոքյանը և ինչու պատգամավոր չդարձավ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի երիտասարդ որդին՝ Սերգեյ Լոքյանը, որ ԱԺ պատգամավորի մանդատի համար կռիվ էր տալիս դաշնակցության կողմից, ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի օգնականն էր, հավատարիմը: Տարիներ շարունակ Հովիկ Աբրահամյանն ուր գնում էր, փոքրիկ Լոքյանը շողքի պես հետեւում էր նրան: Սակայն վարչապետի հրաժարականից հետո մտաբերեց դաշնակցական անցյալը եւ առաջադրվեց Երեւանի թիվ 1 ընտրատարածքում:

Իր գիտակից կյանքում ՀՀԿ-ի բարօրության համար աշխատած Սերգեյ Լոքյանը բավականին ակտիվ քարոզչություն էր անում դաշնակցության օգտին` երբեմն կիսախարխուլ տնակների վրա փակցնելով իր նախընտրական պաստառները:

Իսկ որքան ձայն հավաքեց Սերգեյ Լոքյանը Ավան, Նոր-Նորք եւ Քանաքեռ Զեյթուն վարչական շրջաններն ընդգրկող թիվ 1 ընտրատարածքում: Մեղմ ասած քիչ` ընդամենը 2524 ձայն: Սա այն դեպքում, երբ Լոքյանները ահռելի կարողության տեր են:

Հիշեցնենք, որ երիտասարդ Լոքյանը «Այուդի-Լոս» և «Սևադալ ՀԷԿ» ընկերությունների հիմնադիրն է, որը ՀԷԿ է շահագործում: Քարինջ գյուղից ոչ հեռու՝ Իքատակ կոչվող հանդամասում, Մարցիգետին է միանում Սառնաղբյուր վտակը, հենց այդտեղից էլ սնվում է փոքր ՀԷԿ-ը։ Ինչպես հայտնի է, ՀԷԿ-երը գերշահույթ ապահովող բիզնեսի տեսակներից է, որը աղտոտում եւ լուրջ վնաս է պատճառում շրջակա միջավայրին:

Դավիթ Լոքյան

Ինչ վերաբերում է հայր Լոքյանին, ապա նա պաշտոնապես հայտարարագրել է իր աշխատավարձը՝ 7 մլն 949 հազար դրամը, «Պրոտան» ընկերությունից ստացած 9 մլն դրամի, «Նետրինո»-ից 21 մլն դրամի եւ «Իզոտոպ Դելտա»-ից՝ 9.6 մլն դրամի շահույթը: Նա ունի նաեւ 4000 դոլար, 2000 եվրո եւ 4.4 մլն դրամ կանխիկ գումար: Նշենք, որ Լոքյանը «Նետրինո» ընկերությունում ունի 9 տոկոս, «Պրետոն»-ում՝ 4 տոկոս, «Իզոտոպ Դելտա»-ում՝ 5 տոկոս բաժնեմաս: Ըստ ամենայնի, Լոքյանները ժլատություն են արել ընտրարշավի ժամանակ, դրա համար էլ Սերգեյ Լոքյանն ընդամենը 2524 ձայն հավաքեց:

Արփինե Թովմասյան




Լրահոս