«Փաստ» օրաթերթը գրում է. «Վայոց ձորի եւ Սյունիքի մարզերն ընդգրկող թիվ 12 ընտրատարածքում ամենաշատ ձայներն է հավաքել Սյունիքի ՀՀԿ–ական մարզպետ Վահե Հակոբյանը՝ 21823 ձայն, ԱԺ պատգամավոր, «Ջերմուկ գրուպ»–ի սեփականատեր Աշոտ Արսենյանը 17563 ձայն է ստացել:
Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը երեկ հրաժարվեց պատասխանել վարչական ռեսուրսի կիրառման առթիվ «Փաստի» հարցին՝ հայտարարելով. «Ես ոչ մի քոմենթ չեմ տալիս»:
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը «Փաստի» հարցին, թե ինչպե՞ս է գնահատում անցած ընտրությունները, եւ արձանագրվածը մարզպետի՞ ձայներն էին, թե՞, այնուամենայնիվ, ՀՀԿ–ի, քանի որ նոր մարզպետ է Վահե Հակոբյանը, ասաց. «Դե, եւ՛ ՀՀԿ–ի, եւ՛ մարզպետի, էլի: Բավականին նորմալ ընտրություններ էր»: Հետաքրքրվեցինք, թե սյունեցիներն այդքան գո՞հ են նոր մարզպետից, Խաչատրյանն ասաց. «Եթե գոհ չլինեին, չէին ընտրի, էլի»:
Տեղեկություն կա, որ Սյունիքում վարչական ռեսուրս է օգտագործվել, եւ այդ ռեսուրսի միջոցով է ՀՀԿ–ն ձայներ ապահովել: «Ոչ թե վարչական ռեսուրսով, նաեւ՝ վարչական ռեսուրսով: Էդ վարչական ռեսուրսը վերջիվերջո պետք ա գնար ընտրությունների՞, թե՞ չէ: Ես գիտեմ, որ ընտրություններին բոլորն են մասնակցում: Եթե նա համարվում ա էս երկրի քաղաքացի, նա պարտավոր ա ընտրություններին մասնակցի: Կարեւորը, որ ստիպողական չի եղել»,- հայտարարեց նախկին մարզպետը:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: