Տանզանիացի մոդելը` ABBA խմբի անդամի հարսը, կժամանի Հայաստան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տանզանիացի մոդել-դիզայներ Բեբիմերի Սթրոմբերգը այս տարի լինելու է «Արտ Ֆեստ» երիտասարդական միջազգային փառատոնի հագուստի մոդելավորման բաժնի ժյուրիի կազմում, փառատոնային օրերին էլ գտնվելու է Հայաստանում: Փառատոնի նախագահ Էրիկ Բարսեղյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց՝ ժյուրիի կազմում են նաեւ դիզայներներ Լիլիթ Մելիքյանը, Արամ Նիկոլյանը, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը:

Ի դեպ, Է. Բարսեղյանը տեղեկացրեց, որ Բեբիմերի Սթրոմբերգը սերում է տանզանիական ամենամեծ Սուկումա տոհմից, եւ նրա կարգավիճակը թույլ է տալիս դառնալու այդ տոհմի թագուհին: Մեկ ուշագրավ փաստ եւս. մոդելի ամուսինը շվեդական աշխարհահռչակ «ABBA» խմբի անդամ Բեննի Անդերսոնի որդին է:

Սթրոմբերգը մասնագիտությամբ դիզայներ է, որոշ ժամանակ զբաղվել է նաեւ հոգեւոր երգարվեստով («Gospel» ժանրում), այժմ լուսանկարվում է տարբեր ամսագրերի համար, պատրաստվում է մասնագիտական գրքի հրատարակման:
Այն հարցին, թե ինչ հեռանկարներ է բացում տանզանիացի մոդելի ներկայությունը փառատոնին, մեր զրուցակիցը պատասխանեց. «Վստահ եմ, որ կստեղծվի համագործակցության հնարավորություն մոդելի եւ փառատոնի մասնակիցների միջեւ: Մենք արդեն ունենք դրա նախադեպը. «Արտ Ֆեստ»-ի շնորհալի մասնակիցներից մեկն այժմ աշխատում է նախորդ տարի ժյուրիի կազմը համալրած լուսանկարիչ Սամվել Սեւադայի արվեստանոցում»:

Հավելենք, որ «Արտ Ֆեստին» հղված ուղերձում Բեբիմերի Սթրոմբերգը նշել է. «Ինձ համար մեծ պատիվ է «Արտ Ֆեստի» մի մասնիկը դառնալը: Արվեստը գեղեցիկի մշակույթն է, որը մենք պետք է հարգենք, սկսենք ավելի գնահատել եւ սիրով ընդունել: Անհամբեր սպասում եմ այն պահին, երբ կայցելեմ ձեր գեղեցիկ քաղաք Երեւան եւ կհանդիպեմ նոր, երիտասարդ ու տաղանդավոր արվեստագետների, հագուստի մոդելավորողների եւ այլ մասնագետների հետ»:

Նշենք, որ փառատոնը մրցութային բնույթի է, որին մասնակցում են 16-30 տարիքային սահմանում գտնվող անհատներ ու ստեղծագործական խմբեր: Մասնագիտական հանձնախումբը դիտում է ցուցադրությունները, ընտրում լավագույն աշխատանքները եւ մրցանակաբաշխության օրը հանդիսավորությամբ հանձնում մրցանակները։

Աննա Բաբաջանյան




Լրահոս