«Դար 21» հեռուստաընկերության աշխատակիցները դիմել են «Ժողովուրդ» օրաթերթին եւ հայտնել, որ իրենք դեռեւս անցած տարվա դեկտեմբեր ամսից աշխատավարձեր չեն ստացել: Իսկ երբ Հ/Ը-ի ղեկավարությունից փորձել են հետաքրքրվել, թե երբ են ստանալու իրենց աշխատավարձերը, անորոշ պատասխաններ են լսել «Մենք ի՞նչ իմանանք՝ ռուսները երբ են փող տալու, որ մենք էլ ձեզ տանք»: Մի շարք աշխատակիցներ էլ աշխատավարձերի ուշացման պատճառով ինքնակամ ազատվել են աշխատանքից, եւ ընկերությունը անգամ չի բարեհաճել նրանց վերջնահաշվարկ վճարել:
Մեկնաբանությունների համար «Ժողովուրդ»-ը փորձեց կապ հաստատել ընկերության տնօրենի հետ, սակայն նրա օգնական Ռիման, ով հրաժարվեց նշել իր ազգանունը, խիստ անտարբեր տոնով հայտարարեց. «Ես տեղեկություն չունեմ: Բան չունեմ ասելու: Ինչ ուզում եք՝ տպեք, ինչ ուզում եք՝ գրեք»: