Միջազգային հանրության ուշադրության կենտրոնում կրկին արցախյան հիմնախնդիրն է. ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերվելու Մոսկվայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Միջազգային հանրության ուշադրության կենտրոնում կրկին Արցախյան հիմնախնդիրն է: Այս հարցը ժամանակավորապես երկրորդ պլան էր մղվել այն բանից հետո, երբ սիրիական ճգնաժամում խորացավ լարվածությունը: Ապրիլի 7-ին ԱՄՆ-ը ռմբակոծեց Սիրիայի Շայրաթ ռազմաբազան՝ այդպես հարուցելով ՌԴ լուրջ դժգոհությունը եւ նպաստելով ճգնաժամում լարվածության խորացմանը: Այսօր, սակայն, կարելի է ասել` իրավիճակը մասամբ հարթվել է: Եվ Սիրիայի ճգնաժամում իրավիճակը հանդարտվելուց հետո ՌԴ-ն, որ տեւական ժամանակ արցախյան հիմնահարցի կարգավորման գործընթացում իր ձեռքն է վերցրել նախաձեռնությունը, փորձում է արագացնել այն, եւ այս օրերին ականատեսն ենք լինելու գործնական քայլերի: Ընդ որում, տեսակետ կա, որ Սիրիայի դեպքերը նոր թափ են հաղորդել արցախյան հիմնահարցը հնարավորինս արագ կարգավորելու ռուսական ծրագրին:
Պատահական չէ, որ վաղը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հրավերով Մոսկվայում կկայանա Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպումը. հայկական կողմը պաշտոնապես հայտարարել է հանդիմանը մասնակցելու մասին: Ենթադրվում է` Մոսվկայում ԱԳ նախարարները քննարկելու եւ պայմանավորվածություններ են ձեռք բերելու Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիեւ հետագա հանդիպման կազմակերպման հարցում. հանդիպում, որի անհրաժեշտության մասին խոսվում էր տեւական ժամանակ:

Հիշեցնենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների վերջին հանդիպումը տեղի էր ունեցել Մյունխենում` այս տարվա փետրվարին, Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում: Այդ օրերին զուգահեռաբար Փարիզ եւ Մոսկվա էին մեկնել նաեւ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը: Բայց, հավանաբար, նաեւ հայաստանյան խորհրդարանական ընտրությունների պատճառով նրանց հանդիպումը հետաձգվել էր մինչեւ ապրիլ:

Մինչ այդ, երեկ Մոսկվայում ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ համատեղ ասուլիսին Սերգեյ Լավրովը խոսել է ԼՂ խնդրի մասին: «Մենք տեսնում ենք ԵԱՀԿ ձգտումը` օժանդակել Մերձդնեստրում, Լեռնային Ղարաբաղում առկա խնդիրների լուծմանը: Նաեւ ականատեսն ենք Անդրկովկասում անվտանգության եւ կայունության պահպանմանն ուղղված ժնեւյան բանավեճին ԵԱՀԿ դրական մասնակցությանը: Այդ բոլոր ուղղություններում կարգավորման ճանապարհին բավական լուրջ խոչընդոտներ են առկա: Այնուհանդերձ, կարգավորման գործընթացներում ներգրավված բոլոր արտաքին խաղացողները հակված են պայմաններ ստեղծել` հակամարտություններում անմիջականորեն ներգրավված կողմերի միջեւ փոխզիջումների որոնման համար»,- ասել է նա: Հատկանշական է այն հանգամանքը, որ չնայած սիրիական խնդրում ՌԴ-ի ու ԱՄՆ-ի միջեւ տարաձայնություններին, արցախյան հիմնախնդրում նրանք կարծես թե միակարծիք են. համենայն դեպս, այդ մասին են վկայում մինչ այս հնչած հայտարարությունները, նաեւ Լավրովի երեկվա խոսքերը հակամարտության կարգավորման գործընթացում ներգրավված արտաքին խաղացողների վերաբերյալ:

Ուշագրավ է փաստը, որ սրան զուգահեռ երեկ Հայաստանում էր Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին, որը հանդիպել է Սերժ Սարգսյանի ու Էդվարդ Նալբանդյանի հետ: Քննարկումների հիմնական թեման էլ եղել է ԼՂ խնդրի կարգավորման գործընթացում տիրող իրավիճակը: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Նալբանդյան-Զալբերի հանդիպման ժամանակ խոսվել է Ղարաբաղյան խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու նպատակով համապատասխան պայմանների ստեղծմանն ուղղված՝ Հայաստանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերի մասին, շեշտվել Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում նախորդ տարի կայացած գագաթնաժողովներին ձեռք բերված համաձայնությունների իրականացման անհրաժեշտությունը:
Իսկ Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովը երեկ հայտարարել է, թե իրենք պատրաստ են առարկայական բանակցություններին, եւ եկել է խոսքից գործի անցնելու ժամանակը: «Հույս ունենք, որ Մոսկվայում հանդիպումը կդառնա Սանկտ Պետերբուրգում նախագահների մակարդակով անցկացված կառուցողական բանակցությունների շարունակությունը: Եկել է խոսքից գործի անցնելու ժամանակը: Ադրբեջանը պատրաստ է առարկայական բանակցություններին, ինչի մասին մենք բազմիցս հայտարարել ենք»,- ասել է Մամեդյարովը` հավելելով, որ հակամարտության կարգավորման հարցում առաջընթացի ձեռքբերման համար պետք է իրականացվեն Սանկտ Պետերբուրգի հանդիպմանը քննարկված քայլերն ու ծրագիրը

Միայն թե, նկատենք, որ այս հարցում ադրբեջանական կողմը, ինչպես միշտ, ազնիվ չէ. չէ՞ որ հենց իրենք են խոչընդոտում հայ-ադրբեջանական սահմանին մշտադիտարկման սարքերի տեղադրման գործընթացին եւ հենց իրենք են խուսափել նախորդ տարի Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ընդունված պայմանավորվածությունները կատարելուց:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս