Առաջին հերթին մանդատները տրամադրվելու են վարկանիշային ընտրակարգով ընտրվածներին. ինչպես են բաշխվելու մանդատները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վեցերորդ գումարման խորհրդարանի առաջին նիստը կգումարվի մայիսի 18-ին: Մինչ այդ պետք է պատգամավորներին տրամադրվեն մանդատները: Ընտրական օրենսգիրքը սահմանում է, որ ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուներին մանդատների տրամադրումն իրականացվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արձանագրությամբ` գրանցելով համապետական ընտրական ցուցակից և տարածքային ընտրական ցուցակից ընտրված Ազգային ժողովի պատգամավորներին:

Ընդտրական օրենսգրքի 100-րդ հոդվածի համաձայն` առաջին հերթին մանդատները տրամադրվում են տարածքային ընտրական ցուցակով ընտրված պատգամավորներին:

Ընտրական տարածքում կուսակցությանը հասանելիք մանդատներն ստանում են տվյալ ընտրական տարածքին հասանելիք մանդատների թվին հավասար թվով այն թեկնածուները, որոնք ստացել են առավելագույն կողմ քվեարկված քվեաթերթիկներ:

Երկրորդ հերթին մանդատները նույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված կարգով տրամադրվում են ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին: Երրորդ հերթին մանդատները տրամադրվում են կուսակցության համապետական ընտրական ցուցակի առաջին մասի թեկնածուներին` ըստ հերթականության: Եթե դրա արդյունքում կուսակցության բոլոր մանդատները բաժին են հասնում նույն սեռի ներկայացուցիչներին, ապա վերջին թեկնածուն իր մանդատը զիջում է համապետական ընտրական ցուցակի առաջին մասի՝ չներկայացված սեռի նվազագույն համարով թեկնածուին, եթե կա:

Հավելենք, որ տարածքային ընտրական ցուցակից մանդատից հրաժարված կամ ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արձանագրությամբ այդ մասին հանձնաժողովին իրազեկելուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, տրվում է այդ կուսակցության տվյալ տարածքային ընտրական ցուցակից առավելագույն ձայներ ստացած հաջորդ թեկնածուին:

Համապետական ընտրական ցուցակի առաջին մասից մանդատից հրաժարված կամ պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արձանագրությամբ այդ մասին հանձնաժողովին իրազեկելուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, տրվում է այդ կուսակցության համապետական ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածուին, իսկ եթե դրա արդյունքում տվյալ խմբակցության որևէ սեռի ներկայացուցիչների թիվը նվազում է և արդյունքում ցածր է լինելու 25 տոկոսից, ապա տրվում է այդ կուսակցության համապետական ընտրական ցուցակի առաջին մասի նվազ ներկայացված սեռի հաջորդ թեկնածուին, եթե կա:

Կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված անձանց կողմից ներկայացված ինքնաբացարկի կամ մանդատից հրաժարվելու դիմումները վավերացվում են նոտարական կարգով, կամ համապատասխան դիմումը անձը հաստատում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստում:




Լրահոս