«Կարգին հաղորդում», «Կարգին սերիալ»,«No comment» հումորային նախագծերից, մի շարք գեղարվեստական ֆիլմերից հայտնի, Երեւանի պետական կամերային թատրոնի դերասան Անդրանիկ Հարությունյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ հունիսի սկզբից կմեկնարկեն «Սուպեր մամա 2» գեղարվեստական ֆիլմի նկարահանումները․«Էլի ընդգրկված եմ կինոնկարում՝ նույն կերպարով։ Կարծում եմ՝ ֆիլմի 2-րդ մասը նույնքան հետաքրքիր կլինի, որքան առաջինը, այն էլի կլցնի կինոթատրոնները հանդիսականով․կան սյուժետային փոփոխություններ, որոնք էլ ավելի կհետաքրքրացնեն ֆիլմը»,- ասաց նա։
Խոսելով նոր դերերից՝ Անդրանիկը նշեց, որ Նարեկ Դուրյանի հիմնադրած եւ նրա կողմից ղեկավարվող «Բոհեմ» թատրոնում բեմադրվել է «Ճտերն աշնանն են հաշվում» ներկայացումը, որտեղ ինքը մարմնավորում է ոստիկանի․«Հումորով ենք մոտեցել ոստիկանի կերպարին՝ առանց վարկաբեկելու նրան»,-նշեց դերասանը։
Նա, դեռեւս առանց մանրամասներ հայտնելու, հավելեց, որ ընդգրկված է նաեւ մեկ այլ հետաքրքիր նախագծում, որը կներկայացվի օնլայն տիրույթում։
Մենք Անդրանիկի հետ զրուցեցինք նաեւ մայիսի 14-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրությունների մասին՝ հետաքրքրվելով, թե արդյոք վերջինս կողմնորոշվել է՝ քաղաքապետի երեք թեկնածուներից ում տա իր ձայնը։ Դերասանը պատասխանեց, որ արդեն իսկ ունի իր նախընտրելի թեկնածուն։
Նա, անդրադառնալով հարցին, թե այսօր ամենաշատը ինչի կարիք ունի Երեւանը, նկատեց․«Երեւանն այսօր ունի ժպիտի կարիք, կարծում եմ, որ եթե ժպտացող դեմքերն ավելանան, ամեն բան լավ կլինի։ Ամեն դեպքում դրական տեղաշարժերի հույս ունեմ»։
«Ժողովուրդ»-ը նաեւ հետաքրքրվեց՝ եթե մեր զրուցակիցը մայրաքաղաքի մշակութային կյանքում որեւէ բան փոխելու հնարավորություն ունենար, որտեղի՞ց կսկսեր․«Ես հնարավորության դեպքում էլ պարզապես չէի ուզենա իշխանական օղակներում հայտնվել, որովհետեւ ակամայից կսկսեի վարկաբեկվել»,- եզրափակեց Անդրանիկը։
Աննա Բաբաջանյան