ԱԻՆ-ում կայացավ ընդլայնված խորհրդակցություն. նոր նշանակումներ և նոր ծրագրեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 10-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ ընդլայնված խորհրդակցություն, որը վարեց նախարար Դավիթ Տոնոյանը: Այս մասին հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից:

Խորհրդակցության սկզբում նախարար Տոնոյանն աշխատակազմին նեկայացրեց նորանշանակ փոխնախարար Էնրիկո Ապրիամովին, նախանշեց նրա համակարգման ոլորտները, ինչպես նաեւ՝ անդրադարձավ վերջերս արված նոր նշանակումներին:

ՀՀ ԱԻ փոխնախարար Ապրիամովը համակարգելու եւ վերահսկելու է քաղաքացիական պաշտպանության ոլորտը, «Աղետների բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ը, Հայ-ռուսական հումանիտար կենտրոնի աշխատանքները՝ Ռուսաստանի Դաշնության հետ համագործակցությունն էլ ավելի խորացնելու նպատակով, ինչպես նաեւ՝ փոխնախարարը մասնագիտական խորհուրդներով կաջակցի Փրկարար ծառայությանը:

«Նշանակալի է Ձեր մեծ վաստակը Զինված ուժերում: Շնորհավորում ենք եւ հավատով ենք, որ երկար զինվորական ծառայության ընթացքում ձեռքբերված փորձն ու գիտելիքներն այսուհետ կներդրվեն արտակարգ իրավիճակների համակարգում»,- եզրափակեց նախարարը:

Նախարար Տոնոյանն անդրադարձավ նաեւ համակարգում վերջերս կատարված նոր նշանակումներին եւ ներկայացրեց ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Կարապետ Մարգարյանին, Քաղաքացիական պաշտպանության վարչության պետ, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանին, «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ տնօրեն Վարդան Գեւորգյանին: Նախարարը հաջող եւ արդյունավետ ծառայություն մաղթեց նորանշանակ պաշտոնյաներին:

Աշխատանքային խորհրդակցությանը նախարարը հանձնարարականներ ուղղեց տարբեր ոլորտների պատասխանատուներին: ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Մուշեղ Ղազարյանին հանձնարարվեց նշանակել մարզային փրկարարական վարչությունների աշխատանքի վերահսկման համակարգողներ եւ մշտապես ուշադրության կենտրոնում պահել մարզկենտրոնները:

Խորհրդակցությանը նախարար Տոնոյանը նախանշեց նաեւ Արտակարգ իրավիճակների նախարարության առաջիկա անելիքները, այն ուղղությունները, որոնք առաջնային լուծում եւ ուշադրություն են պահանջում:




Լրահոս