ԱԺ վերջին ընտրությունների նախընտրական սկանդալներից մեկը ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի ձերբակալությունն էր: Իշխանություններն այս քայլով հոգացել էին, որ ոչ միայն մեկուսացվի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած ՕՐՕ դաշինքի փաստացի համակարգողը, ըստ այդմ, չեզոքացվի հետընտրական զարգացումների հավանականությունը, այլեւ դաշինքի ներսում անվստահության ու կասկածի մթնոլորտ սերմանվի:
Հիշո՞ւմ եք` մարտի 22-ին ԱԱԾ-ն հայտարարեց հայ-վրացական սահմանով «Իգլա» հակահրթիռային համակարգի մասերի` մաքսանենգ ճանապարհով ներմուծման դեպքի բացահայտման մասին: ԱԱԾ-ում այդ կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում նույն օրը ձերբակալվեց նաեւ Սամվել Բաբայանը, որին հիմա մեղադրանք են առաջադրել զենքի ապօրինի տեղափոխումը պատվիրելու եւ կազմակերպելու համար:
Բայց այս պատմության մեջ ուշագրավը մեկ այլ հանգամանք է. կատարվածը բացահայտելու մեջ իրենց դերակատրություն էին ունեցել ոչ միայն ԱԱԾ, այլեւ ՊԵԿ համապատասխան օպերատիվ հետախուզական եւ արագ հակազդման բաժնի աշխատակիցները:
Իսկ այդ բաժնի պետի պաշտոնն այս տարվա փետրվարից զբաղեցնում է Արմեն Ալեքսանյանը` հայտնի ազատամարտիկ, ազգային անվտանգության գնդապետ Արթուր Ալեքսանյանի` Ամարասի Արթուրի որդին: Ինտրիգն էլ հենց այստեղ է. Ամարասի Արթուրը Սամվել Բաբայանի եւ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի թիմակիցներից էր: Սեյրան Օհանյանն ու Արթուր Ալեքսանյանը քավորսանիկական հարաբերություններ ունեն: Ավելին՝ Ալեքսանյանը ղեկավարում է «Միացյալ Հայաստան» նախաձեռնությունը եւ դեռ 2016թ. տարեվերջից հայտարարել էր խորհրդարանական ընտրությունների ժամանակ Սեյրան Օհանյանի կողքին կանգնելու, նրա գլխավորած ՕՐՕ դաշինքի օգտին աշխատելու մասին:
Ա. Ալեքսանյանը նաեւ ներկա էր գտնվել Օհանյանի կազմակերպած նախընտրական համաժողովին եւ նման այլ միջոցառումների: Զարմանալի զուգադիպությամբ նրա որդին ՊԵԿ օպերատիվ հետախուզական եւ արագ հակազդման բաժնի պետի պաշտոնը ստացավ այն բանից հետո, երբ Արթուր Ալեքսանյանը հայտարարեց Օհանյանին սատարելու մասին: Միաժամանակ զարմանալի զուգադիպությամբ «Իգլայի» ներմուծման պատմությունը բացահայտվեց, ու Սամվել Բաբայանը ձերբակալվեց հենց Ալեքսանյանի որդու` ՊԵԿ-ում պաշտոն ստանալուց հետո:
Կատարվածը, իհարկե, չէր կարող որոշակի հետեւանքներ չթողնել ՕՐՕ դաշինքի ներսում, հատկապես, Սեյրան Օհանյանի ու Սամվել Բաբայանի թիմակիցների մոտ, ու անվստահության մթնոլորտ չձեւավորվեր: Այնպես որ, այս առումով Սերժ Սարգսյանը բավական «նուրբ» գործեց` նրանց մեջ գցելով կասկածի որդը:
Ի վերջո, ինքներդ եք հասկանում` «Իգլայի» տեղափոխման ողջ գործընթացը մեկ օրվա մեջ չկազմակերպվեց, եւ ԱԱԾ-ն տեւական ժամանակ հետեւել է այս ամենին: Եւ երբ արդեն զենքի տեղափոխման հարցը որոշված է եղել, ՊԵԿ-ում տեղի ունեցավ այս նշանակումը, որպեսզի ձերբակալությունը հետո հենց Ալեքսանյանի վրա «մնա»` դրանից բխող բոլոր հետեւանքներով:
Այս ամենի համատեքստում մեկ այլ ուշագրավ փաստ. ՊԵԿ օպերատիվ հետախուզական եւ արագ հակազդման բաժինն ընդգրկված է ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության կազմում: Իսկ աղմկահարույց այդ իրադարձությունների ժամանակ մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետի պաշտոնը ժամանակավորապես թափուր էր: Սամվել Սանամյանը դուրս էր եկել համակարգից, ընդ որում, նա այդ պաշտոնից հրաժարվեց Սերժ Սարգսյանի կողմից գեներալ-մայորի կոչում ստանալուց մի քանի օր անց: Համակարգը լքելու իրական պատճառն այլ էր. ՀՀ ԸՕ 82-րդ հոդվածն արգելում է մի շարք պետական գերատեսչությունների, այդ թվում` մաքսային ծառայության աշխատակիցներին առաջադրել իրենց թեկնածությունը, եւ քանի որ Սանամյանին հանձնարարված էր ՀՀԿ ռեյտինգային ընտրացուցակով առաջադրվել Կոտայքի մարզն ընդգրկող թիվ 10 ընտրատարածքում, նա հեռացավ յուղոտ պաշտոնից՝ նշանակվելով վարչապետի խորհրդական: Բայց Սանամյանը հեռացավ ժամանակավորապես. ԱԺ ընտրություններից հետո հրաժարվեց պատգամավորական մանդատից (մերձավոր շրջապատում ասել էր, թե խորհրդարանը թոշակառուների ու անբանների տեղ է) ու մայիսի 4-ից կրկին նշանակվեց ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ: Սա էլ՝ իմիջիայլոց:
Չէ՞ որ այդպես հիմք է ստեղծվել արդարանալու, թե վարչության պետի բացակայության դեպքում որքան էլ ոլորտը համակարգեն ժամանակավոր պաշտոնակատարները (թեեւ այդպիսին չնշանակվեց) կառույցը նորմալ չի գործել, հետեւաբար աչքաթող են արել «Իգլա»-ի ներմուծումը, ու վերջում սրա պատասխանատվությունը կարող են գցել նաեւ ՊԵԿ օպերատիվ հետախուզական բաժնի պետի վրա: Ինչ-ինչ, բայց Սերժ Սարգսյանը ներպալատական խարդավանքների հարցում մրցակից չունի:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ