Մայիսի 23-ին ՀՀ սփյուռքի նախարարությունը, ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի աջակցությամբ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կազմակերպել էր դասական երաժշտության համերգ՝ նվիրված Լեհահայ համայնքի կազմավորման 650-ամյակին:
Համերգին մասնակցում էին ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը, Հայաստանում Լեհաստանի Հանրապետության դեսպանության քարտուղար Աննա Սվիտալսկան, ռազմական կցորդ Կոլոնել Դարիուս Մարինովսկին, լեհահայ համայնքի ներկայացուցիչներ, մտավորականներ, հյուրեր:
Արվեստագիտության թեկնածու, կոմպոզիտորների միության անդամ Նարինե Ավետիսյանը ներկայացրեց Լեհաստանի հայ համայնքի դարավոր պատմությունը, ձեռքբերումներն ու բերած նպաստը` երկրի զարգացման, հայ-լեհական հարաբերությունների ամրապնդման գործում, ինչպես նաև մանրամասնորեն անդրադարձավ լեհահայոց մեծ ներդրմանը լեհական մշակութային կյանքում: Արվեստագետը նշեց, որ համայնքի հայապահպանության, ինքնակազմակերպման գործում մեծ է Սփյուռքի նախարարության դերակատարությունը, ի մասնավորի 2009թ. Լեհահայերի 1-ին համաժողովին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի մասնակցությունը բացառիկ ոգևորություն է առաջացրել համայնքում, դարձել շրջադարձային խթան` հայի տեսակը, ավանդույթներն ու մայրենի լեզուն պահպանելու գործընթացում:
Հնչեցին լեհ հանրահայտ կոմպոզիտորներ Ֆեդերիկ Շոպենի, Հենրիկ Վենյավսկու, Գրժինա Բացեվիչի և Վիտոլդ Լյուիտոսլավսկու ստեղծագործությունները: Կատարումներով հանդես եկան Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի սաներ Տիգրան Պետրոսյանը, Անի Խաչունցը, Մարտին Շահբազյանը, Աշխեն Բաբալարյանը, Էմմա Լալայանը, Արմեն Պուչինյանը, Խաչիկ Անդրեասյանը, նվագացկեցին Հասմիկ Տեր-Անտոնյանը և Սուսաննա Երիցյանը: