Երեկ մեկնարկեց վեցերորդ գումարման խորհրդարանի առաջին նիստը: Այն ինտրիգով սկսվեց, երբ պարզ դարձավ, որ «Ելք» դաշինքի խորհրդարանական խմբակցությունը բոյկոտել է նիստի բացման արարողությունը, որի ընթացքում ելույթներով հանդես էին եկել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եւ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն: Դաշինքի անդամները դահլիճ եկան միայն նրանց հեռանալուց հետո:
Ավելի ուշ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը ներկայացրեց այդպես վարվելու պատճառները: Նրա խոսքով՝ Սերժ Սարգսյանը պարտավոր էր ապահովել ընտրությունների բնականոն գործընթացը, ինչը որ չի արել: «Մեր բոյկոտն անգործության դեմ էր ուղղված: Մեր բոյկոտը երկրի առաջին դեմքի՝ իր սահմանադրական պարտավորությունները չկատարելուն էր ուղղված», – «Ժողովուրդ»-ին փոխանցեց նա:
Այսքանով, սակայն, «Ելք» դաշինքի խորհրդարանական խմբակցության «անակնկալները» չսահմանափակվեցին: Ավելի ուշ, երբ ներկայացնում էին ԱԺ նախագահի թեկնածուներին, պարզվեց, որ այդ խմբակցությունը եւս իր թեկնածուն ունի` Էդմոն Մարուքյանը: ՀՀԿ-ի թեկնածուն էլ Արա Բաբլոյանն էր: Դահլիճում մթնոլորտը թեժացավ. հարցեր տրվեցին երկու թեկնածուներին էլ, սակայն, ինչպես եւ սպասելի էր՝ ԱԺ նախագահ ընտրվեց իշխանության ներկայացուցիչը. Արա Բաբլոյանը ստացավ 88 ձայն: Չնայած այդ հանգամանքին՝ փակ քվեարկության ժամանակ գեներալ-պատգամավոր Սեյրան Սարոյանը նկատեց. «Շան տղի Նիկոլը նենց խոսաց, քիչ էր մնացել՝ համոզեր»:
Մինչ Արա Բաբլոյանի ընտրությունը, նիստն անցկացնում էր ազգային փոքրամասնության ներկայացուցիչ Կնյազ Հասանովը (ՀՀԿ), ով իսկապես ողջ պատասխանատվությամբ էր մոտեցել իր առաքելությանը, ու թերեւս հենց դա էր պատճառը, որ հաճախ էր շփոթվում` չիմանալով, թե հաջորդ վայրկյանին ինչ պետք է ասի, ինչ անի: Բայց, իհարկե, խմբակցության գործընկերները հենց այդպիսի դեպքերի համար են. նրան հաճախ օգնության էին հասնում Էդուարդ Շարմազանովն ու Վահրամ Բաղդասարյանը: Ավելի ուշ լրագրողների հետ զրույցում Հասանովը չհերքեց, որ դժվարանում էր. «Առաջին անգամ էի նիստ վարում, տեխնիկական հարցեր կային, մի քիչ դժվարանում էի, ընդդիմադիրներ, դիմադիրներ, ինձ թվում է՝ երկրորդ անգամ լավ կլինի», – նշեց նա:
Իսկ ահա ԱԺ նախագահի թեկնածու հանդիսացող Արա Բաբլոյանն առավոտյան այնքան էլ հուզված չէր, չնայած գիտակցում էր նոր պաշտոնի ողջ պատասխանատվությունը: Ավելին՝ Բաբլոյանը նշեց, որ պատրաստ է խիստ լինել եւ իր մասնագիտությանը համարժեք գործողություններ կատարել: Մասնավորապես հարցին` ինչպես եք վարվելու չարաճճի պատգամավորների հետ, Բաբլոյանը պատասխանեց. «Ես մանկաբույժ եմ, չարաճճի երեխաների հետ աշխատելու իմ մեթոդն ունեմ»:
ԱԺ նախագահի ընտրության աժիոտաժից հետո կրքերը հանդարտվեցին եւ արդեն խորհրդարանի ղեկավարի պաշտոնը ստանձնած Արա Բաբլոյանն անցավ իր պարտականություններին` ներկայացնելով ԱԺ երեք փոխնախագահների թեկնածուներին: Նրանցից երկուսը ՀՀԿ-ական են` Արփինե Հովհաննիսյան եւ Էդուարդ Շարմազանով, երրորդն էլ «Ծառուկյան» դաշինքից` Միքայել Մելքումյան: Նրանց քվեարկությունը կկայանա այսօր:
Վեցերորդ գումարման խորհրդարանի ակտիվությանը շատ չէր զիջում գործադիրի երեկվա նիստը: Կեսօրին կառավարությունը հրաժարական տվեց, սակայն մի քանի ժամ անց Կարեն Կարապետյանը վերանշանակվեց իր պաշտոնում: Կառավարության նիստն էլ անցավ ավանդական դարձած հանձնարարականներով:
Չնայած վարչապետի վերանշանակումն արագ եղավ, սակայն կառավարության մյուս անդամները դեռեւս սպասման մեջ են: Ըստ տեղեկությունների՝ գործադիրի կազմն այնքան էլ չի փոփոխվելու, սակայն միեւնույն է՝ կառավարության անդամների մեծամասնությունը չգիտի` կվերանշանակվի՞, թե՞ ոչ:
Մասնավորապես ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Վարդան Արամյանը կոռեկտ չհամարեց սեփական աշխատանքին գնահատական տալը: «Եթե դուք ուզում եք, որ ես գնահատական տամ իմ աշխատանքին, դա կոռեկտ չէ: Ես կարծում եմ, որ ամեն դեպքում մաքսիմալ ջանքեր ներդրել ենք, որպեսզի մեր առջեւ դրված առաջադրանքները կատարենք», – «Ժողովուրդ»-ի հետ զրույցում փոխանցեց նա:
ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Վահան Մարտիրոսյանը եւս դեռ անորոշության մեջ է: Նա ամեն ինչ թողել է կուսակցության որոշմանը. «Ոնց որոշեն: Կուսակցությունը եւ կառավարությունը եթե որոշի ինչ-որ մարդու, կորոշի այնպիսի մեկի, ով կկարողանա իրագործել այդ ծրագրերը»: Իր վերանշանակման մասին դեռեւս ոչինչ չգիտի նաեւ ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Իգնատի Առաքելյանը: «Խոսակցություն չկա, չի եղել. եթե վերանշանակվեմ, այն ծրագրերը, որոնք ունեմ, անպայման կիրականացնեմ», – «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց նա: ՀՀ կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար Լեւոն Մկրտչյանը եւս իր ապագայի մասին չի շտապում ենթադրություններ անել: Նա մեզ խորհուրդ տվեց մի փոքր սպասել:
Ինչպես հայտնի է` կառավարության հրաժարականից հետո նոր վարչապետ նշանակվում է 10-օրյա ժամկետում, իսկ կառավարությունն էլ ձեւավորվում է 20-օրյա ժամկետում: Հաշվի առնելով, թե ինչ արագությամբ վերանշանակվեց վարչապետը, կարող ենք եզրակացնել, որ կառավարության ամբողջական կազմի նշանակումը եւս չի ուշանա:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԱՐՏԱԳԱՂԹԸ ԼՐԱՑՆՈՒՄ ԵՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԽՈՇՈՐԱՑՈՒՄՈՎ
Առաջիկայում նախատեսվում է իրականացնել համայնքների խոշորացման 30 ծրագիր: Այս ծրագրի վերաբերյալ որոշման նախագիծը երեկ ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացավ:
«Ժողովուրդը» տեղեկացավ, որ համայնքներ կխոշորացվեն ոչ միայն Արագածոտնի, այլեւ Տավուշի, Շիրակի, Լոռու, Սյունիքի, Վայոց ձորի, Կոտայքի մարզերի մի քանի գյուղեր: Մասնավորապես կխոշորացվեն Արագածոտնի մարզի Ապարան, Ալագյազ, Արագածավան, Ծաղկահովիտ, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Վարդենիս, Մասրիկ, Լոռու մարզի Ալավերդի, Ախթալա, Ստեփանավան, Տաշիր, Օձուն, Կոտայքի մարզի Բյուրեղավան, Եղվարդ, Չարենցավան, Ակունք, Մեղրաձոր, Քասախ, Ջրվեժ, Շիրակի մարզի Անի, Ախուրյան, Մարմաշեն, Սյունիքի մարզի Կապան, Սիսիան, Քաջարան, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Արենի, Եղեգիս, Տավուշի մարզի Իջեւան, Բերդ համայնքային փնջերում:
Ի դեպ, այս գործընթացի արդյունքում առաջիկայում գյուղապետերը իրենց լիազորությունները կդադարեցնեն: Սակայն նրանցից մեծ մասը համաձայն չէ համայնքների խոշորացման ծրագրին, եւ նրանք դրան հիմնականում դեմ են արտահայտվում` պնդելով, որ դրա արդյունքում գյուղերը ոչնչացվելու են: Բացի այդ՝ ըստ գյուղապետերի` համայնքների խոշորացման ծրագիրը ոչ բոլոր դեպքերում է համարվում արդարացված:
Իսկ համայնքների խոշորացմանը դեմ մասնագետները համոզված են, որ դրա արդյունքում գյուղերը անավասարաչափ կզարգանան: Ինչը չի կիսում կառավարությունը. գործադիրը գտնում է, որ խոշորացումն անհրաժեշտ գործընթաց է, եւ այս ծրագրի նպատակը ոչ թե գյուղերի միավորումն է, այլ կառավարման արդյունավետության բարձրացումը: Քանի որ ծրագրի իրականացման արդյունքում միջոցներն արդյունավետ կօգտագործվեն:
Տեղեկացնենք, որ գյուղերի ռեսուրսները կենտրոնացնելու եւ արդյունավետ ծախսելու նպատակով ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը մշակեց եւ անցած տարվա փետրվարի 14-ին իրագործեց համայնքների խոշորացման պիլոտային ծրագիր: Ավելի քան մեկ տարի է անցել, բայց խոշորացված համայնքների կյանքում ոչ մի բարեփոխում չի իրականացվել:
Նշենք, որ դեռեւս 2015 թվականին իրականացվեց երեք պիլոտային ծրագիր՝ Լոռու մարզի Թումանյան, Սյունիքի մարզի Տաթեւ, Տավուշի մարզի Դիլիջան համայնքային փնջերում: Այն, որ համայնքների խոշորացումից հետո այդ գյուղերի կյանքում ոչինչ չի փոխվել, փաստ է: Ավելին՝ «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ եղել են բացասական զարգացումներ, մասնավորապես գյուղապետարանների աշխատակազմերում կրճատումներ են տեղի ունեցել:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ՊՏՂԱՎԱՆՆ ԱՌԱՆՑ ԽՄԵԼՈՒ ՋՐԻ
Պտղավանը Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի՝ Վրաստանին սահմանակից գյուղերից է: Այն գտնվում է Դեբեդի աջ ափին, իսկ գետի ձախ ափին Մառնեուլիի շրջանի ադրբեջանաբնակ գյուղերն են: 1948թ. հիմնված գյուղը 925 բնակիչ ունի, որոնց գերակշիռ մասը Ադրբեջանի տարբեր շրջաններից փախստականներ են: Պտղավանի բնակիչները զբաղվում են այգեգործությամբ եւ հողագործությամբ: Նրանք «Ժողովուրդ»-ին հայտնեցին, որ արդեն երկու տարի է, ինչ գյուղը գազաֆիկացված է, սակայն գյուղացիները ֆինանսական հնարավորություններ չունեն գազատարից դեպի իրենց առանձնատներ բնական գազի խողովակներ անցկացնելու համար: Պտղավանցիները խիստ դժգոհեցին նաեւ խմելու ջրի հիմնախնդրի կապակցությամբ: Հայաստանի անկախանալուց հետո նրանք խմելու ջուր են ստացել Դեբեդի ափին փորված խորքային հորից, ջրամղիչ պոմպերի միջոցով: Խորքային հորի ջրի որակը շատ վատ է: Պտղավանցիները ասացին, որ այն պիտանի չէ խմելու համար, իրենք ստիպված այլ տեղերի աղբյուրներից են ջուր կրում: Նրանց խոսքերով՝ երբ իրենք խորքային հորի ջուրը ավտոմեքենայի մեջ են լցնում, ավտոմեքենան փչանում է: 2016թ. ամռանը կառուցվել է Այրում-Պտղավան խմելու ջրագիծը, որը Ստեփանավանի սարերի բարձորակ ջուրը պետք է հասցներ պտղավանցիներին: Գրեթե մեկ տարի է, ինչ ջրագիծը կառուցվել է, սակայն այն չի գործարկվել, գյուղի բնակիչները Ստեփանավանի ջրի երեսը չեն տեսել: Պտղավանցիների խոսքերով՝ ջրագիծը կառուցել են գազատար հին խողովակներով, ինչն անթույլատրելի է խմելու ջրատարի դեպքում:
Բացի այդ՝ խնդիրներ են ծագել՝ կապված ջրագծի արժեքի հետ: Գազաֆիկացման եւ խմելու ջրի հիմնախնդիրների վերաբերյալ զրուցեցինք Պտղավանի նախկին գյուղապետ, այժմ Պտղավանի վարչական ղեկավար Ռաֆիկ Օհանյանի հետ: Նա ասաց, որ գազատարից դեպի պտղավանցիների առանձնատներ խողովակներ անցկացնելու, դրանք զոդելու աշխատանքների համար խողովակի յուրաքանչյուրր գծամետրի հաշվով պտղավանցիների վճարը կազմում է 3 հազար դրամ: Պտղավանի 30 առանձնատուն արդեն գազաֆիկացվել է, այդ գործընթացը շարունակվում է: Ռ. Օհանյանն ասաց, որ առաջիկայում Պտղավանի գազատարի հանդիսավոր բացում կկատարվի: Համայնքապետը հայտնեց, որ պտղավանցիների տներում պետք է խմելու ջրի հաշվիչներ տեղադրվեն, որպեսզի նրանք դառնան բաժանորդներ: Ռ. Օհանյանը տեղեկացրեց, որ խոշորացված Այրում համայնքի (որը ներառում է նաեւ Պտղավան գյուղը) ղեկավար Արայիկ Պարանյանը մոտ 10 օր առաջ հանդիպել է «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի պաշտոնատարների հետ, որպեսզի Պտղավանի ջրամատակարարման հետ կապված խնդիրները լուծվեն: Պտղավանցիները երկար ժամանակ սպասում են Ստեփանավանի ջրին:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ