ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկն ու «Մայքրոսոֆթ» կորպորացիայի հայաստանյան ներկայացուցչությունը ստորագրված համագործակցության հուշագրի շրջանակում ՓՄՁ-ների համար «Բիզնեսի թվայնացում» թեմայով սեմինար-քննարկում են անցկացրել:
Բանկի գործառնական կառավարման գծով գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Նիկոլայ Հովհաննիսյանի խոսքով՝ միջոցառման հիմնական նպատակներն են գործընկերներին և հասարակությանը ներկայացնել թվային տեխնոլոգիաների արդի համաշխարհային միտումները, ցույց տալ դրանց կիրառման առավելությունները և գործնական հնարավորությունները: Մենք դա կիրականացնենք «Մայքրոսոֆթ»-ի հետ համատեղ, քանի որ վստահ ենք, որ առաջադեմ տեխնոլոգիաների կիրառումը լայն հնարավորություններ է տալիս ստարտափ կազմակերպություններին՝ ձեռք բերելու մրցակցային առավելություններ և մրցել խոշոր ու միջին ընկերությունների հետ:
Անդրադառնալով բանկում թվային տեխնոլոգիաների կիրառությանը՝ Նիկոլայ Հովհաննիսյանը նշեց. «Թվային տեխնոլոգիաների զարգացումը ՓՄՁ ոլորտին հնարավորություն կտա ընդլայնել գործունեության շրջանակը, բարձրացնել բիզնեսի արդյունավետության մակարդակն ու տնտեսության մեջ իր դերը: Ներկայում մեր թվային պրոդուկտներից օգտվում է հաճախորդների 10-15%-ը, և այս միջոցառման հիմնական նպատակներից է ավելացնել ՓՄՁ ոլորտի ներկայացուցիչների իրազեկվածության մակարդակը և ցույց տալ բիզնեսի թվայնացման առավելությունները՝ այդ թվում նաև մեր օրինակով»,- ասել է նա:
«Մայքրոսոֆթ» կորպորացիայի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Լիանա Կորկոտյանը ևս կարևորել է թվային տեխնոլոգիաների դերը բիզնեսի զարգացման գործում: «Գաղտնիք չէ, որ աշխարհը փոփոխվում է մեծ արագությամբ, և այդ փոփոխությունից զերծ չեն կարող մնալ նաև ՓՄՁ-ները. այս գործընթացը մենք անվանում ենք թվային տրանսֆորմացիա: Ցավոք, Հայաստանում դեռ լայն իմաստով բիզնեսի թվային տրանսֆորմացիա տեղի չի ունեցել, բայց հույս ունենք, որ նաև մեր համատեղ աշխատանքի շնորհիվ իրավիճակը կփոխվի, բիզնեսը կսկսի գիտակցել տեղեկատվական տեխնոլոգիաների արժեքն ու կարևորությունը: ԱԿԲԱ-ն մեծ աշխատանք է տանում փոքր և միջին ձեռնարկատերերի հետ, բարձրացնում նրանց գիտելիքները, իրազեկվածությունը համաշխարհային տենդենցների և բիզնես գործընթացների վերաբերյալ: Շատ ուրախ ենք նման գործակցության համար և շնորհակալ ենք ԱԿԲԱ բանկի թիմին՝ նախաձեռնելու համար: »,- ասել է Լիանա Կորկոտյանը:
Միջոցառմանը մասնակցում էին հայաստանյան ՓՄՁ ոլորտի ավելի քան 250 ներկայացուցիչ: Բիզնեսի թվայնացման վերաբերյալ նյութերին, թվայնացման առավելություններին ու ընձեռվող նոր հնարավորություններին այսուհետև կարող եք ծանոթանալ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի sme.acba.am պորտալի «Բիզնեսի թվայնացում» բաժնում: