Պետական պաշտոնյան արդարացվել է՝ հանցադեպի բացակայության հիմքով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի՝ պաշտոնեական կեղծիք, 1-ին մասով նախատեսված մեղադրանքում հռչակել է Արմեն Թորոսյանի անմեղությունը և արդարացրել նրան:
Այս մասին սոցցանցի իր էջում  գրառում է կատարել Արմեն Թորոսյանի պաշտպան, փաստաբան Երեմ Սարգսյանը՝ նշելով՝ հատկանշական է, որ ՀՀ սննդի անվտանգության պետական ծառայության Կենտրոնի տարածքային բաժնի պետ Արմեն Թորոսյանը դեռևս 2016թ. փետրվարի 3-ին ձերբակալվել էր խմբի կազմում կաշառք ստանալու կասկածանքով, որի համար որպես պատիժ էր նախատեսված ազատազրկում 4-10 տարի ժամկետով: Սակայն կաշառք ստանալու կասկածանքը չի հիմնավորվել և նրան մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական կեղծիք կատարելու համար:
«Ամբողջ նախաքննության ընթացքում հիմնավորում էինք, որ այս մեղադրանքը ևս անհիմն է, որ նա ընդհնարապես որևէ հանցավոր արարք չի կատարել, սակայն քրեական գործն, այնուամենայնիվ, այդ մեղադրանքով ուղարկվեց դատարան»,- նշում է Երեմ Սարգսյանը՝ հավելելով, որ շուրջ մեկ տարի տևած դատաքննության ընթացքում մանրամասնորեն վեր են հանվել մեղադրանքը հերքող բոլոր ապացույցները:

Փաստաբանն ընդգծում է, որ իրոք մրցակցային դատավարություն է տեղի ունեցել, դատական վիճաբանությունները և ռեպլիկները տևել են մի քանի դատական նիստ և ի վերջո դատարանն արդարացրել է Արմեն Թորոսյանին, ընդ որում` հանցագործության դեպքի բացակայության հիմքով: Այսինքն` դատարանն արձանագրել է, որ նրան վերագրվող հանցագործության դեպքն ընդհանրապես տեղի չի ունեցել:

«Շնորհակալ եմ դատավոր Արշակ Վարդանյանին իրական մրցակցային դատավարություն ապահովելու և արդար դատական ակտ կայացնելու համար»,- եզրափակել է իր գրառումը փաստաբանը:




Լրահոս