ՊՈՒՏԻՆԸ ԶԻՋԵ՞Ց «ՄԿԱՆՈՏ ՏՂԱՅԻ» ՏԻՏՂՈՍԸ ՄԱԿՐՈՆԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արեւմուտքում նոր իշխանությունների ձեւավորման հետ մեկտեղ ընթանում է Ռուսաստանի հետ հարաբերությունների ճշգրտման գործընթացը: Այդ շարքում արժանանշանակ է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցելությունը Ֆրանսիա եւ հանդիպումը նորընտիր նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Վերջինս ամբողջ թափով ներգրավվել է Եվրոպայի արտաքին քաղաքականության մեջ, եւ կարելի է ասել՝ դրսեւորվում է որպես մայրցամաքի նոր առաջնորդ:

Անշուշտ, Մակրոնի համար իրավիճակը նպաստավոր է: Սեպտեմբերին Գերմանիայում սպասվում են խորհրդարանական ընտրություններ, եւ Մերկելն օրինաչափորեն չի կարող գերակտիվ լինել արտաքին ճակատում, իսկ ահա Մեծ Բրիտանիան զբաղված է ԵՄ-ն լքելու խառնիճաղանջ գործերով: Արդյունքում Մակրոնը ազատ տարածք է ստացել՝ արտաքին քաղաքական ակտիվ ձեռնարկներ իրացնելու եւ եվրոպական առաջնորդների շարքում գերակա դիրքեր զբաղեցնելու համար: Հարկ է հաշվի առնել այն հանգամանքը, որ նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդը չափազանց պասիվ էր իրեն պահում միջազգային հարթակներում եւ Մակրոնի կողմից իրացված առաջին իսկ քայլերը նաեւ ակնառու են նրա հետ համեմատություններ անցկացնելիս: Մակրոնի ընտրությունը նշանավորվեց նաեւ ծայրահեղ ազգայնականության նկատմամբ հաղթանակով` էլ ավելի ընդգծելով նախկին բանկիրի անհատականությունը: Ի դեպ, նրա ինքնավստահությունն էլ անհիմն չէ, երբ հաշվի ենք առնում, որ երկար տարիներ եղել է Ռոդշիլդների բանկիրը` աշխարհի ֆինանսական այդ կարեւորագույն կենտրոնի ներկայացուցիչը: Այս բոլոր գործոններով պայմանավորված` Մակրոնը ձգտելու է Եվրոպայի արտաքին քաղաքականության հիմնական դիրիժորը դառնալ, ինչը դրսեւորվեց Թրամփի հետ նրա հանդիպման ժամանակ եւ անգամ ձեռքսեղմումների կադրերում:
Մակրոնի արտաքին քաղաքական հաջորդ ռաունդը դարձավ ՌԴ նախագահ Պուտինի հետ կայացած 3-ժամանոց հանդիպումն ու իր իսկ խոսքերով՝ «ծայրահեղ անկեղծ եւ ուղիղ զրույց», որի ժամանակ միմյանց ասվել է «գրեթե ամեն ինչ»: Ֆրանսիայի նախագահի կարծիքով` միմյանց հայացքներում տարբերությունները հսկայական են, սակայն կարեւոր է, որ գոնե այդ մասին կարող են անկաշկանդ խոսել: Զրույցը չի շրջանցել որեւէ թեմա` սկսած երկուստեք հարաբերություններով եւ վերջացրած Սիրիայի, Ուկրաինայի, Լիբիայի, Կորեայի հարցերով: Մակրոնը հայտնել է, որ պատրաստ է ՌԴ-ի հետ հարաբերությունները կառուցել հանդիպման ժամանակ գերակայած ընկերական մթնոլորտի հիման վրա, սակայն Սիրիայի ու պատժամիջոցների հարցում դիրքորոշումը պահպանելու է իր կոշտությունը: Մակրոնը շարունակել է իր վստահ տոնը` Պուտինի առաջ խայտառակ քննադատության ենթարկելով ռուսական պետական հեռուստաընկերություններին: Ըստ Ֆրանսիայի նախագահի` ռուսական ԶԼՄ-ները իր ընտրության օրերին հանդես են եկել որպես «ստախոս պրոպոգանդա»: Նկատելով, որ ինքը օտարերկրյա լրագրողների հետ միշտ էլ փորձել է պահպանել լավագույն հարաբերությունները` Մակրոնը ռուսական ԶԼՄ-ների ներկայացուցիչներին որակել է որպես «կեղծ լրագրողներ»: Հատկանշական է, որ Մակրոնի այս խոսքերին Պուտինը չի արձագանքել մամուլի ասուլիսի ժամանակ, եւ միայն դրանից հետո է նրա մամուլի քարտուղարը պնդել, որ Մոսկվան համաձայն չէ Մակրոնի բնորոշումների հետ: Իսկ ասուլիսի ժամանակ Պուտինը անդրադարձել էր ֆրանսիական ընտրությունների վրա ռուսական ազդեցության թեմային` պնդելով, որ դա անհեթեթություն է: Մարտ ամսին Մակրոնի մրցակից Լը Պենին հյուրընկալելու առթիվ ՌԴ նախագահը պատասխանել է, որ դա սոսկ քաղաքավարության դրսեւորում է եղել եւ պարզապես չէր բխի ֆրանս-ռուսական բարեկամությունից, եթե մերժեր Լը Պենին ընդունելություն ցույց տալ: Պուտինի պնդմամբ` դա ոչ մի կերպ չի կարող դիտվել որպես ընտրությունների արդյունքների վրա ազդելու միջոց, եւ վերջապես ազդելն էլ «գրեթե անհնարին է»:
Երկու նախագահների հանդիպումը փաստորեն առաջինն էր մայիսի 26-27-ին Սիցիլիայում կայացած G7 երկրների առաջնորդների գագաթնաժողովից հետո, որտեղ քննարկման հիմնական թեման առնչվել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցերին: Գագաթնաժողովի եզրափակիչ հայտարարության տեքստում ՌԴ-ի դեմ պատժամիջոցների վերացման հարցը ներառված չէր եւ նույնիսկ անուղղակիորեն խոսք էր գնում անհրաժեշտության դեպքում խստացման մասին: Փաստորեն, Մակրոնին էր վերապահված Պուտինին փոխանցելու մեծ տերությունների պատգամը եւ հաշվի առնելով դեպքերի ընթացքը` Ֆրանսիայի նախագահը պատվով է կատարել այդ առաքելությունը: Փարիզում ՌԴ նախագահին ընդունեցին Վերսալի պալատում, որտեղ անցկացվում էր Ռուսական ցար Պետրոս Առաջինի` Փարիզ կատարած այցելության 300-ամյակին նվիրված ցուցահանդեսը: Խորհրդանշական է, որ պատմական այդ այցից հետո Պետրոսը Ռուսաստանում կենսական ռեֆորմներ իրականացրեց` եվրոպական ուղեծիրը բացելով ռուսների առաջ:
Իսկ մամուլի ասուլիսը տրվեց նույն պալատի ամենամեծ դահլիճում, որը նվիրված է Ֆրանսիայի ռազմական հաղթանակների 14 դարերին: Ցուցադրականությանը զուգահեռ` Մակրոնը չի զլացել բացեիբաց հայտարարելու, որ ռազմական այդ հաղթանակները երբեք չպիտի մոռացության մատնեն այն փաստը, որ դրանք սոսկ հասկացողության անընդունակության արդյունք էին: Ֆրանսիայի նախագահն անուղղակիորեն հասկացրել է Պուտինին, որ ռազմական հաղթանակները ոչ մի տեղ տանող ճանապարհ են, եւ դրանք հետեւանք են պարզ անհասկացողության: Մակրոնը չի շեղվել արեւմտյան առաջնորդների մտածողությունից` ակնարկելով, որ Ուկրաինայի արեւելքում եւ Սիրիայում ռազմական գործողությունների դադարեցման պահանջ է դրել Պուտինի առաջ: Բնական է, որ արեւմուտքն էլ է ցանկանում վերջ տալ ռազմական էսկալացիաներին` տնտեսական գործակցության դուռը բացելով Ռուսաստանի հետ: Վերջինս նույնպես, թվում է, հոգնել է սառը պատերազմը հիշեցնող լոկալ ռազմական ընդհարումներից եւ կարիք ունի տնտեսական գործակցության: Ակնկալելի է, որ հուլիսին Համբուրգում կայանալիք G20-ի առաջնորդների հանդիպման ժամանակ կկայանա նաեւ Թրամփ-Պուտին առանձնազրույցը, եւ գուցե այդ ժամանակ հստակեցվի Կրեմլի ու Արեւմուտքի հարաբերությունների օրակարգը:

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 
ՀԱՅԱՍՏԱՆԸ 3600 ԵՎՐՈ ԿՎՃԱՐԻ ԻՐԱՆԻ ՔԱՂԱՔԱՑՈՒՆ

Հայաստանը 3 հազար 600 եվրո կվճարի Իրանի քաղաքացի Ավանես Ավաքեմյանին: Այս նպատակով ՀՀ կառավարությունը առաջիկայում 3600 եվրո կհատկացնի արդարադատության նախարարությանը: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը «Ավաքեմյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը կայացրել է այս տարվա մարտի 30-ին:

ԱՆ-ն պետք է ՄԻԵԴ-ի վճռով սահմանված հատուցման գումարը վճարի մինչեւ հունիսի 30-ը: Նշենք, որ ՀՀ-ի դեմ բողոքն Ավանես Ավաքեմյանը ներկայացրել է 2009 թվականին: Ըստ հայցվորի` իշխանությունները չեն իրագործել իր օգտին կայացված վերջնական վճիռները: Ի դեպ, գործը վերաբերում է պարտքի վճարման հետ կապված անհատների միջեւ վեճին, որը չկարգավորվելու դեպքում այն պետք է իրագործեին դատական կատարածուները: Սակայն 2005, 2007 եւ 2008 թվականներին դատարանի կայացրած վճիռները, որոնք դրական են եղել հայցվորի համար, չեն իրագործվել 2007 թվականի հոկտեմբերի 24-ից 2012 թվականի փետրվարի 13-ը, ինչը նշանակում է, որ դատական վճիռների չիրագործումը տեւել է չորս տարի եւ երեք ամիս: Այսինքն՝ կառավարությունը չի տրամադրել փաստարկ այդ հետաձգումն արդարացնելու համար: Այդ պատճառով ՄԻԵԴ-ը վճռել է, որ Հայաստանի իշխանությունները խախտել են մարդու իրավունքների հռչակագրի վեցերորդ հոդվածը, ինչպես նաեւ հռչակագրի համար 1 արձանագրության առաջին հոդվածը, որը երաշխավորում է սեփականության իրավունքը:
Ստացվում է, որ Հայաստանի դատական պաշտոնյաների սխալների համար այսօր վճարում է սովորական հարկատուն, տուժում է Հայաստանի պետական բյուջեն:

Ս. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 
«ՅՈՒՂՈՏ» ՊԱՇՏՈՆՆԵՐԸ ԹԱՓՈՒՐ ԵՆ
Իջեւանի անտառտնտեսության եւ ՀՀ բնապահպանության նախարարության «Դիլիջանի ազգային պարկ» ՊՈԱԿ-ի անտառներում մեծ թվով ապօրինի ծառահատումներ հայտնաբերվելուց հետո ազգային պարկի եւ նշված անտառտնտեսության տարածքներում ապօրինի հատումների վերաբերյալ քրեական գործեր հարուցվեցին: Այդ պատճառով բնապահպանական պետական տեսչության Տավուշի տարածքային բաժնի պետ Արտյոմ Մանուչարյանը սեփական դիմումի համաձայն ազատվեց զբաղեցրած պաշտոնից: Իջեւանի անտառտնտեսության տնօրեն Սուրեն Մանուկյանը նշված ժամանակաշրջանում գտնվում էր արձակուրդում, որովհետեւ ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններում Տավուշի մարզն ընդգրկող թիվ 13 ընտրատարածքում ՀՅԴ տարածքային թեկնածու էր: Ս. Մանուկյանը ընտրվեց պատգամավոր եւ այժմ խորհրդարանում է: Բնապահպանական պետական տեսչության Տավուշի տարածքային բաժնի եւ Իջեւանի անտառտնտեսության տնօրենների պաշտոնները թափուր են: Մայիսի 16-ին 3 ամիս ժամկետով Իջեւանի անտառտնտեսության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արթուր Գաբրիելյանը, ով մինչ այդ նույն անտառտնտեսության տնօրենի տեղակալն էր: Բացի նրանից՝ Իջեւանում շրջանառվում են անտառտնտեսության տնօրենի հավակնորդների այլ անուններ: Թե ով կդառնա Իջեւանի անտառտնտեսության տնօրեն, պարզ կդառնա 3 ամիս հետո՝ օգոստոսին:

 

 

ԱՂԲԱՄԱՆՆԵՐԻ ԳՈՂԵՐԸ
Եվրամիության դրամաշնորհային ծրագրով 2016թ. Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի եզրին՝ Բաղանիս-Ջուջեւան հատվածում եւ Ոսկեվան գյուղում, 6 տեղ բետոնյա կառույցներ էին սարքվել, որոնց մեջ տեղադրել էին չժանգոտող մետաղից աղբամաններ: Սակայն անհայտ անձինք այդ աղբամաններից մի քանիսը եւ դրանց կափարիչները գողացել էին: Այդ ժամանակ Ջուջեւանի ղեկավար Ժորա Չիլինգարյանը դիմել էր ոստիկանության Նոյեմբերյանի բաժին: 2016թ. օգոստոսի լույսի 21-ի գիշերը Ջուջեւան գյուղի հարավային մուտքի մոտ ոստիկաննները տեսել են, թե ինչպես «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը պոկել է աղբամանը եւ այն տեղավորել իր ավտոմեքենայում: Այդ ավտոմեքենան կանգնեցվել էր Ջուջեւանի հարեւան Բաղանիս գյուղի տարածքում: Պարզվել էր, որ աղբամանի գողը Գավառ քաղաքի 39-ամյա բնակիչ է: Վերջինս ասել էր, որ գողացած աղբամանը տեղադրելու էր Գավառ քաղաքում գտնվող իր առանձնատան բակում: Ջուջեւան համայնքի վարչական ղեկավար Արթուր Չիլինգարյանն ասաց, որ վերջերս արձանագրվել է աղբամանի գողության նոր դեպք: Մի քանի օր առաջ անհայտ անձը գիշերը միջպետական ավտոճանապարհի եզրին՝ Ջուջեւանի կենտրոնում գտնվող գերեզմանատան մոտի աղբամանը դատարկել է աղբից եւ գողացել: Դեպքի կապակցությամբ ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում քննություն է կատարվում: Ա. Չիլինգարյանը հայտնեց, որ դրամաշնորհային նշված ծրագրով ստացված 28 աղբամանից 4-ը գողացել են, իրենք մնացած աղբամանները բետոնյա կառույցների մեջ բետոնով ամրացրել են, որպեսզի դրանք էլ չգողանան:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս