Հայաստանի կառավարությունը ՀՀ գլխավոր դատախազությանը առաջիկայում 150 մլն դրամ կհատկացնի: Նշված գումարով դատախազությունը պատրաստվում է խրախուսել դատախազներին: Նշենք, որ բյուջետային շատ հիմնարկներ ունեն արտաբյուջետային հաշիվներ, որի հաշվին կարողանում են պարգեւատրել աշխատակիցներին: Իսկ դատախազների պարգեւատրման նպատակով ընդհանրապես գումարներ չեն նախատեսվել, չնայած նրան, որ «Դատախազության մասին» օրենքով որպես դատախազի խրախուսման միջոց նախատեսված է նաեւ դրամական պարգեւ:
Թե կոնկրետ որ արժանիքի համար են խրախուսվելու դատախազները, հայտնի չէ: Բայց ըստ դատախազության հիմնավորման` դատախազներին խրախուսում են ծառայողական պարտականությունները պատշաճ կատարելու, աշխատանքային հաջողությունների եւ այլ վաստակի համար:
Թե դատախազները ծառայողական ինչ պարտականություններ են պատշաճ կատարել, սա եւս չի գաղտնազերծվում, բայց չբացառենք այն հանգամանքը, որ այս քայլը մեկ նպատակ է հետապնդում: Հիշենք միայն, որ օրեր առաջ ՀՀ Գեղարքունիքի մարզային դատախազության դատախազ Սեւակ Շհոյանը եւ դատական համակարգի այլ պաշտոնատար անձինք կաշառք վերցնելու գործով կալանավորվեցին:
Ուստի չի բացառվում, որ դատախազներին խրախուսելը պայմանավորված լինի նրանով, որ վերջիններս զերծ մնան կաշառք վերցնելուց: Արդյոք այս միլիոնները զերծ կպահեն դատախազներին կոռուպցիոն գործարքներին գնալուց, ցույց կտա ժամանակը: