Ինչպես են անցել ընդունելության քննությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետությունում 2017 թվականի միասնական քննությունների առաջին փուլի վերաբերյալ Գնահատման և թեստավորման կենտրոնը ոչ ընթացակարգային, ոչ բովանդակային դիմումներ չի ստացել։

«Արմենպրես»-ի հետ զրույցում Գնահատման և թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) տնօրեն Արայիկ Իսպիրյանն ասաց, որ միասնական քննություններն անցել են բավականին հարթ և խաղաղ պայմաններում։

«Այս տարվա քննությունները կարելի է ասել իդեալական են անցել։ Ամեն առարկայից նախորդ տարիների համեմատ գնահատականները տարբեր են։ Կան առարկաներ, որ այս տարի անհամեմատ ավելի բարձր են գնահատականները, և կա նաև հակառակ պատկերը։ Հիմնականում, եթե ընդհանուր գնահատենք, ամենաբարձր ցուցանիշները եղել են օտար լեզուներից, որտեղ միջին միավորը 15-ն էր։ Ամենացածր միավորները ունեցել ենք ռուսաց լեզվից և ֆիզիկայից։ Ֆիզիկայի դեպքում միջին միավորը 11-ն էր, իսկ ռուսաց լեզվից՝ 10»։

Հունիսի 23-ին՝ ռուսաց լեզվի քննությանը պետք է մասնակցեր 547 դիմորդ, բայց բացակաների թիվը ԳԹԿ տնօրենը դեռ չասաց, քանի որ դեռ մշակման փուլում է։ Նրա խոսքով՝ կա նախնական հետազոտություն՝ ռուսաց լեզվի միջին միավորը մոտ 10 է։

Այդ առարկայից ավելի հստակ տվյալներ, Արայիկ Իսպիրյանի պնդմամբ, կլինեն հունիսի 26-ին։ «Այս պահին կարող եմ ասել, որ կարծես թե երկու հոգի 20 են ստացել, բայց դա դեռ վերջնական մշակումը չի։ Հետազոտված է միայն 60 տոկոսը»,- նշեց Իսպիրյանը։

ԳԹԿ տնօրենը ներկայացրեց նաև հունիսի 20-ին կայացած «Հայոց պատմություն» առարկայի գնահատականները։ «Հայոց պատմության քննությանը մասնակցել է 1167 դիմորդ։ Անբավարար գնահատական են ստացել մասնակից դիմորդների 16,5 տոկոսը։ Առավելագույն 20 միավոր է ստացել 35 հոգի»,- նշեց Արայիկ Իսպիրյանը։

«Քիմիա» առարկայի քննությանը մասնակցել է 928 դիմորդ։ Նրանցից 15,5 տոկոսն անբավարար է ստացել, իսկ 20 միավոր է ստացել մասնակիցներից 44-ը։

Հունիսի 23-ը Հայաստանում միասնական քննությունների առաջին փուլի վերջին օրն էր։




Լրահոս