Բժշկական սարքը գողանալու կասկածանքը նոր քրեական գործի հիմք է դարձել: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ՀՀ քաղաքացի Ցոլակ Ղարսլյանի պատկանող բժշկական սարքը հափշտակել են եւ վերջինիս կասկածներ է ունեցել, որ իրեն պատկանող բժշկական սարքը հափշտակել է Ռազմիկ Թուսինյանը: Արդյունքում Ցոլակ Ղարսլյանը իր ընկերների` Շավարշ Գևորգյանի, Վարուժան Կաջոյանի, Տարոն Դումոյանի հետ համաձայնության է եկել, որ Թուսինյանին պետք է առեւանգեն եւ ստիպեն, որ ըստ էության ասի, թե ինքն է տարել բժշկական սարքը, թե` ոչ : Եվ ահա 2016 թվականի սեպտեմբերի 9-ին տղաների խումբը ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի շենքի դիմաց տեղակայված ավտոկայանատեղից բացահայտ առևանգել է Թուսինյանին:
Ըստ էության տղաները առեւանգելուց հետո որոշել են, թե ուր պետք է տանեն իրենց «թիրախին»: Տեղեկացանք, որ առեւանգելուց հետո տղաների խումբը Ռազմիկ Թուսինյանին տեղափոխել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող ամայի տարածք: Ամենայն հավանականությամբ վերջիններս ամայի տարածք հասնելով հասկացել են, որ տարածքը ապահով չէ եւ իրենց կարող են բռնել, որոշել են իրենց «զոհին» մեկ այլ վայր տեղափոխել: Այսիպսով տղաների խումբ Շավարշ Գեւորգյանին պատկանող «Նիսսան» մակնիշի 50 QC 050 հաշվառման համարանիշի ավտոմեքենայով Թուսինյանին տեղափոխել են Արարատի մարզի Արգավանդ գյուղի Կենտրոնական փողոցի 9 տան հասցեում գտնվող արտադրամաս, որտեղ էլ սկսվել է «կռիվ կինոն»:
Տղաները սկսել են ծեծի ենթարկել Թուսինյանին՝ ձեռքբերով եւ ոտքերով հարվածներ հասցնելով վերջինիս մարմնի տարբեր մասերին: Տղաները, տեսնելով, որ Թուսինյանից չեն կարողանում որեւէ բան պարզել, թե արդյոք նա է հափշտակել Ղարսլյանին պատկանող բժշկական սարքը, նոր մեթոդների են դիմել:
Օրինակ Շավարշ Գևորգյանը մետաղյա ձողով հարվածներ է հասցրել Թուսինյանի մեջքին, հարթաշուրթով քաշել են նրա ականջը, իսկ ահա տղաներից Վարուժան Կաջոյանը ծեծի ենթարկելու ժամանակ, պոլիէթիլենային տոպրակ է քաշել Թուսինյանի գլխին եւ որոշակի ժամանակ վերջինիս զրկել շնչելու հնարավորությունից։
Ասել է, թե մեկ բժշկական սարքը տղաներին ստիպել է անմարդկային քայլերի դիմել, ինչն էլ քրեական գործի հիմք է դարձել: Այս արարքի համար Ցոլակ Ղարսլյանին, Շավարշ Գևորգյանին, Վարուժան Կաջոյանին, Տարոն Դումոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1 եւ 2 կետերով` մարդուն առևանգելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով: Այն պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով: