«Երևանյան ամառ 2017». կայացել է մանկական բարեգործական առաջին ներառական վազքարշավը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Երևանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրով Երևանի քաղաքապետարանի և «Հայ մայրեր» բարեգործական ՀԿ համագործակցությամբ, մայրաքաղաքի Բուսաբանական այգում տեղի է ունեցել «Երեխաները՝ հանուն երեխաների» երևանյան մանկական բարեգործական առաջին ներառական մրցավազքը։ Միջոցառման գլխավոր նպատակը հատուկ կարիքներ ունեցող երեխաներին հասարակության լիարժեք անդամ դիտարկելն ու հանրային կյանքում ընդգրկելն է, ինչպես նաև բոլոր երեխաների մոտ փոքր տարիքից մարդասիրության և փոխօգնության գաղափարներ սերմանելը։

Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը նշել է, որ քաղաքապետարանն այսուհետ ևս իր լիազորությունների շրջանակում մշտապես սատարելու է հատուկ կարիքներ ունեցող երեխաներին, հնարավորին նպաստելով նրանց խնդիրների լուծմանը: Ընդգծելով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից այս միջոցառման նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունքը՝ քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության պետը տեղեկացրել է, որ քաղաքապետի հանձնարարությամբ մանկական բարեգործական ներառական մրցավազքը կդառնա ամենամյա՝ հուլիսի 1-ը վերածելով հատուկ կարիքներով երեխաների խորհրդանշական օրվա:

«Հայ մայրեր» կազմակերպության հիմնադիր նախագահ Նարինե Մանուկյանն էլ իր հերթին նշել է, որ Երևանի քաղաքապետարանը մշտապես եղել է «Հայ մայրեր» բարեգործական ՀԿ վստահելի ու անշահախնդիր գործընկերը, ինչի վկայությունը համատեղ կյանքի կոչված բազմաթիվ ծրագրերն են:
Տարիքային երկու խմբերի համար կազմակերպված վազքարշավին մասնակցել են բոլոր ցանկացողները, որպեսզի երեխաները կարողանան ճիշտ ընկալել սահմանափակ կարողություններ ունեցող անձանց խնդիրները և պատրաստակամություն դրսևորեն աջակցելու նրանց՝ հաղթահարելու դժվարությունները:

Առավոտյան նախավարժանքից հետո, առաջինը մրցատարածությունում ուժերը չափել են 3-7 տարեկան փոքրիկները: Այստեղ հաղթող է ճանաչվել Դավիթ Օհանյանը, երկրորդ ու երրորդ տեղերը զբաղեցրել են Մհեր Առաքելյանն ու Արամ Մուրադյանը: Այնուհետ պայքարի են դուրս եկել 7-14 տարեկանները: Այս տարիքային խմբում ուժեղագույնն է ճանաչվել Գեորգի Ավանեսովը, նրան հաջոդրել են Ալեքսանդր Սակունցն ու Գևորգ Զատիկյանը: Վազքարշավի հաղթողները պարգևատրվել են մեդալներով ու նվերներով, իսկ մասնակից բոլոր փոքրիկ վազորդները ստացել են խորհրդանշական մեդալներ: Հատուկ կարիքներ ունեցող երեխաներին, ովքեր չեն կարող ինքնուրույնաբար հաղթահարել մեկ կիլոմետր վազքատարածությունը, ուղեկցել են Armenian Charity Runners Team-ի վազորդները, ովքեր «Հայ մայրեր» ՀԿ շահառու երեխաներին ուղեկցում են տարբեր վազքարշավների ընթացքում։ Վազքարշավը եզրափակվել է համերգով:
Բարեգործական վազքարշավից ստացված միջոցներն ուղղվելու են ուղեղային կաթված ունեցող 8 երեխաների համար հատուկ կանգնակ գնելուն:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն




Լրահոս