Տավուշի մարզի բազմաթիվ համայնքապետարաններ պարտք են 2012-2015 թվականներին պետական աջակցության ծրագրով Տավուշի մարզին հատկացված աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացուի դիմաց տրվելիք գումարներ: Տավուշի մարզպետարանի աշխատակազմից «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ առանձին համայնքներ այդ սերմացուի դիմաց մեծ պարտքեր ունեն:
Օրինակ, Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Աչաջուր համայնքի պարտքը սերմացու ցորենի գծով կազմում է 9 միլիոն 812 հազար դրամ, Գետահովիտ համայնքինը՝ 7 միլիոն 224 հազար, սահմանամերձ Կոթի համայնքինը՝ 9 միլիոն 265 հազար, Կողբինը՝ 5 միլիոն 132 հազար դրամ: Ընդհանուր առմամբ՝ Տավուշի մարզի 37 համայնքներ աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացուի դիմաց պետությանը պարտք են 111 միլիոն 772 հազար 200 դրամ: Այդ խնդիրը պարբերաբար քննարկվում է Տավուշի մարզխորհրդի նիստերում, սակայն հարցը չի լուծվում:
Ոսկան Սարգսյան
Տավուշ