«Ժողովուրդ» թերթը գրում է. «Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին երեկ իրականացրել է առաջին ուղեւորափոխադրումը: Նկատենք, որ թեեւ արտաքուստ երկաթուղու միջոցով Թուրքիան եւ Ադրբեջանը Վրաստանի տարածքով ապահովում են արեւելքի եւ արեւմուտքի միջեւ կապը, բայց գործնականում սա լրջագույն հարված է Հայաստանի համար: Այդ ամենի հետեւանքով Հայաստանը վերջնականապես դուրս մնաց հարեւան երկրների հետ համագործակցության ծրագրից, ճիշտ այնպես, ինչպես շատ ավելի վաղ դուրս էր մնացել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի կառուցումից:
Հայաստանի վրա այս երկաթուղու կառուցման բացասական հետեւանքների մասին խոսվել է դեռ 2008 թվականից, երբ ներկայացվեց նախագիծը: Սակայն իշխանությունները սկզբում փորձում էին հանգստացնել, թե այն ձախողված ծրագիր է, երբեք իրականություն չի դառնա: Բայց արդեն այս տարվա հունվարին ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հայտարարեց, թե երկաթուղու կառուցումից հետո Երեւանը բանակցություններ է սկսելու՝ նպատակ ունենալով հասնել ՀՀ-ի եւ Թուրքիայի միջեւ երկաթուղային փոխադրումների իրականացմանը:
Սակայն ակնհայտ է, որ այս հարցում իշխանությունները դատապարտված են ձախողման: Ի վերջո, գոնե Ադրբեջանի եւ Թուրքիայի համար երկաթուղու կառուցումը նաեւ Հայաստանի մեկուսացումը խորացնելու նպատակ ունի, եւ որեւէ գնով չեն նահանջի այդ նպատակից: Մինչդեռ ժամանակին հնարավոր էր երկաթուղու կառուցման համար միլիոնավոր դոլարներ ծախսելու փոխարեն շահագործել նաեւ Գյումրի-Կարս երկաթգիծը եւ այդպես ապահովել կապը: Իսկ ահա Իրան-Հայաստան երկաթուղին, որը կարող էր այլընտրանք դառնալ, եւ որի կառուցման մասին դեռ 2008թ. հայտարարել էր Սերժ Սարգսյանը, այդպես էլ իրականություն չի դառնում»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: