Հայ-ամերիկյան համագործակցության շրջանակներն ընդլայնվում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն ընդունել է Եվրոպայում և Մերձավոր Արևելքում ԱՄՆ առևտրի ներկայացուցչի տեղակալ Դանիել Մուլլանիին և նրա գլխավորած պատվիրակության
ներկայացուցիչներին: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը, նախարարության այլ պաշտոնյաներ:

Նախարար Կարայանը ողջունելով հյուրերին, նշել է` «Ուրախ եմ հանդիպելու Ձեզ հետ, և քննարկելու մեր հետագա համատեղ զարգացմանն ուղղված քայլերը, մենք մեծ ճանապարհ ունենք անցնելու, որովհետև այն ներուժը, որ կա մեր երկրների տնտեսական հարաբերություններում ամբողջովին իրացված չէ և մենք հակված ենք, որպեսզի ավելի ինտենսիվ իրար հետ աշխատենք: Մենք շատ շահագրգռված ենք, որպեսզի ամերիկյան ներդրումներ լինեն Հայաստանի Հանրապետությունում և պատրաստ ենք մեծ ներդրումային ծրագրերի համար քննարկել հատուկ բարենպաստ ռեժիմները»:

Նախարարը նաև պատրաստակամություն է հայտնել ՀՀ և ԱՄՆ-ի միջև ստորագրված Առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագրի (TIFA) շրջանակներում շատ ակտիվ քննարկումներ ունենալ հատկապես այն հարցերի շուրջ, որոնցով հետաքրքրված են ամերիկյան բիզնեսի ներկայացուցիչները, և տալ այնպիսի լուծումներ, որ ԱՄՆ բիզնեսի համար ավելի հեշտ լինի մուտքը Հայաստան:

«Մենք անչափ կարևորում ենք Հայաստանի հետ մեր տնտեսական հարաբերությունները: Ես և իմ թիմը ժամանել ենք Հայաստան մեր երկրների միջև ստորագրված առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագրի շրջանակում
դիտարկելու երկկողմ առևտրի ու ներդրումների ընդլայնման ուղիները, որը երկուստեք շահավետ կլինի մեր տնտեսությունների համար», – նշել է Եվրոպայի ու Մերձավոր Արևելքի գծով ԱՄՆ առևտրի ներկայացուցչի տեղակալ
Լ.Դանիել Մուլանին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ և ԱՄՆ-ի միջև ստորագրված Առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագրի (TIFA) շրջանակներում տարվող աշխատանքների վերաբերյալ հարցեր: Մասնավորապես անդրադարձ է կատարվել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության համակարգմամբ աշխատանքային խմբերում ութ ուղղություններով իրականացվող աշխատանքներին և քննարկումներին` առևտուր և ներդրումներ, առևտրի տեխնիկական խոչընդոտներ, սանիտարական և բուսասանիտարական հարցեր, մաքսային հարցեր, մտավոր սեփականության իրավունք, բարեփոխումներ աշխատանքի ոլորտում, բնապահպանություն, պետական գնումների ոլորտ և այլն:

Հատկապես կարևորվել է երկու երկրների միջև գործարար կապերի ակտիվացումը: Նախարարի առաջին տեղակալ Գ.Մելքոնյանը նշել է, որ հարկավոր է ակտիվացնել համագործակցությունը, երկխոսության ապահովման ճանապարհով, հատկապես այն ուղղություններով, որոնք իրենց հետ կբերեն ԱՄՆ բիզնեսի հետ հարաբերությունների ակտիվացման և ավելացրել, որ բիզնեսների միջև կապը TIFA-ի շրջանակներում քննարկվող ամենակարևոր ուղղություններից մեկն է:

Նա նաև կարևորել է առաջիկայում համատեղ նիստի անցկացման հնարավորությունը: Համաձայնագրով հիմնված Հայաստան-ԱՄՆ առևտրի և ներդրումների հարցերով խորհուրդը հայկական կողմից նախագահում է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը, իսկ ամերիկյան կողմից` ԱՄՆ առևտրի ներկայացուցչի գրասենյակը:




Լրահոս