Նախարարը քաղաքական պատասխանատվություն չի՞ կրում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չնայած ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ենթակայության տակ գտնվող հիմնարկություններում պարբերաբար բացահայտվող կոռուպցիոն սկանդալներին` նախարար Արտեմ Ասատրյանը շարունակում է պաշտոնավարել` չկրելով անգամ քաղաքական պատասխանատվություն:

Այսօր նախարարն «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ, պատասխանելով Երեւանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանի հարցին, թե նախարարությունում բացահայտված կոռուպցիոն սկանդալներից ու ձերբակալություններից հետո որն է նրա երկարակեցության գաղտնիքը, որեւէ հստակ պատասխան չի տվել. «Համակարգում իսկապես լրջագույն բարեփոխումներ են իրականացվում, եւ դա վերջին տարիների մեր քաղաքականության արդյունքն է:

Եթե մենք խոսում ենք որեւէ խնդրի մասին, պետք է ամրագրենք, որ վերհանված խնդիրներն առաջին հերթին մեր կատարած աշխատանքների արդյունքն են, քանի որ երբեւէ մենք համակարգում չենք թաքցրել որեւէ խնդիր»:

Իսկ քաղաքացի Կարեն Սարգսյանի հարցին, թե կոռուպցիոն սկանդալներից հետո արդյոք կրո՞ւմ է քաղաքական պատասխանատվություն եւ ճիշտ չէ՞ր լինի, եթե հրաժարական տայիք, ինչպես ընդունված է քաղաքակիրթ երկրներում, Արտեմ Ասատրյանն կրկին հստակ պատասխան չի տվել: «Երբեւէ ինձ համար պաշտոն զբաղեցնելը նպատակ չի եղել եւ չէ: Նաեւ վստահեցնում եմ, որ այդ առումով որեւէ խնդիր կամ կառչելու որեւիցե նպատակ եմ ունեցել ու էլ ունեմ»,- ասել է նա:

Փաստորեն, դեռ պետք է շնորհակալություն հայտնենք Արտեմ Ասատրյանին, որ չի թաքցրել նախարարությունում կոռուպցիոն սկանդալները, այսինքն` քրեական հանցանք չի գործել (ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածը պատիժ է սահմանում հանցանքը պարտակելու համար):

Եւ հավանաբար, հենց դրա համար էլ այսօր Ասատրյանն այսպես հանգիստ է զգում իրեն: Ուշադրություն դարձրեք մեկ փաստի վրա եւս. Արտեմ Ասատրյանը քաղաքական պատասխանատվություն կրել-չկրելու մասին հարցին այդպես էլ կոնկրետ պատասխան չի տվել, ավելին` չնայած պնդումներին, որ պաշտոնից կառչած չէ, չի շտապում հրաժարական ներկայացնել` պրակտիկա, որն ընդունված է աշխարհի բոլոր քաղաքակիրթ երկրներում:

Արման Գալոյան




Լրահոս