Հուլիսի 29-ին նախատեսված համաքաղաքային շաբաթօրյակի կազմակերպմանն ու անցկացմանն առնչվող հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային ընդլայնված խորհրդակցության ժամանակ, որը վարել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը:
Խորհրդակցությանը մասնակցել են մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարներ, Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերի համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուներ:
Խորհրդակցության մասնակիցներին ներկայացնելով ըստ նախապես կազմված ցանկերի և ժամանակացույցների հստակեցված այն տարածքները, որոնցում մարդկանց մասնակցությունից զատ կգործարկվի նաև մասնագիտացված տեխնիկա՝ Կամո Արեյանը հանձնարարել է խստորեն վերահսկել, որ նախատեսված աշխատանքներն իրականացվեն հավուր պատշաճի:
Նշվել է, որ համաքաղաքային շաբաթօրյակի ընթացքում տեխնիկական աջակցություն կապահովեն նաև շինարարական և կենսապահովման բնագավառի գործընկեր կառույցները, այդ թվում նաև կուտակված աղբը աղբավայրեր տեղափոխելու գործում:
Հաշվի առնելով, որ համաքաղաքային շաբաթօրյակին ներգրավվելու ցանկություն են հայտնել նաև մայրաքաղաքի տարածքում գործունեություն ծավալող ՀԿ-ները, պետական և մասնավոր ընկերությունները, հանձնարարվել է բոլոր մասնակիցներին ապահովել համապատասխան գործիքներով ու պարագաներով:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն