«Նաիրիտ» գործարանում բռնկված հրդեհից հնարավոր է մրի և ածխածնի օքսիդի արտանետում. ծուխն Արարատյան դաշտավայրով կգնա դեպի Թուրքիայի տարածք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 28-ին ժամը 13-ի սահմաններում հրդեհ է բռնկվել «Նաիրիտ» գործարանի 2-11 պահեստային տարածքում, որտեղ կուտակված են լաքէթինոլ և տոլոլ քիմիական նյութերը:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի և ՀՀ ԲՆ «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից կատարվել են մթնոլորտային օդի և ջրային ռեսուրսների աղտոտվածության նմուշառումներ, որոնց արդյունքները պատրաստ կլինեն առաջիկա ժամերին: Այս նյութերի այրումից մթնոլորտ հնարավոր է մրի և ածխածնի օքսիդի արտանետում:

Տոքսիկ նյութերի արտանետումը բացառվում է: Ներկայում ԱԻՆ աշխատակիցների կողմից իրականացվում են հետմարման աշխատանքներ:

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ «Նաիրիտ» գործարանի տարածքում պայթյունից և դրա հետևանքով բռնկված հրդեհից որևէ քաղաքացի մարմնական վնասվածք չիստացել։

Հրդեհաշիջման աշխատանքների ընթացքում ծխահարված երկու հրշեջներն այս պահին անհրաժեշտ բժշկական օգնություն են ստանում «Էրեբունի» բժշկական կենտրոնում։ Նրանք առողջական լուրջ խնդիրներ չունեն և ամենայն հավանականությամբ այսօր դուրս կգրվեն։

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոնի տվյալներովայրվող լաքէթինոլ նյութը բնակչության առողջության համար վտանգ չի ներկայացնում։  Այնուամենայնիվ, ՀՀ առողջապահության նախարարությունը հորդորում է բնակչությանը`

  • Հրդեհին մոտ գտնվող և այն տարածքներում, որտեղ զգալի են դրա հետևանքով առաջացած արգասիքները (փոշի, անսովոր հոտ, ծուխ) փակել բնակարանների դռները և պատուհանները։
  • Նույն տարածքներում խուսափել երկար ժամանակ դրսում մնալուց։ Այս հորդորն առաջին հերթին վերաբերում է երեխաներին, ծերերին և շնչառական հիվանդություններ (հատկապես` ասթմա, բրոնխիտ) ունեցողներին։

ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի տվյալներով ժամը 17-ից հետո սպասվում է քամի հյուսիս-արևելքից դեպի հարավ-արևմուտք, ինչը նշանակում է, որ ծուխն  Արարատյան դաշտավայրով կգնա դեպի Թուրքիայի տարածք։




Լրահոս