ՌԴ-Ն ԱՄԵՆ ԻՆՉ ԿԱՆԻ, ՈՐ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՉՍՏՈՐԱԳՐՎԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին երեկ «Ազատության» հետ զրույցում հայտարարել է, որ պաշտոնական Բրյուսելը պատրաստվում է Եվրամիություն-Հայաստան նոր համաձայնագրի ստորագրմանը: Դեսպանի խոսքով՝ «այնտեղ հիմա նախապատրաստում են թուղթն ու թանաքը»՝ փաստաթղթի ստորագրման համար:

«Ես հենց նոր եմ ժամանել Բրյուսելից, Երեւանում վայրէջք եմ կատարել առավոտյան ժամը 5-ին եւ համաձայնագրի ստորագրման նախապատրաստման համար պատասխանատու բոլոր անձանց հետ իմ զրույցներն ամփոփելով՝ կարող եմ ասել, որ ամեն ինչ ընթանում է իր հունով: Մարդիկ շատ քրտնաջան աշխատում են, որպեսզի կարողանանք համաձայնագիրը ստորագրել նոյեմբերին՝ Արեւելյան գործընկերության գագաթնաժողովին», – նշել է նա:
Չնայած Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավարը լիահույս է, որ այդ համաձայնագիրն, այնուամենայնիվ, այս անգամ կստորագրվի, սակայն Եվրախորհրդարանի պատգամավոր Յարոմիր Շտետինան կարծում է, որ պաշտոնական Մոսկվան ամեն կերպ կխոչընդոտի Հայաստանի՝ ԵՄ-ի հետ համաձայնագիր ստորագրելուն:
«Ժողովուրդ» օրաթերթը այս առիթով զրուցել է Եվրախորհրդարանի պատգամավոր, ազգությամբ չեխ Յարոմիր Շտետինայի հետ:
-Պարո՛ն Շտետինա, Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին հայտարարել է, որ ամեն ինչ պատրաստ է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը ստորագրելու համար: Ի՞նչ եք կարծում՝ այս անգամ, ի վերջո, այն կստորագրվի՞:
-Ես կարծում եմ, որ համաձայնագիրը պետք է ստորագրվի: Ես չեմ կարող ասել՝ այն կստորագրվի, թե ոչ, սակայն կարող եմ ասել, որ այն պետք է ստորագրվի: Քանի որ Հայաստանը եվրոպական երկիր է եւ պատկանում է Եվրոպային:
-Նախորդ անգամ Հայաստանը հայտարարեց Մաքսային միության հետ պայմանագրի մասին: Այս անգամ, ի՞նչ եք կարծում, նման անակնկալներ կլինե՞ն:
-Ես կարծում եմ, որ Ռուսաստանն ամեն ինչ կանի, որպեսզի այդ համաձայնագիրը չստորագրվի: Հայաստանը կարեւոր տարածք է ՌԴ-ի համար, եւ վերջինս պահում է Հայաստանին, որպեսզի այն լինի միայն Եվրասիական տնտեսական միության կազմում:
-Ի՞նչ կտա մեզ ԵՄ-ի հետ համագործակցությունը, եթե մենք գտնվում ենք մեկ այլ տնտեսական միության կազմում:
-Ես կարծում եմ, որ տնտեսապես պետք է օգնել Հայաստանին, որպեսզի այն ելք ունենա դեպի Սեւ ծով, որպեսզի բացվի Կարսի երկաթգիծը, որպեսզի Հայաստանը հեռացված չլինի ԵՄ-ից: Իսկ որպեսզի այն լինի, պետք է գործընկերներ լինեն: Իհարկե, հեշտ չի լինի, սակայն պետք է ընդգծել, որ Թուրքիայի՝ ԵՄ անդամ դառնալը մոտ ժամանակներս չի լինի, դա շատ հետագայի հարց է, քանի որ Եվրախորհրդարանը խորհուրդ է տվել դադարեցնել բոլոր խոսակցությունները Թուրքիայի հետ ասոցացման համաձայնագիր ունենալու մասով: Նաեւ ես կարծում եմ, որ առանց քաղաքականության չի կարող լինել նաեւ լավ տնտեսություն եւ հակառակը, իսկ եթե Վրաստանը մտնի ԵՄ, ապա մեծ հնարավորություններ կբացի Հայաստանի համար: Հայտնի է, որ Հայաստանը չունի շատ գործընկերներ, եւ ԵՄ-ն մեծ ուժ է, եւ պետք է ուժեղ գործընկերներ գտնել: Պետք է օգտվել բոլոր հնարավորություններից, որոնք առկա են եւ որոնք չեն խոչընդոտում Հայաստանի՝ ԵՏՄ անդամ լինելուն: Մենք պետք է փորձենք եվրոպական միտումներ ներմուծել Հայաստան եւ այնպես անել, որ երկու կողմերին էլ շահավետ լինի:
-Այսինքն՝ կարծո՞ւմ եք, որ Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելը սխա՞լ որոշում էր:
-Տնտեսական առումով եւ կարճաժամկետ կտրվածքով միգուցե այդ որոշումը ճիշտ էր, սակայն երկարաժամկետ առումով ԵՄ-ն Հայաստանի համար ավելի ձեռնտու կլիներ: Հատկապես այս համատեքստում կարեւոր է, որ Հայաստանը շահագրգռվածություն ցուցաբերի ԵՄ-ի հետ հետագա համագործակցության տեսանկյունից: Սա հենց ՀՀ-ի որոշումն է եղել, եւ հենց նա պետք է որոշի իր տնտեսական կառուցվածքին վերաբերող հարցերը: Միեւնույն ժամանակ պետք է հասկանալ, որ Ռուսաստանն ուժեղ խաղացող է: ԵՏՄ անդամակցությունն արդեն փաստ է, ԵՄ-ն հաշվի է առնում այդ համագործակցությունը, եւ ես լիահույս եմ, որ զարգացումները դրական ուղղությամբ են ընթանալու:

 

 

 
ԱՄԵՆ ԻՆՉ ՆՎԻՐՈՒՄ ԵՆՔ ՌՈՒՍՆԵՐԻՆ

Երեկ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում բազմաթիվ նախագծեր քննարկվեցին, որոնք հիմնականում վերաբերում էին ՌԴ-ի հետ ռազմաքաղաքական համագործակցության հետ կապված հարցերին:

Մասնավորապես երեկ հանձնաժողովում դրական եզրակացություն ստացավ ՀՀ եւ ՌԴ միջեւ միջպետական համաձայնագրերի շրջանակներում ՀՀ զինված ուժերի համար բացառապես ռազմական նշանակության արտադրանքի ներմուծումն ավելացված արժեքի հարկից ազատելու մասին հարցը: Նախագծի քննարկման ժամանակ նշվեց, որ ՀՀ զինված ուժերի համար ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման նկատմամբ ավելացված արժեքի գծով արտոնություններ սահմանված չեն, սակայն կարեւորվեց այդ արտոնության սահմանումը:
Պատգամավորը ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Դավիթ Անանյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է նման արտոնություն սահմանվում միայն ՌԴ-ի համար, եւ արդյո՞ք առաջիկայում այլ նախագծեր եւս կլինեն: Վերջինս, ինչպես նաեւ քննարկմանը ներկա ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը ընդգծեցին, թե առաջիկայում նման նախագծեր կարող են լինել, եւ միայն ՌԴ-ի հետ այսպիսի որոշումը պայմանավորեցին այդ երկրի հետ ռազմաքաղաքական համագործակցությամբ:
ՌԴ-ի հետ կապված մյուս նախագիծը վերաբերում էր ՀՀ եւ ՌԴ պաշտպանության նախարարությունների կողմից ստորագրված փաստաթղթի վավերացմանը, որը վերաբերում էր երկու երկրների միջեւ զինած ուժերի զորքերի միացյալ խմբավորման մասին համաձայնագրին:
Նախագծի հիմնական զեկուցող Արտակ Զաքարյանը նշեց, թե միացյալ խմբավորման միջոցով հնարավոր կլինի պատասխան տալ զինված հարձակմանը, այդ թվում՝ ագրեսիային, ինչպես նաեւ համատեղ անվտանգության դեմ սպառնալիքներին ու մարտահրավերներին:
«Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը հարցրեց՝ օդային հարձակման դեպքում Հայաստանը կարո՞ղ է ինքնուրույն որոշում կայացնել եւ գործողություններ իրականացնել, թե՞ պետք է ստանա Ռուսաստանի համաձայնությունը: «Ապրիլին, երբ Տավուշի ուղղությամբ կրակում էին, Ռուսաստանը ոչ մի արձագանք չտվեց, իրենց համար նվեր էր, մենք ԵԱՏՄ մտանք առանց Ղարաբաղի, ձեռ քաշեցինք Ղարաբաղից, հիմա նվեր տվեցինք մեր օդային տարածքը: Ամեն ինչ ինչի՞ ենք տանում, դնում Ռուսաստանի վերահսկողության տակ», – նշեց Միքայելյանը:
Ի պատասխան՝ Զաքարյանը նշեց. «Չի նշանակում, որ ՀՕՊ համակարգի ղեկավարը կամ ամեն ինչը ռուսն է: ՀՕՊ համակարգի ղեկավարը շարունակում է մնալ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը, որի հրամաններով համակարգը շարունակում է մնալ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը, որի հրամաններով համակարգը շարունակում է իր անմիջական պարտականությունները կատարել»:
«Ելք»-ի պատգամավոր Գեւորգ Գորգիսյանն էլ հարցրեց՝ համաձայնագրում նշված է, որ ներքին ագրեսիայի դեպքում էլ զորախումբը կարող է գալ, հուլիսյան դեպքերի նման խնդիրների ժամանակ կարո՞ղ են գալ, իսկ Զաքարյանն էլ նշեց, թե այդ դեպքերի ժամանակ նույնիսկ մեր ԶՈՒ-ն անելիք չունի, ուր մնաց դրսից գան: Ի վերջո, այս հարցը դրվեց քվեարկության. ձեռնպահ քվեարկեց Դավիթ Մանուկյանը, դեմ՝ Սասուն Միքայելյանը:

Նյութերը՝ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ

 

 

 
ՁԱՅՆԵՐԻ ՀԵՏՔԵՐՈՎ
ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Ադրբեջանին զենքի վաճառքի թեմային, ուշագրավ հայտարարություն է արել. «Ժամանակին ռուսական կողմից հնչում էին ձայներ այն մասին, որ եթե իրենք չանեն, ապա այլ պետություններ կանեն: Ես առաջարկել էի /ես չեմ ասում, որ դա պետական կամ ԱԳՆ որոշումն է, իմ առաջարկն է/, քանի որ ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահները ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ են, ունեն բավարար ներուժ, հնարավորություն, փորձեն հասնել նրան, որ լինի նման գոտիներում, մասնավորապես մեզ մոտ, զենքի մատակարարման էմբարգո: Դա կլիներ հարցի լուծում, որեւէ պետություն չէր կարողանա ասել, որ եթե ես չվաճառեմ, ուրիշից կգնեն»:
Քոչարյանը չի հստակեցրել, թե երբ է այդ առաջարկը ներկայացրել` երբ ինքն ընդդիմադի՞ր էր, թե՞ արդեն փոխնախարարի պաշտոնը ստանձնելուց հետո: Անկախ այդ հանգամանքից՝ նկատենք` որքան էլ հիմա փոխնախարարը հայտարարի, թե անձնական տեսակետն է ներկայացնում, միեւնույն է, նրա խոսքերն ընկալվում են որպես պաշտոնյայի դիրքորոշում: Ու զարմանալի է, թե ինչո՞ւ այսքանից հետո Հայաստանը չի փորձում այս հարցում հանդես գալ նախաձեռնությամբ:
Մեկ ուշագրավ փաստ էլ. երբ «Ռ-էվոլյուցիա» հաղորդաշարի շրջանակներում Սերժ Սարգսյանին ասել էին, թե Ռուսաստանն Ադրբեջանին զենք վաճառելը մեկնաբանել է, որ սա բիզնես է, արվում է հակամարտող երկրների միջեւ հավասարակշռությունն ապահովելու համար, նա հակադարձել էր. «Ես երբեւէ չեմ լսել ռուսական կողմի պատասխանը, գոնե հրապարակավ»: Այնինչ՝ հիմա ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը միանգամայն հակառակն է պնդում` հերքելով Սերժ Սարգսյանին:

 

 

ՊՆ-ԻՑ ԿՐԿԻՆ ԲԵՆԶԻՆ ԵՆ ԳՈՂԱՆՈՒՄ
Պաշտպանության նախարարության պաշտոնատար անձինք շարունակում են բանակից բենզին հափշտակել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ իրավապահները նման դեպք են բացահայտել` կապված ՀՀ ՊՆ զորամասերից մեկի ավտոծառայության պետ Արթուր Շամիրյանի հետ: Ըստ այդմ, ավտոծառայության պետ Արթուր Շամիրյանին վստահվել է զորամասին պատկանող 3210լ ավտոբենզին եւ 1868լ դիզելային վառելիքը: Բայց նա օգտվելով իր պաշտոնեական դիրքից՝ յուրացրել է այն` զորամասին պատճառելով 1 միլիոն 480 հազար 740 դրամի վնաս: Ավելին՝ իրավապահները պարզել են, որ ՊՆ պաշտոնյան թաքցնելով իր այդ գործողությունները՝ 2017 թվականի մարտ եւ ապրիլ ամիսների տեղեկագրերում ակնհայտ կեղծ տեղեկություններ է մտցրել: Եվ ահա այս արարքի համար նրան մեղադրանք է առաջադրվել յուրացման եւ պաշտոնական փաստաթղթեր կեղծելու համար: Վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ չհեռանալու մասին:




Լրահոս